«Ամերիկայի ձայն». Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող սահմանագծերն այլևս իրարից մի քանի մետր հեռավորության վրա են:
Ընդամենը օրեր առաջ երկու կողմերի զինվորականները պատերազմի հակառակ կողմերում էին: Իսկ հիմա նրանց կողքին է ռուս խաղաղապահը:
Գրում է ամերիկյան «The New York Times» պարբերականը՝ նկատելով. «Ադրբեջանի և Հայաստանի միջև դաժան պատերազմը Լեռնային Ղարաբաղում վերածվել է լարված զինադադարի, որը պահպանվում է խիստ զինված ռուսական զորքերի կողմից: Ռուսաստանը, որը երկար ժամանակ սադրիչ էր Կովկասի ավելի լայն տարածաշրջանում, խաղաղարար դեր է ստանձնել, ինչը նոր փորձություն և հնարավորություն է վերջինիս համար՝ պահպանելու իր ազդեցությունը նախկին ԽՍՀՄ երկրներում»:
Պարբերականի հետ զրույցում Ստեփանակերտի բնակիչներից ասել են՝ իրենց հավատում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պարբերականն այնուհետև գրել է. «Ռուսաստանի նախագահը դադարեցրեց հազարավոր մարդկանց կյանքեր խլած պատերազմը: Բայց նա դա արեց` հեռանալով այն մարտավարությունից, որը Ռուսաստանն օգտագործել է հետխորհրդային շրջանի այլ հակամարտություններում ռազմական միջամտությամբ, երբ ներխուժել է Վրաստանի և Ուկրաինայի տարածք»:
Կարդացեք նաև
«Երկաթե բռունցքի» այդ մարտավարությունը, կարծես թե, Կրեմլում այլևս արդիական չէ, և ըստ վերլուծաբանների, Ռուսաստանն ավելի շատ կիրառում է մեղմ և կոշտ ուժի ավելի նուրբ համադրություն:
Կրեմլի ավելի թեթև միջամտությունն ակնհայտ էր Բելառուսի վերջին ընդվզման ժամանակ, երբ Ռուսաստանը զերծ մնաց ուղղակիորեն միջամտելուց և միայն աջակցություն առաջարկեց նախագահ Ալեքսանդր Գ. Լուկաշենկոյին:
Ըստ ամերիկյանի թերթի՝ վերջին պատերազմը դադարեցնելու բանակցություններում Վլադիմիր Պուտինը հենվել է Ռուսաստանի ռազմական հզորության սպառնալիքի վրա՝ հակամարտության երկու կողմերին զիջումներ պարտադրելով: Ռուսաստանը երկկողմանի պաշտպանական դաշինք ունի Հայաստանի հետ, բայց Պուտինը պնդել է, որ դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին: Նա սերտ անձնական կապեր է պահպանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այդ ռազմավարությունը Կրեմլին ռազմական հենակետ տրամադրեց տարածաշրջանում: Ռուսաստանի վերահսկողությունը Հայաստանում արմատացավ:
Եվ մինչ Հայաստանում եռակողմ գործարքը պարտություն են համարում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել է տարածքների նկատմամբ վերահսկողության վերականգնումը `համարելով «պատմական հաղթանակ»:
«AP» գործակալության հաղորդմամբ Ալիևը դիմել է ազգին՝ ասելով. «Մենք բոլորս ապրում էինք մեկ երազանքով, և այժմ մենք այն իրականացնում ենք: Մենք հաղթանակ տարանք ռազմի դաշտում և քաղաքական դաշտում, և այդ հաղթանակը նոր դարաշրջան է բացում մեր երկրի համար: Դա կլինի զարգացման, անվտանգության և առաջընթացի դարաշրջան»:
Պայմանագրով Ադրբեջանին հանձնված երեք շրջաններից վերջինը Լաչինն էր: Լեռնային Ղարաբաղի շուրջը ադրբեջանական վերահսկողության հաստատման մասին է գրել նաև «Al jazeera» լրատվականը՝ համարելով, որ տարածաշրջանում աճում է Ռուսաստանի դերը:
Բացի խաղաղապահներ տեղակայելուց, Ռուսաստանը օգնում է մարդկանց վերադառնալ Ղարաբաղ:
Ըստ «Al jazeera»-ի՝ Մոսկվայի խաղաղարար դերակատարությունը ստվերել է Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, որոնք Ռուսաստանի հետ կազմում են Մինսկի խումբը, որը տասնամյակներ շարունակ ղեկավարում էր բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության շուրջ, բայց չի հասնել կայուն համաձայնության»:
Ռուսական «TASS» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնագիր են կնքել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը:
«Բանակցություններն ընթացել են թուրք-ռուսական համատեղ կենտրոնի գործունեության հիմունքներին և սկզբունքներին վերաբերող տեխնիկական մանրամասների շուրջ: Ստորագրվել է համաձայնագիր: Այժմ ընթանում են անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի կենտրոնը հնարավորինս շուտ գործի», – ասվում է հաղորդագրությունում: Թուրքական կողմը չի հրապարակել կնքված պայմանագրի որևէ մանրամաս:
Ռուսական «The Moscow Times» պարբերականն էլ ներկայացրել է, թե որոնք են լինելու հաջորդ քայլերը և ինչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղին:
Նավթով հարուստ Ադրբեջանը խոստացել է հսկայական գումարներ ներդնել վերականգնված շրջանները վերակառուցելու համար, բայց ղարաբաղահայության տնտեսական ապագան շատ ավելի անորոշ է:
Տարածաշրջանը վաղուց ապավինում էր Հայաստանի ֆինանսական օգնությանը, որի տնտեսությունը թույլ է:
Ինչպես կաշխատեն Ադրբեջան, Հայաստանի և Ղարաբաղի իշխանությունները, ըստ պարբերականի, նույնպես բաց հարց է, և, անշուշտ, լարվածություն առաջացնող:
«Մոսկվայի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը երկիմաստ է մի շարք ասպեկտների տեսանկյունից: Օրինակ՝ որն է ռուս խաղաղապահների մանդատը և ինչպես կկազմակերպվի տեղի հայ և ադրբեջանցի բնակչության կյանքը»,- «The Moscow Times»-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Օլեսյա Վարդանյանը՝ հավելելով. «Եթե երկիմաստությունը պահպանվի, դա կարող է լինել լարվածության և ապակայունացման աղբյուր»:
Փորձագետներն ասում են, որ հնարավոր է այլ դիվանագիտական ձևաչափ ձևավորվի, և որ նոր ստատուս քվոն կարող է հնարավորություն ընձեռել, որպես բանակցությունների գլխավոր կետ: Բայց տարածաշրջանում անվստահությունը խորն է, և դժվար կլինի հաղթահարել տասնամյակների թշնամությունը:
Արուս ՀԱԿՈԲՅԱՆ