Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի եւ մեր գործընկերների վզին նման անհեթեթությունը փաթաթելն ուղղակի լկտի սուտ է». Շարմազանով

Դեկտեմբեր 02,2020 14:30

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացիների կողմից կառավարության եւ ազգային ժողովի շենքեր ներխուժման փաստի առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հրապարակել էր հաղորդագրություն եւ տեսանյութ՝ այդ թվում իրազեկելով, որ ենթադրյալ ջարդարարություններին մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության աջակիցները, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավորների օգնականները, համակիրները: «Վերոգրյալը հիմք է տալիս վարույթն իրականացնող մարմնին ողջամիտ պնդումներ կատարելու այն մասին, որ հիշյալ անձանց կողմից զանգվածային անկարգություններին մասնակից լինելու իրական շարժառիթը պայմանավորված է եղել ոչ թե Արցախյան պատերազմի ելքով, այլ՝ նշված հանգամանքն օգտագործելու եղանակով ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալմանն ու իշխանությունը զավթելուն նպաստելը»,-ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Այս առնչությամբ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «ՀՀԿ-ին բռնի իշխանազավթման փորձի մեջ մեղադրելը լկտի սուտ է եւ անհեթեթություն: Ավելին՝ ԱԱԾ-ին կոչ եմ անում չմասնակցել Նիկոլ Փաշինյանի ապօրինի կլոունադաներին եւ իրականացնել իր գործառույթները՝ Հայաստանի ազգային անվտանգության ապահովումը: Ես զբաղվել եմ բազմաթիվ հրապարակումներով, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի՝ ազգային անվտանգության ապահովման գործառույթը: Ինչ վերաբերում է աջակիցներին, ապա Նիկոլ Փաշինյանի դավաճանական ակտից հետո ՀՀԿ-ի եւ այլ կուսակցությունների աջակիցները երկրաչափական պրոգրեսիայով ավելանում են եւ կավելանան: Ի՞նչ է նշանակում աջակից, այդ ո՞ն ց են ճշտել՝ աջակի՞ց է, թե՞ ոչ»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ դեպքերի օրն առավոտյան ինքը հայտարարել է, որ իրենց համար ցանկացած անօրինական քայլ անընդունելի է. «Կոչ եմ արել զսպվածության: Կրկնում եմ, որ ՀՀԿ-ն եւ գործընկեր կուսակցությունները գործել են բացառապես անցնցում, խաղաղ եւ օրինական ոլորտում: ՀՀԿ-ի եւ մեր գործընկերների վզին նման անհեթեթությունը փաթաթելն ուղղակի լկտի սուտ է եւ նշանակում է Նիկոլ Փաշինյանի դավաճանական ռեժիմին ծառայություն: Լավ կլինի՝ ԱԱԾ-ին զբաղվի Մովսես Հակոբյանի հայտարարություններով, որոնցում ուղիղ մեղադրանք կա այն մասին, որ երրորդ օրը Նիկոլ Փաշինյանը կանգնեցրել է համալրումը: ԱԱԾ-ն պետք է զբաղվի այն հարցով, թե ինչու է գերագույն գլխավոր հրամանատար հռչակված իրական հողատուն հոկտեմբերի 20-ին մերժել Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու կոչերը: Եվ երրորդ՝ ԱԱԾ-ն պետք է զբաղվի հարցով, թե ինչու Նիկոլ Փաշինյանը գործող մարտական բանակը վերածեց «Էրատո» ջոկատների: Մեզ բռնի իշխանափոխության մեջ մեղադրելը նույնն է, ինչ ասելը, թե Նիկոլ Փաշինյանն առաջին տիեզերագնացն է»:

Հավելենք, որ ԱԱԾ տեսանյութում որպես նույնականացված անձ ցուցադրվում է Սերգեյ Խառատյանը: Նա 2019թ.-ին ասել էր՝ եղել է ՀՀԿ անդամ եւ չի փոշմանում դրա համար, իսկ այժմ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների թվում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031