Ռուսաստանը ողջունում է այլ երկրներում ռուսերեն լեզվի օգտագործումը, բայց դրան պետական լեզվի կարգավիճակ տալը յուրաքանչյուր երկրի ներքին գործն է: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում ռուսերենին պետական կարգավիճակ տալու լուրերը:
«Ռուսերենն օգտագործվում է և՛ Ղարաբաղում, և՛ Հայաստանում, ռուսերեն խոսում են նաև Ադրբեջանում, նաև աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նախկին Խորհրդային Միության տարածությունում,- ասել է Պեսկովը:- Դրանով խոսում են, քանի որ այն հարմար լեզու է շփման համար, այն նախկինի պես ուսումնասիրում են: Բնական է, որ մենք մշտապես ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում էլ նպաստել ռուսերենի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը, դա համարում ենք մեր առաջադրանքը»:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալը «բանակցությունների թեմա է և շփումների թեման է, սա դե-ֆակտո մի իրավիճակ է, երբ ռուսերենով խոսում են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»: «Դա յուրաքանչուր երկրի ներքին գործն է՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ Wargonzo տելագրամ ալիքը երեկ լուր էր հրապարակել, թե ռուսերենը Արցախում կստանա պետական լեզվի կարգավիճակ։ Ըստ ալիքի աղբյուրների, ներկա պահին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները մշակում են օրինագիծ, որով ռուսերենը կդառնա 2-րդ պետական լեզու՝ հայերենից հետո։
Կարդացեք նաև
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշել էր, թե լուրն առաջին անգամ է լսում։ «Այս մասին առաջին անգամ եմ լսում, առաջին անգամ ձեզանից եմ լսում, նման բան չկա»,- նշեց Վահրամ Բալայանը։
Հարցին՝ իսկ հնարավո՞ր եք համարում, որ նման բան կարող է լինել, Վահրամ Բալայանը պատասխանել էր. «Չեմ կարող ասել, այսինքն՝ պետք է պատճառները, հիմքերը, նպատակահարմարությունը իրար կողք դնել ու տեսնել` ինչ է ստացվում, հաշվի առնելով քո երկրի ապագան, անվտանգությունը։ Մի խոսքով՝ հարցեր են, որոնք պետք է նստել ու քննարկել, հասկանալու համար, թե դա ինչ է տալու, այսքանը»։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ