Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը հայտնի էր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հանգամանքով։ Նման հոդվածով նրա դեմ անգամ քրեական գործ կա հարուցված։ Բայց այսօր ոստիկանության գործողություններն ավելի կոպիտ են, քան նախկինների օրոք էր։ Երանոսյանի հետ զրուցել ենք այս թեմայով։
– Այսօր ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ ինչպե՞ս եք գնահատում։
– Բիրտ են մոտենում իրենք, որը չի կարելի։ Էն ժամանակ որեւիցե մեկը կոպիտ մեկի թեւից բռնում էր, Վովան՝ Գասպարյան, նրան հեռացնում էր, շան լափը թափում էր գլխին։ Բայց էսօր բիրտ ձեւով են մոտիկանում քաղաքացիներին, կանանց։
– Բայց այն ժամանակ էլ էին ոստիկանությանը մեղադրում բիրտ ուժ կիրառելու մեջ, ինչքան էլ որ հակառակն ասեք, կադրեր կան Խորենացու փողոցի, Բաղրամյան պողոտայի դեպքերից, երբ վիրավորներ ունեցանք, կամ՝ կանանց էին քաշքշում ասֆալտի վրա։
Կարդացեք նաև
– Ուրեմն, Խորենացու դեպքերը, ես ասեմ, տանում էին արյունահեղության։ ՊՊԾ գունդը վերցնելուց հետո պլանը մշակված էր, որ ժողովուրդը մտներ գունդ, զինվեր, դուրս գար քաղաք։ Դա մեր երկրի վերջը կլիներ։ Դրա համար մենք էլի օրինաչափ ենք մոտեցել։ Եղե՞լ են բացթողումներ՝ եղել են։ Ես զորքերի հրամանատար եմ եղել եւ ես իմ գործողությունների պատասխանը պիտի տամ։ Հիմա մի բան էլ ասեմ՝ զորքերն իրավունք չունեն ընդգրկելու ամեն տեղ։ Զորքեր պիտի ընդգրկեն այն ժամանակ, երբ ոստիկանությունն արդեն ի վիճակի չի ցույցը ցրելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու։ Էսօր 3 հոգի հավաքվում է մի տեղ, ոստիկանության զորքերի հատուկ վաշտերն ավտոբուսներով գնում են։ Սաղ անօրինական է, երկիրը տիրել է էսօր անօրինականությունը։ Ես ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ մի տրվեք էմոցիաներին։ Էսօր զորքերն իրենց գործառույթները չեն իրականացնում, կա հստակ գործելու հրաման, իրենք իրավունք չունեն նման ցույցերի մասնակցելու։ Կա ոստիկանություն, թող էդ գործառույթներն իրականացնի։
– Իսկ ո՞ր դեպքում իրավունք ունեն մասնակցելու։
– Երբ ոստիկանությունը չի կարողանում իր խնդիրը կատարի այլեւս, բախումների ա գնում, շարքից դուրս ա գալիս, նոր զորքերն իրավունք ունեն գործողության մեջ մտնեն։ Կա հստակ հրաման, դրանք բոլորը հաստատված հրամաններ են, գաղտնի հրամաններ են, չեմ ուզում ասեմ, բայց կարող եք դուք պահանջել, ձեզ տրամադրեն էդ հրամանները՝ երբ իրավունք ունեն ոստիկանության զորքերը գործողություն կատարելու։ Իրենք հիմա անցել են բիրտ գործողությունների։ Հա, ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանապետը, բայց ոստիկանության զորքերին ես կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել։
– 2018-ի հեղափոխության օրերին Դուք ղեկավարում էիք ոստիկանության զորքերի գործողությունները։ Ձեզ համար պա՞րզ էին այս հեղափոխության սկիզբը, ընթացքը, եւ թե ինչպես ստացվեց, քանզի ասում են՝ կարող էին թույլ չտալ, որ այդքան շատ մարդ հավաքվի եւ Փաշինյանին բերի իշխանության, բայց Սերժ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը թույլ տվեցին։
– Ես ասեմ․ Սերժ Սարգսյանը միշտ ջղայնացել ա մեր վրա, եթե Դուք ասում եք՝ խիստ եք եղել, էն ժամանակ էլ ա սենց եղել․․․ Ինչ մնում ա նրան՝ կարո՞ղ էր հեղափոխություն չլինել, ապա կարող էր չլինել, եթե լիներ արյուն։ Էսօր ովքեր ընդունում են սրբությունը՝ ով մտնի վանք, պետք ա մոմ վառի Սերժ Սարգսյանի համար, որ նա չթողեց՝ սկսած ապրիլի 16-ից, որ արյունահեղություն լինի Հայաստանում։ Նույն Նիկոլ կոչեցյալը գնում էր դրան։ Ես ինչո՞ւ էի ասում՝ ուզում եք մարտի մե՞կ սարքեք։ Էդ մարտի 1-ն իմ աչքի դեմն էր։ Նույն Նիկոլը նորից էդ հեղափոխությունն ուզում էր տաներ դրան։ Ականատես եմ ես եղել ապրիլի 16-ին։ Սերժ Սարգսյանը հեռախոսազանգով ինձ ասեց՝ Լյովա, եղի՛ր զորքիդ հետ, չթողնես բախում լինի։ Ես քեզ՝ որպես հանրապետության նախագահ, զգուշացնում եմ․ եթե բախում եղավ, քեզ կպատժեմ։
– Ձեզ համար ամեն ինչ պա՞րզ էր 2018-ի դեպքերից, թե՞ բաներ կան, որ Ձեզ համար էլ են հարցական։
– Չէ, իմ համար հարցական չի, մարդիկ ուրիշ բաներ են ասում՝ տվեցին, էս կողմ, էն կողմ․․․ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյունահեղություն լինի․․․ նա էն անձնավորությունն էր, որ որեւիցե անախորժություն եթե սկսվեր հանրապետությունում, ինքը կթողներ պաշտոնը։ Ես իմ ընկերական շրջապատի մեջ էլ եմ ասել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: