Շիրակի նախկին մարզպետ, դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը, որը պատերազմի առաջին իսկ օրվանից որպես կամավորական իր կուսակից ընկերների, որդու, եղբոր, եղբորորդու հետ մեկնել էր ռազմաճակատ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ երբեք չէր մտածում, որ գործող իշխանությունների թեթև ձեռքով պառակտումներ պետք է լինեին նաև մարտադաշտում։
«Ես սպասում էի, որ այս դժվարին օրերին ազգը պիտի միավորվեր, միասնական բռունցք դառնար: Հիշում եք իմ կոչը պատերազմ գնալուց առաջ՝ մեկ բռունցք պիտի դառնանք ու պայքարենք։ Գիտակցում էի, որ պատերազմը լինելու է ծանր, թեժ: Ադրբեջանը պատրաստվել էր երկար տարիներ և մեր միակ խնդիրը միասնությունն էր, բռունցք դառնալն էր, որը ձախողվեց գործող իշխանությունների կողմից։ Այդ օրերին հնչեցին ոչ թե միասնության, այլ պառակտման կոչեր, և արդյունքում պառակտումը զգացինք նաև այնտեղ։
Ես այնտեղ եղել եմ մինչև ամսի 11-ը, գիտեմ բոլոր դժվարությունները, իմ տղան է եղել, եղբայրս, եղբոր տղան, մեր դաշնակցական ջոկատները: Առաջին օրվանից ունեցել ենք և՛ կորուստներ, և՛ վիրավորներ, սա մեծ ցավ է մեր ազգի համար, մեծ ողբերգություն։ Մենք կորցրեցինք Արցախի 80 տոկոսը, մենք այսօր ամեն օր կորցնում ենք Հայաստանի Հանրապետության տարածքից կտորներ, մենք կորցնում ենք մեր վաղվա օրվա վստահությունը և ինչքան շուտ դավաճան Նիկոլը գնա, կլինի մեր փրկությունը»։
Ըստ մեր զրուցակցի, երկրում անորոշություն է տիրում, գյուղերը դատարկվել են, ձմռան նախաշեմին մեծ խնդիրներ կան, սակայն, ցավալիորեն, մեր հայրենակիցներից շատերն անտարբեր են։
Կարդացեք նաև
«Ամենամեծ ցավը ես ապրեցի, երբ եկա այստեղ , այնտեղ ես ապրում էի այնտեղի ցավով ու դժվարություններով, եկա ու տեսա այստեղի անտարբերությունը, հիպնոսացած վիճակը, չգիտեմ ինչ վիճակ է։ Հային ոչ վայել անտարբերություն է տիրում, միգուցե այն վախն է, որ մշտական ունեցել է ժողովրդի 50-60-70 տոկոսը։ Երևի քաղաքականություն էր, բոլորին ծանուցագրեր էին տվել, չկանչեցին: Հիմա էլ ասում են, փրկեց մեզ՝ 25 հազարի, ո՞ր 25 հազարին: Նիկոլը հազարավոր զոհեր թողեց, այդ բոլորի արյունն իր վզին է։
Ինչո՞ւ համալրում չեղավ ամսի 3-ից հետո, զորքն առաջնագծում մնաց կամավորների և տեղի բնակչության համալրումով, ո՞րն էր խնդիրը, ծրագրվա՞ծ էր։ Թող առաջին օրն անկեղծ լիներ, գար, ասեր՝ սիրելի ժողովուրդ, ինքն էր խոստացել թավշյա հեղափոխության ժամանակ, կգամ, ձեզ կասեմ Արցախի հարցում ինչ եմ անելու։ Բա ինչի՞ չեկար, գաղտնի մի գիշերվա մեջ ստորագրեցիր ու հողին հանձնեցիր հազարավոր մեր անմեղ նահատակների արյամբ պահվածը»,-ցավով նշում է Ռոմիկ Մանուկյանը։
Նա ժողովրդին կոչ է անում սթափվել, քանի որ թշնամին շրջապատել է մեր երկիրը։
«Երևի մեր մոտ այն տպավորությունն է, թե քանի իմ տունը չեն վառել, ես հանգիստ քնեմ, էդպես չէ, հասել են Վարդենիս, Մեղրի, Գորիս, Բերձորը տվեց: Արցախի մասին չեմ խոսում, որ ամբողջապես շրջափակման մեջ է, չունի անվտանգության երաշխիք այլևս: Ռուս խաղաղապահները կիլոմետրերի վրա կանգնած են, դա բավարար չէ, որովհետև դիմացը մենք ունենք արյունարբու թուրք, որն ընդունակ է երեխայի մորթել, հայ կնոջ բռնաբարել։ Մենք իրավունք չունենք հանգիստ նստել տներս և ասել՝ գիտես իմ տանը չեն հասել, իմ երեխան չի գնացել Արցախ, չի զոհվել, ես հանգիստ նստեմ։ Այս վեց հազարից ավելի վիրավորները, զոհվածները մեր բոլորիս երեխաներն են, մենք իրավունք չունենք լուռ նստելու»,-ասաց Շիրակի նախկին մարզպետը։
Նա նաև շեշտեց, որ սա աթոռակռիվ չէ, այլ փրկության կռիվ է, հայ ազգի փրկության կռիվը։ Նա նաև նշում է՝ Նիկոլ Փաշինյանն ուներ հնարավորություն այս պատերազմում բոլորին միավորելու, բոլոր նախագահներին, գեներալներին համախմբելու, նրանց ուժերն օգտագործելու ու փրկելու թե՛ Արցախը, և թե՛ նման քանակի զոհեր չունենալու։ Մինչդեռ, Փաշինյանը, ըստ նրա, զբաղված էր, Քոչարյաններին, Ծառուկյաններին բերդերում պահելով։
«Մեր սերնդի համար կրկնակի ցավ է, իմ սերունդը կորցրեց իր պատմությունը, երեսուն տարին դարձավ զրո։ Կնոջն ասածն էր երևի, ասում էր ՝ հանուն ոչնչի զոհվեցին, բերեց, փաստեց, հանուն ոչինչի մենք ապրեցինք այս երեսուն տարին։ Օր առաջ պիտի հեռանա, իրավունք չունի մնալու, արագ պիտի գնա՝ խնդրելով, որովհետև մենք անելիք ունենք։ Չգիտեմ ով կգա, բայց ով էլ գա, պետք է մի բան անի՝ միաբանի, համախմբի մեր ազգը, մենք ունենք այդ հնարավորությունը, միավորվել է պետք, իսկ միավորվել Նիկոլով․․․ Թուրքի առջև կռացած ղեկավար մեզ պետք չէ։ Այսօր սահմանները ճշգրտվում են ռուսի և ադրբեջանցու օգնությամբ, չկա Հայաստանի իշխանություն, անիշխանություն է, իրենք են որոշողը սահմանագիծն անցնելու է որ քարով, որ սարով, որ հանդով, որովհետև վտանգված է մեր պետականությունը, չունենք իշխանություն»։
Ռոմիկ Մանուկյանը կոչ արեց Շիրակի մարզի ՔՊ-ականներին դուրս գալ խմբակցությունից։
«Դուրս եկեք ֆրակցիայից, դուք շիրակցի եք, գյումրեցու թասիբը ձեր համար չէ երևի, էդ թասիբից խոսելուց մեծ-մեծ խոսում եք։ Դուրս եկեք, միացեք ժողովրդին, գնացեք, որոշում կայացրեք, համախմբվեք ու ձեր ֆրակցիայով որոշեք՝ ով է գալու, որ համախմբի մեր ժողովրդին»։
Ռոմիկ Մանուկյանը մեկ անգամ ևս կրկնում է՝ համախմբվել է պետք, ինչպես կարող են մարդիկ լույսերը հանգիստ մարեն ու քնեն, երբ Արցախը կորցրեցինք, երբ այսքան նահատակներ, վիրավորներ, գերիներ, անտուն մնացած մարդիկ կան, երբ թշնամին պղծում է մեր շիրիմներն ու եկեղեցիները։
Ըստ նրա, միայն Սոթքից տարեկան 70-80 միլիոն դոլար եկամուտ կար, հիմա ինչի՞ց են խոսելու, երբ չորրորդ հարկատուն էլ շարքից ելավ, 4000 աշխատող էլ գործազուրկ մնացին։
«Ես գիտեմ գեներալների, որոնք րոպե առաջ ուզում էին մասնակից դառնալ պաշտպանությանը, թույլ չէին տալիս, թե Նիկոլը թույլ չի տալիս, մերժում էին աջակցությունը։ Կռացած ղեկավարի հետ ո՞վ կարող է բանակցությունների գնալ, Նիկո՛լ, ո՞նց կարող ես նստել Ալիևի դիմաց և ասես՝ գիտես այս խնդիրն այսպես չէ․․․ Չե՛ս կարող»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Ռոմիկ Մանուկյանի ՖԲ էջից