Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացիների կողմից կառավարության եւ ազգային ժողովի շենքեր, վարչապետի կեցավայր ներխուժման փաստի առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հրապարակել էր հաղորդագրություն եւ տեսանյութ՝ այդ թվում իրազեկելով, որ ենթադրյալ զանգվածային անկարգություններին մասնակից անձանց մեջ մեծ թիվ են կազմել, այդ թվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության անդամները:
«Այլընտրանք» հ/կ համահիմնադիր, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մանթաշյանը, որի մասնակցությամբ կադրերը եւս ներառված են ԱԱԾ տեսանյութում, Aravot.am-ի հետ զրույցում նախ նշեց. «ԱԱԾ-ն շատ ավելի կարեւոր խնդիր ունի լուծելու, քան սերիալային մակարդակի հայտարարություններ անելը: Մինչեւ մեզ անդրադառնալը՝ կային մի շարք հարցեր, որոնց ԱԱԾ-ն պետք է պատասխաներ՝ ո՞նց եղավ, որ թուրքական գումարներով հ/կ-ներ սկսեցին գործել, ո՞նց եղավ, որ Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց «շպիոնների» միջոցով կարողացան այստեղ իշխանություն զավթել, ո՞նց եղավ, որ ըստ Արայիկ Հարությունյանի՝ ԱԱԾ «սպեցնազը» փախավ պատերազմից, ո՞նց եղավ, որ պետության սահմանափակ միջոցներով անպիտան զենքեր գնվեցին եւ այլն: Այս 2,5 տարում, երբ քանդվում էին պետության հիմքերը, ԱԱԾ-ն լուռ կատարում էր քաղաքական պատվերները»:
Ինչ վերաբերում է իր գործունեությանը, Նարեկ Մանթաշյանը համոզմունք հայտնեց, որ ԱԱԾ-ն մանիպուլացնում է հասարակական կարծիքը. «Ես օրերս հրապարակել էի Ջալալ Հարությունյանի հրամանն այն մասին, որ ես ամսի երեսունից պատերազմական ամենաթեժ կետերից մեկում եղել եմ վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել գործողություններին: Հետո, բնականաբար, ցասումից ելնելով՝ գնացել ենք կառավարական շենքի մոտ, որովհետեւ այդ պահին ունեցել ենք գիտակցում, որ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրած երկրի ղեկավարը գոնե բացատրություն պետք է տա հանրությանը, թե ինչու է այդպես արել: Զրո պատասխան…իսկ տեղում բավականին շատ սադրիչներ են եղել, որոնք կազմակերպել են այդ գործողությունները: Ես հրապարակել եմ Աշոտ Փաշինյանի ընկերոջ նկարը, որը ցուցանակներ էր պոկում: Նա կարծես ամենագործուն մասնակիցներից էր, որին ԱԱԾ-ն այդպես էլ չանդրադարձավ որեւէ դրվագով: Նա վարչապետի դռան ցուցանակն էր պոկում»:
Հարցին՝ պնդում եք, որ կառավարության շենքում դուք եւ ձեր ընկերները հանցակազմ պարունակող որեւէ գործողություն չե՞ք իրականացրել, Նարեկ Մանթաշյանը պատասխանեց. «Այս ամենին քաղաքական երանգ տալու փորձը չի ստացվելու, որովհետեւ իրավական հարթությունում մեղադրանքը փլուզվել է: Ինձ առաջադրվել էր երեք հոդվածով մեղադրանք, ձերբակալված եմ եղել երեք օր, հետո դատարանի վճռով ազատ արձակվել: Դատարանը մերժել էր ինձ կալանավորելու միջնորդությունը եւ շեշտել, որ իմ առնչությամբ բացակայում է որեւէ հանցավոր գործունեություն իրականացնելու հիմնավոր կասկած: Ոչ միայն ես եմ պնդում, որ հանցավոր գործողություններ չենք իրականացրել, այլեւ դա հաստատվել է դատարանի նշյալ վճռով: Քննիչները պնդել են, որ հիմնավոր կասկած կա, սակայն դատարանը գտել է, որ այն բացակայում է, իրականում հիմնավոր էլ չի, եւ իմ հանդեպ անգամ ստորագրությամբ չհեռանալու որոշում չկա: Այս ամենից ԱԱԾ-ն տեղյակ է: Ես նաեւ ինքնակամ եմ գնացել եւ ցուցմունք տվել: Ես եղել եմ կառավարությունում, իսկ ԱԺ-ում գտնվել եմ Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում, որտեղ փորձել ենք քննարկել եւ իրավիճակից ելքեր գտնել: Հազարավոր մարդկանցից միայն ինձ առանձնացնելն ու քաղաքական բովանդակություն հաղորդելը նշանակում է, որ ԱԱԾ-ն շեղվել է իր բուն գործառույթից եւ կատարում է քաղաքական պատվեր»:
Կարդացեք նաև
ԱԱԾ-ի այսօրվա հաղորդագրությունում նաեւ ասվում է. «…Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը»: Այս առնչությամբ էլ Նարեկ Մանթաշյանը նշեց. «Փոքր-ինչ հետ է պետք գնալ: Այս դավաճանական գործողությունն ու կապիտուլյացիոն ակտի ստորագրումը մի օրով չէին պայմանավորված, այլ վաղուց ծրագրված էին՝ սկսած իշխանազավթման պահից: Այդ օրից բոլոր սլաքներն ուղղվել են Արցախի համար ներդրում ունեցող, Արցախի հերոս անձանց հանդեպ: Արցախը հանձնելու հիմնական խանգարող ուժը եղել է Ռոբերտ Քոչարյանը, որի հանդեպ քաղաքական հետապնդում սկսվեց՝ մեկուսացնելու նպատակով, որպեսզի դավադիր պլանը հասցվի վերջնարդյունքի: Չմոռանանք Արցախի մեկ այլ հերոսի հանդեպ ԱԱԾ-ի «տուշոնկա-շոուները»: Այսինքն, ԱԱԾ-ն պլանավորված սատարել է դավադիր պլանին, ինչի համար ցավ եմ ապրում, որովհետեւ որպես քաղաքացի՝ իմ անվտանգությունն ապահովում են քաղաքական պատվեր կատարողները: Նման մարդկանց ազգային անվտանգությունը վստահելն անընդունելի է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ