Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ասել եմ՝ ժողովուրդ ջան, մի կոտրեք, մի փչացրեք, մի քաշքշեք ոստիկաններին». Արթուր Վարդանյանը՝ ԱԱԾ կադրերի մասին

Դեկտեմբեր 02,2020 13:10

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացիների կողմից կառավարության եւ ազգային ժողովի շենքեր ներխուժման փաստի առնչությամբ ԱԱԾ-ն այսօր հրապարակել էր հաղորդագրություն եւ տեսանյութ՝ այդ թվում իրազեկելով, որ ենթադրյալ ջարդարարություններին մասնակցել են նաեւ հանրային հնչեղություն ստացած տարբեր քրեական գործերով ամբաստանյալներ: Այս առնչությամբ ԱԱԾ-ի տեսանյութում ցուցադրվում է «Նորք Մարաշի բանդայի գործ» անունով հայտնի քրեական գործով մեղադրյալներից Արթուր Վարդանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Վարդանյանն ԱԱԾ-ի հաղորդագրության հետ կապված հետեւյալ պարզաբանումներն արեց. «Երբ ես գնացի Հանրապետության հրապարակ, ամեն ինչ վերջացած էր, մարդիկ արդեն կառավարության շենքի ներսում էին, որտեղ կային նաեւ լրագրողներ, քաղաքական գործիչներ, պատգամավորներ՝ բոլոր կուսակցություններից: Ես հայտարարություն եմ արել, որը չեմ ժխտում: Մարդիկ կային, որոնց փորձում էինք հորդորել դուրս գալ, չջարդել, չկոտրել ոչինչ: Անգամ ձայնագրություն կա, թե ինչպես եմ ես ասում՝ ժողովուրդ ջան, այս ամենը ձերն է, ձեզ է պատկանում, մի կոտրեք, մի փչացրեք: Դրանից հետո հեռացել եմ: Մոտ մեկ ժամ կամ ժամ ու կես հրապարակում ենք եղել եւ գնացել:

Հաջորդ օրն ինձ հրավիրեցին ԱԱԾ, ինքնակամ ներկայացա, եւ ձերբակալեցին: Հետո պարզվեց, որ ես ԱԺ-ում չեմ եղել: Մեղադրանք ներկայացրին, թե իբրեւ եղել եմ ԱԺ-ում ու ջարդուփշուր արել, իսկ իրականում ես ԱԺ-ում չեմ եղել, դա սուտ է, ջարդուփշուր չեմ արել, եւ դա ընդունեցին նաեւ ԱԱԾ քննիչները, որովհետեւ կան պատկերներ եւ ձայնագրություններ: Իսկ այն ժամանակ, երբ ջարդուփշուր էր լինում, ես արդեն տանն էի:

ՖԲ-ում այս լուսանկարը հրապարակած օգտատերը գրել էր. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմորեն զրուցում է ՀՀ նախկին իշխանությունների դեմ ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Արթուր Վարդանյանի հետ»

Ես հիմա մեղադրյալի կարգավիճակում եմ: Ինձ ասացին՝ հաշվի առնելով, որ ես հայտարարություն եմ արել, հեռախոսով ուղիղ եթեր եմ մտել, իրենք ունեն ուղիղ հրահանգ՝ ինձ ձերբակալելու: Չասացին, թե ումից, ասացին, որ հրահանգ կա ինձ ձերբակալելու եւ վերջ: Հաշվի առնելով նաեւ իմ ով լինելը՝ երեւի անհանգստացել էին… Ինձ 72 ժամով ձերբակալեցին, բայց մենք բողոքարկեցինք որոշումը, եւ դատավորի որոշմամբ՝ ազատ արձակվեցի:

Հավելեմ, որ ես տեսել եմ ԱԱԾ-ի այսօրվա հրապարակած կադրերը: Իրականում դրանք այն ժամանակ էին, երբ տեղում արդեն դերասաններ կային, եւ այդ ամեն ինչն արդեն վերջացած էր: Ես ջարդարարությանն ընդհանրապես չեմ մասնակցել, եւ մենք տեսագրություններ ենք ներկայացրել դատարանին առ այն, որ ես որեւէ բան չեմ կոտրել, ջարդարարության պահին ներկա չեմ եղել, իսկ կոչ անելիս մարդկանց նաեւ ասել եմ՝ ոստիկաններին մի քաշքշեք, չէ որ ասում ենք, որ ոստիկանը մերն է: Այսինքն, ես բռնության կոչեր չեմ արել, հակառակը՝ կոչ եմ արել, որպեսզի բռնություն չլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031