ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
ՍԱ ՆԻԿՈԼԻ ՀԱՐՑԸ ՉԷ, ՍԱ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է
Նիկոլին հեռացնելն այսօր հավասարազոր է Հայրենիքի փրկության հարցին: Ցավոք, մեր ժողովրդի պատմության մեջ շատ անգամ է նման դեպքեր եղել, երբ սեղանին դրվել է Հայրենիքի փրկության հարց: Եվ յուրաքանչյուր անգամ գտնվել է լուծումը, հայ ժողովուրդը կարողացել է իր մեջ ուժ գտնի ու վերականգնի իր պատիվը, արժանապատվությունը, ապրելու կամքը, պետություն ունենալու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու իրավունքը:
Այսօր այս հարցում ամենաշահագրգիռը պետք է լինեն հատկապես նրանք, ովքեր Նիկոլին՝ փողոցային պայքարով բերեցին իշխանության: Նիկոլը երբեք իշխանության չէր գա, և Հայաստանի ու Արցախի հետ այս ողբերգությունը չէր լինի, եթե չլինեին այն բազմահազար մարդիկ, ովքեր խաբվեցին, ովքեր հավատում էին, բայց դաժանաբար խաբվեցին: Խաբվեցին ու զրկվեցին Հայրենիքից, տանից, ազգային արժանապատվությունից, ապագայից, անվտանգությունից, պաշտպանված լինելու իրավունքից, բիզնեսներից, աշխատանքից և այլն:
Կարդացեք նաև
Իշխանությունը զավթելու գործում Նիկոլին աջակցել են մեր հազարավոր հայրենակիցներ՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:
Նիկոլը չի խաբել միայն նրանց, ովքեր չեն հավատացել, ովքեր միշտ քննադատել են նրա ապաշնորհ, վտանգավոր ու աղետաբեր քաղաքականությունը: Նիկոլը չի խաբել նրանց, ովքեր անտարբեր էին նրա նկատմամբ ու չէին ոգեշնչվում նրա ստերով ու ատելության քարոզով:
Նիկոլը գրեթե ամենօրյա ռեժիմով խաբել, հուսախաբ է արել, ու վերջում դավադրաբար հայրենազրկել է այն մարդկանց, ովքեր հավատացել են իրեն: Այդ մարդկանց մեջ կան մտավորականներ, պետական ծառայողներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ, հոգևորականներ և այլ զբաղմունքի տեր մարդիկ:
Մենք մարգարե չենք, բայց քաղաքական փորձ ու գիտելիք ունենք, և բազմաթիվ անգամներ հրապարակային զգուշացրել ենք այս և այլ հնարավոր աղետների մասին: Մենք նույնիսկ պատրաստակամ ենք եղել աջակցել, նեցուկ լինել նիկոլական դիլետանտներին՝ ի շահ պետության: Սակայն միշտ մնացել ենք չլսված: Այդ թվում նաև այդ նույն խաբված մարդիկ մեզ համարել են «նախկին» ու զարմացել, որ դեռ գոյություն ունենք ու խոսում ենք: Հիմա կարծում եմ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական կյանքը դաժանաբար ցույց տվեց, թե ի՞նչ է լինում այն ժողովուրդների հետ, ովքեր չեն կարողանում ձևավորել նորմալ, գիտակից իշխանություն:
Խաբուսիկ լեգիտիմությունը դեռևս լավ իշխանություն չի, այն կարող է այդպես էլ խաբուսիկ մնալ, մինչև վերջնական ու անվերադարձ ձախողումը: Ընդդիմությունը նոր չէ, որ պահանջում է Նիկոլի հրաժարականը: Հրաժարականը պահանջվել է նաև մինչև պատերազմը, մինչև համավարակը:
Այսօր ժամանակն է, որպեսզի Նիկոլի հրաժարականը պահանջեն առաջին հերթին հենց այն մարդիկ, ովքեր դավադրաբար խաբվել են, ովքեր այսօր ընկճված ու կոտրված են, ովքեր այսօր ներքին ամոթի ու վտանգի զգացողություն ունեն: Այս գործընթացը սկսված է, և պետք է հասկանալ, ընդունել բոլոր այն մարդկանց խոսքը, ովքեր իրենց մեջ ուժ են գտնում և հրապարակային խոսում են այդ մասին: Պետք է հարգանքով վերաբերվել այդ խոսքին, մարդը կարող է սխալվել, բայց նույնիսկ մեծ կորուստների, զրկանքների գնով գիտակցված սխալի ուղղումն Աստծո համար ընդունելի է: Սխալը և դրա չգիտակցումը չեն ներվում ո՛չ Աստծո, ո՛չ էլ պատմության կողմից:
Նորից եմ կրկնում, սա Նիկոլի հարցը չէ, սա Հայրենիքի փրկության հարց է: