«Սասնա ծռերի» գործով դատական նիստում ամբաստանյալ Արմեն Բիլյանը հրաժարվեց պաշտպանական ճառով հանդես գալ:
Հիշեցնենք՝ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը ևս հրաժարվեց պաշտպանական ճառից՝ պատճառաբանելով՝ եթե ուզում եք արդարություն վերականգնել, ճիշտ կլինի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանին որպես պետական հանցագործի կալանավորման որոշում կայացնել:
Արմեն Բիլյանը հայտարարեց՝ դատավարությունն արդեն 4 տարի, չորս ամիս տևում է, և նախագահող դատավոր Պետրոս Մակյանը տեղյակ է մանրամասներից: Նա զգուշացրեց՝ երկիրը կործանվում է, հազարավոր ջահելներ հողի տակ են, մինչդեռ իրեն թույլ չեն տալիս, որ գնա առաջնագիծ: Նա հայտարարեց. «Արմեն Բիլյանն այն տղամարդն է, որն իր արածներին միշտ կարողանում է տեր կանգնել, ոչ թե փախնի, Երևանի փողոցներում թաքնվի, անունը դնի առաջնածում է: Ինձ չթողեցին գնամ, Արցախը պաշտպանեմ, շուտով Տավուշը, ամբողջ ՀՀ-ն է վտանգի մեջ, մեր պապերի գերեզմաններն ու օջախներն են վտանգված: Այս բոլորը գործի հանգամանքների շուրջ է: Տարիներ շարունակ ինձ անարդար կերպով պահելով անազատության մեջ, ձգելով, եկանք հասանք հիմա ճա՞ռ եք ուզում: Ի՞նչ ճառ ասել, իմ ճառի 99 տոկոսը Պավել Մանուկյանն ասել է: Երկիրն այս վիճակում ո՞ր ճառն ասեմ, չեմ հասկանում, որ ճառի մասին է խոսքը: Այսքան փաստերից հետո ինչ-որ ճառ ասե՞մ, հիմա վաղուց պիտի դուրսը լինեի: Եթե իմ խափանման միջոցը փոխեք, որ օրը կորոշեք, որ պիտի ներկա լինեմ, ինձ պիտի դատեք, տղամարդու պես այստեղ կանգնած եմ լինելու»:
Պավել Մանուկյանն էլ հորդորեց նախագահող դատավորին փոխել Արմեն Բիլյանի խափանման միջոցը, քանի որ, վերջիվերջո զինվոր է պետք:
Կարդացեք նաև
Մեղադրող կողմը հորդորեց մերժել միջնորդությունը: Արմեն Բիլյանը վստահեցրեց. «Ես մեղավոր չեմ: Շատ մեծ արհավիրքի առաջ ենք կանգնած՝ կորցնելու Սյունիքը և Տավուշը: Գրավի հարցով էլ Դուք ինքներդ որոշեք: Ամենակարևոր գրավը իմ՝ հայ տղամարդու խոսքն է»:
Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը մերժեց «Սասնա ծռերի» գործով մեղադրյալ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները:
Նախագահող դատավոր Պետրոս Մակյանը հայտարարեց. «Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ, 143-րդ, 135-րդ, 313-րդ հոդվածներով՝ դատարանը որոշեց մերժել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու, այլ խափանման միջոցով կամ գրավով փոփոխելու ՝ պաշտպանների միջնորդությունը»:
ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող կողմ ոստիկանության ներկայացուցիչ Արթուր Առուստամյանը հայցադիմում ներկայացրեց դատարան` փոխհատուցման պահանջով։ Ընդհանուր վնասի չափը կազմում է 69 մլն 225 հազար ՀՀ դրամ:
«Գումարը տարածվում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Սեդրակ Նազարյանի, Էդվարդ Գրիգորյանի վրա, մասնավորապես, 61 մլն 301 հազար դրամի չափով գումարը ձևավորվել է կոնկրետ հրկիզման ճանապարհով մեքենաների ոչնչացումից, ինչպես նաև ներառյալ՝ Գագիկ Եղիազարյանից, Սմբատ Բարսեղյանից, Արմեն Բիլյանից, Արեգ Կյուրեղյանից՝ 7 մլն 923 հազար դրամի չափով` ՊՊԾ գնդի տարածքում շենք-շինությունների վնասումներից»,- ասաց Առուստամյանը:
Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:
Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ