Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանում ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից  պակաս. դեկտեմբերի կլիմայական բնութագիրը

Դեկտեմբեր 02,2020 12:55

ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2020թ.)

Դեկտեմբերը ձմռան առաջին ամիսն է: Ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է -3.9°C: Բարձր լեռնային շրջաններում 2000մ և ավելի (Պաղակն, Եռաթմբեր) ջերմաստիճանի ամսական  միջին  արժեքները  բավականին ցածր  են` -5…-11°C: Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է, սակայն ձմեռների 18-20% դեպքում ամենացուրտը եղել է դեկտեմբերը: Որպես կանոն դեկտեմբերի ամենացածր ջերմաստիճանը դիտվում է ամսվա երրորդ տասնօրյակում, սակայն առանձին դեպքերում (1984թ.)  հյուսիս-արևելյան շրջաններում այն դիտվել է առաջին տասնօրյակում  (Օձուն, Բագրատաշեն): Առավել ցուրտ  դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987թթ., 2002թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև  14… -15°C, իսկ բացարձակ նվազագույնը  2002 թվականին  հովտային շրջաններում  հասել է -32°C: Լեռնային շրջաններում  ամենացածր ջերմաստիճանը հասել է -40°C (Պաղակն) 1948թ:

Խիստ ցածր ջերմային ռեժիմով առանձնացել է 2002թ. դեկտեմբերը` օդի ջերմաստիճանը ամսվա երկրորդ կեսին օր օրի նվազել է` դեկտեմբերի 28-ին հասնելով ամենացածր արժեքներին:

Արարատյան դաշտում նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է -32°C (Արարատ), ցերեկը  -16°C, Երևանում` –28°C: Դիտված ջերմաստիճանները գերազանցեցին  բացարձակ նվազագույն արժեքները: Մինչ այդ այստեղ գրանցված  բացարձակ նվազագույն ջերմաստիճանը   եղել է -27°C (1953թ):

Առավել տաք դեկտեմբերներ են դիտվել  1938, 1940, 1966, 1980, 1981, 1998, 2008, 2018թթ. այդ տարիներին առավելագույն ջերմաստիճանը հասել է +21…+220C (Երևան, Արտաշատ, Արմավիր), արևելքում` +24…+260C (Շնող, Բագրատաշեն, Կապան):
Օդի հարաբերական խոնավությունը դեկտեմբերին բավականին բարձր է` 70% և ավելի: Տեղումների միջին քանակը կազմում է 38մմ: Տեղումների նվազագույն քանակը (մինչև 20մմ) դիտվում է Արարատյան դաշտի ցածրադիր շրջաններում և հարավ-արևելքում:  Սևանա լճի ափամերձ շրջաններում այն հասնում է 20-25մմ, նախալեռներում` 30մմ, լեռնային շրջաններում` 60մմ, բարձր լեռնային շրջաններում` 80-90մմ: Ամենախոնավ դեկտեմբերները հանրապետությունում դիտվել է 1946, 1956, 1958, 1969, 1987, 2003թթ, երբ տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 200-300%, ամենաչոր դեկտեմբերները դիտվել են 1911, 1947, 1961,  1980,  1995,  1999, 2004թթ, երբ հանրապետության հովտային շրջաններում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

Տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով: Հյուսիս արևելյան և հարավ արևելյան տաք շրջաններում դեկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակում կայուն ձնածածկ չի գոյանում:

Հիմնականում գերակշռում է անդորր եղանակը, քամու մեծ արագություններ դիտվում են լեռներում և լեռնանցքներում: Առավելագույն արագությունները հասնում են մինչև 18-20 մ/վրկ, պոռթկումները`23 մ/վրկ:
Արևափայլի տևողությունը տարածքում միջինը կազմում է 116 ժամ: Դեկտեմբերը բնութագրվում է հաճախակի մառախուղներով: Մառախուղ առավել հաճախ դիտվում է Արարատյան դաշտում, Սյունիքում և Շիրակում:

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…+1°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+10°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-12°C (դիտված պատմական նվազագույնը՝ -27…-32°C, առավելագույնը՝ +18…+22°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-6°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5…+8°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -15…-20°C (դիտված պատմական նվազագույնը՝ -31…-36°C, առավելագույնը՝ +15…+18°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից  պակաս  (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

Լոռու մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+12°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -15…-20°C (դիտված պատմական նվազագույնը՝ -26…-31°C, առավելագույնը՝ +19…+21°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 19-20 մմ):

Տավուշի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+3°C,  որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10…+14°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -5…-10°C (դիտված պատմական նվազագույնը՝ -15…-20°C, առավելագույնը՝ +22…+26°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` 21-23 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0…+1°C, լեռնային շրջաններում` -4…-6°, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +8…+10°C, լեռնային շրջաններում՝ +4…+7°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10…-12°C, լեռնային շրջաններում` -17…-20°C (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22…-23°C, առավելագույնը՝ +18…+19°C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-26° առավելագույնը՝ +14…+15°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս  (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):

Սյունիքի մարզ

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +2…+5°C, նախալեռնային շրջաններում` -1…-3°C,  որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12…+15°C, նախալեռնային շրջաններում՝ +7…+10°C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -5…-10°C, նախալեռնային  շրջաններում` -15…-18°C (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14…-18°C, առավելագույնը՝ +25…+26°C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25…-30°C, առավելագույնը՝ +20…+23°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):

Երևան քաղաք

Օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1…+2°C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +8…+10°C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10…-13°C (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8°C, առավելագույնը՝ +22°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից  պակաս (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:

ՀՀ ՇՄՆ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031