Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Դումանյանը ԵՊՀ գիտխորհրդի այլընտրանքային տեքստ չի գրել, դիտարկումներ է արել». նախարարի մամուլի խոսնակ

Դեկտեմբեր 02,2020 15:25

Aravot.am-ը ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանից փորձեց պարզել` արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում տարածված այն լուրը, որ նախարար նշանակվելուց 3 օր առաջ ինքը պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Ըստ news.am-ի, նա հեղինակել եւ նոյեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի անդամներին էր ուղարկել վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջով ԵՊՀ գիտխորհրդի հայտարարության այլընտրանքային տեքստ, որտեղ անդրադարձ էր կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի հետևանքով հասարակության շրջանում առաջացած խորը ճգնաժամին եւ լարված մթնոլորտին:

Քանի որ պարոն Դումանյանը նախարար դառնալուց հետո դադարել է հեռախոսազանգերի պատասխանել, հարցը գրավոր փոխանցեցինք նրա նորանշանակ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանին:

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը հարցի առնչությամբ հետեւյալը հայտնեց. «Նախարարը որեւէ հայտարարության տեքստ չի գրել, ԵՊՀ կայքում նույնպես նշված է, որ աշխատանքային հանձնաժողովի կազմում չի եղել պարոն Դումանյանը: Նրան առաջարկվել է ընդգրկվել այդ հանձնաժողովի կազմում, բայց ինքը ինքնաբացարկ է հայտնել, չի ընդգրկվել այդ կազմում:

Հաջորդ օրը, երբ պետք է նորից գիտխորհրդի նիստը կայանար եւ այդ տեքստն ընդունեին, մի կարճ ժամանակ առաջ գիտխորհրդի անդամներին վերոնշյալ հանձնաժողովի աշխատանքային խմբի տեքստն ուղարկել են, որպեսզի ծանոթանան: Պարոն Դումանյանը տեքստում ընդամենը կատարել է որոշակի դիտարկումներ, որոնք միտված են եղել հանրության համախմբմանը, սահմանադրական ճանապարհով խնդիրը լուծելուն, այդ կարգի որոշակի խմբագրական փոփոխություններ է կատարել, որպեսզի տեքստը նաեւ հարիր լինի համալսարանին եւ ամբողջական պատկերի գնահատականը լինի:

Սակայն այդ տեքստը չի քննարկվել գիտխորհդի նիստում, չի քվեարկվել, եւ պարոն Դումանյանն էլ համալսարանի ընդհանուր առաջարկված հայտարարության տեքստին «դեմ» է քվեարկել: Այնպես որ պարոն Դումանյանը նոր տեքստ չի մշակել, այլ ցանկացել է, որ համալսարանին հարիր տեքստ լինի եւ ամբողջական ճշգրիտ գնահատական տրվի կատարվածին, ճգնաժամն էլ լուծվի սահմանադրական ճանապարհով»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031