Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է չհիմնվեն հին քարտեզի վրա, բնության մեջ, տարածքում հարմարեցնեն։ Եթե այդպես լինի՝ դա մեր շահերից կբխի հիմնականում». «Ժամանակ»

Դեկտեմբեր 02,2020 10:28

Սոթք համայնքը ներառող Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը քիչ առաջ էր վերադարձել հանքավայրի տարածքից և «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրավիճակը նորմալ է, վերահսկվում է մեր կողմից, ոչ մի լարված իրավիճակ չկա, չկա նաև առաջխաղացում հակառակորդի կողմից: «Բայց հանքն էլ մասնակի է աշխատում, մինչև հասկանանք՝ ինչ է լինելու։ Այս պահին դեռ անորոշ է տարածքների, բաժանման հետ կապված հարցը։ Երբ կոնկրետություն լինի ու պարզ լինի, թե որն է մեր տարածքը, ոչ մի խնդիր չի լինի։ Որ մասն էլ կանցնի հակառակորդին՝ դա արդեն վիճարկելի հարց է»,- ասաց Ավետյանը։

Նրա խոսքով՝ այս պահին դեռ ոչ մի հստակություն չկա, թե տոկոսային հարաբերակցությամբ որ մասն է մնում մեզ, որը՝ նրանց։ «Հնարավոր է չհիմնվեն հին քարտեզի վրա, բնության մեջ, տարածքում հարմարեցնեն։ Եթե այդպես լինի՝ դա մեր շահերից կբխի հիմնականում»,- ասաց համայնքապետը։

Մինչ կողմերը սահմանազատում են իրականացնում, մասնագետներն ահազանգում են, որ միջպետական սահմանները GPS համակարգով չեն գծում։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար, բնապահպան Արթուր Գրիգորյանի համար էլ հասկանալի չէ, թե ինչպես է հնարավոր GPS համակարգով սահման գծել։ Նրա խոսքով՝ GPS համակարգը չի կարող սահմանազատման համար հիմք հանդիսանալ: «Դա ասում են բոլոր մասնագետները։ Առհասարակ եթե նայեք հանքավայրերի տրամադրման կոորդինատները լեռնաստեղծման ակտով, կտեսնեք, որ դրանք տրված են ARM WJS համակարգով: Սա է այն համակարգը, որի շրջանակներում իրականացվում են քարտեզագրման աշխատանքներ։ GPS-ով սահման որոշելը ո՞րն է։ Էլ չասած դեմարկացիայի ու դելիմիտացիայի հետ կապված հարցերը, որոնք պարտադիր են միջպետական սահմանները կարգավորելու համար»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը նախօրեին անդրադառնալով Սոթքի հանքավայրի պատկանելությանն ու սահմանազատման աշխատանքներին՝ նկատել էր, որ երկրների միջև պաշտոնական պետական սահմանի որոշումը իրականացվում է բոլոր կողմերի միջև ձևավորված և համաձայնեցված մեխանիզմներով՝ լինի միջկառավարական հանձնաժողով, թե այլ։ Ադրբեջանը համապատասխան հանձնաժողովներ ձևավորել է, օրինակ, և՛ Վրաստանի հետ, և՛ Ռուսաստանի հետ, որոնց աշխատանքները տևում են տարիներ։

Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև երբևէ պաշտոնական դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունեցել։ «Սոթքի հանքավայրի վերաբերյալ նշեմ, որ խորհրդային տարիներին պաշարները հետախուզվել և գնահատվել են 3 անգամ՝ բոլորն էլ Խորհրդային Հայաստանի կողմից, բոլոր հանքային մարմիններով՝ հաստատվելով ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Ընդ որում, պաշարների հաստատման արձանագրություններում որևէ խոսք չկա հանքավայրի՝ Ադրբեջանին պատկանելու մասին»,- գրել էր փոխնախարարը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031