«Այն պատգամավորները, որոնք խմբակցությունը լքում են ու մանդատ են վայր դնում, ինչ-որ տեղ հասկանալի է, փորձում են իրենց ուժերն օգտագործել այլ գործունության բնագավառում: Դա ընդունելի է: Իսկ նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում ու պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ, շատերը ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային, օգտագործելով քաղաքական իրավիճակը՝ դարձել են պատգամավոր եւ վայր չեն դնում մանդատը, առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթ երեւույթ այդ պատգամավորի համար: Փաստորեն ստացվում է, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակն ունի հազար տեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորների մասին՝ ասաց նույն խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ըստ նրա, եթե այլ ելք ունենար պատերազմը, այդ պատգամավորները հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած-չարածի համար. «Երբ դժվար իրավիճակ է լինում ու մարդիկ ասում են՝ ոչ, մենք լայն իրավիճակների ընկեր ու համախոհ ենք, դժվար իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում»:
Խոսելով խմբակցությունից դուրս եկած Գոռ Գեւորգյանի հայտարարության մասին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Որեւէ հիմնավորում իմ համար ընդունելի չէ: Եթե մանդատը թողեին ու գնային՝ կհարգեի: Գոռ Գեւորգյանը եւ շատ մարդիկ եկել ու դարձել են պատգամավոր ոչ իրենց հեղինակության շնորհիվ ու մի հատ ընտրություն որ լինի, հլը փորձենք տեսնենք քանի՞ ձայն են հավաքում ՀՀ-ում, երեւի երկնիշ թվերով կարող է լինի: Դա ազնիվ չէ: Գոռ Գեւորգյանն իմ ընկերն է եղել, ես ցավով եմ տանում, բայց գտնում եմ, որ որեւէ հիմնավորում չունի: Դժվար պահին դու թողես գնաս՝ որեւէ մեկդ չեք հարգի ձեր կողքի ընկերոջը»:
Հարցին՝ դուք ընկեր պահելու խնդի՞ր ունեք թե՞ պետություն ու պետականություն պահելու խնդիր ունեք՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այո, պետություն պահելու խնդիր ունենք, բայց բեռը պետք է վերցնես ուսերիդ, ոչ թե փախչես»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք իշխանական պատգամավոր եք, մինչեւ նոյեմբերի 9-ը իմացե՞լ եք ինչ փաստաթուղթ է ստորագրվելու՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ չի իմացել, բայց Արցախից այդ օրերին ահազանգ է ստացել, որ այլեւս հնարավոր չէ շարունակել, պետք է դադարեցնել, ժամերի, րոպեների խնդիր կա, այն ուժերը, որոնք հիմա գտնվում են Շուշիում, ոտքով էլ եթե իջնեն Ստեփանակերտ, Ստեփանակերտը պահելու խնդիր է առաջանալու: Համենայնդեպս, իրեն այդպես են փոխանցել Արցախից:
Արմեն Խաչատրյանը Սյունիքից ընտրված պատգամավոր է: Նրա խոսքով՝ «հիմնականում պահանջները որ լսում են, ասում են՝ հանկարծ հետդարձ չլինի, հանկարծ կարո՞ղ է հրաժարական լինի»: Լրագրողների դիտարկմանը՝ այսինքն, ի՞նչ են ուզում, ասում են՝ այն 20 տոկո՞սն էլ տվեք՝ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Որեւէ մեկը չի տվել: Սա պատերազմ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ