Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է, շփման գծում գտնվում են խաղաղապահներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս պահին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը հետևողականորեն իրականացվում է: Շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ «բոլորին շատ լավ հայտնի է, որ պահանջվել են Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, կրակի լիակատար դադարեցման հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար»:
«Ընդ որում, մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, մասնավորապես նրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,- ասել է Պուտինը:
Կարդացեք նաև
Իր ելույթում Ռուսաստանի նախագահը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործղությունների գոտում հայտնված մարդկանց օգնություն ցուցաբերելու հարցը:
«Հիմա կարևոր է համատեղ օգնություն տրամադրել ռազմական գործողությունների շրջանում տուժած մարդկանց: Օգնություն տրամադրել մարդասիրական խնդիրների, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմության, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված խնդիրների լուծման համար»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ