ՌԴ պաշտպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ Արցախի շուրջ 70 բնակիչ բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Ստեփանակերտում տեղակայված դաշտային հոսպիտալ, որտեղ աշխատում են ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատները: Բնակիչների՝ հոսպիտալ դիմելու պատճառներն են եղել ռազմական գործողությունների արդյունքում սրված սիրտ-անոթային եւ էնդոկրին համակարգի հիվանդությունները, նաեւ ատամնաբուժական ծառայություններից օգտվելու անհրաժեշտությունը:
ՌԴ հատուկ նշանակության բժշկական ջոկատների կազմում Արցախ են ժամանել ավելի քան 100 ռազմական բժիշկներ, այդ թվում՝ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ եւ վարակաբաններ: Բժիշկները, միջին եւ կրտսեր բուժանձնակազմի ներկայացուցիչները մշտապես պատրաստ են ցույց տալ բարձրակարգ մասնագիտացված օգնություն:
Հատուկ նշանակության բոլոր բժշկական ջոկատների կազմում ներառված է լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունք, որն ունակ է օրվա մեջ իրականացնելու շուրջ 80 ռենտգենոլոգիական, ֆլյուրոգրաֆիական եւ այլ հետազոտություն, 40 բուժառուի ցուցաբերել վիրաբուժական եւ այլ բնույթի օգնություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ