Ժամանակի ընթացքում ռազմական փորձագետները, քաղաքական վերլուծաբաններն ու դիվանագետները կուսումնասիրեն և կտան սթափ գնահատական, թե որոնք էին Արցախյան պատերազմում մեր պարտության խորքային պատճառները, սակայն, որ այդ պարտության գործուն պատճառներից մեկը 44 օր տևած տեղեկատվական ճգնաժամն էր՝ արդեն անվիճելի է:
Բոլորովին պարտադիր չէ ունենալ մասնագիտական խորը գիտելիքներ տարբերակելու համար պատերազմական իրավիճակին համապատասխանող տեղեկատվությունը ապատեղեկատվությունից: Բավական է ուղիղ նայել ընդամենը մեկ փաստի՝ կապիտուլյացիայի համաձայնագիրը ստորագրելուց դեռ հինգ րոպե առաջ հայկական լսարանը ամբողջ աշխարհում անվերապահորեն համոզված էր (ոչ թե հույս ուներ, այլ համոզված էր), որ ադրբեջանցիները հեսա-հեսա ետ են շպրտվելու Շուշիի մատույցներից և հայկական կողմի հաղթանակը կասկածի տեղիք չունի: Այս հարցում լսարանի աներեր հավատը 44 օր կռած պաշտոնական լրահոսի վերջին մեխը վարչապետի նոյեմբերի 9-ի գրառումն էր ֆեյսբուքում, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են: Եվ այդ ամենը իրականության այն ֆոնին, երբ երկու օր արդեն քաղաքը հակառակորդինն էր, իսկ հրադադարի համաձայնագիրը՝ վարչապետի սեղանին:
Այո, պատերազմական իրավիճակում տարվող տեղեկատվական քաղաքականությունը և ռազմավարությունը էականորեն տարբերվում են և պետք է տարբերվեն: Դրա մասին հատորներով աշխատություններ և հաստատված օրենքներ կան բոլոր ժամանակներում և բոլոր պետություններում երբևէ հաստատված ռազմական դրության պայմաններում, սակայն, ժամանակն է, որ այս հարցում լուրջ վերանայում կատարվի՝ ընդունված կանոնների, ավանդույթների և մեր ժամանակների տեղեկատվական իրականությունը հաշվի առնելով: Անհրաժեշտ է մշակել տեղեկատվական նոր հայեցակարգ և այդ գործում պաշտոնական տեղեկատվության պատասխանատուները չպետք է վերմակը միայն իրենց վրա քաշեն և անջրպետ կառուցեն իրենց ու լրատվամիջոցների միջև, ինչը, ըստ իս, արվեց այս պատերազմի ժամանակ և, պետք է հիշեն մեկ պարզ ճշմարտություն՝ մեր օրերում իրականությունն անհնար ու անիմաստ է թաքցնել և այդ իրականությունը գրագետ ու պատշաճ ներկայացնելու հարցում նրանց կարող են օգնել միայն լրագրողները:
Այն որ պատերազմական շրջանի պաշտոնական լրահոսի պատասխանատուները, կամա թե ակամա, հայաստանյան լրատվամիջոցների դերը հարյուրերորդական պլան էին մղել և լսարանի վստահության ամբողջ պաշարը միայն իրենց վրա էին վերցրել, անզեն աչքով էլ տեսանելի է: Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ երբ նոյեմբերի 9-ի երեկոյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը՝ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հայտնեց, թե Շուշին այլեւս գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ և լրատվամիջոցները տարածեցին այդ լուրը, լսարանի ամբողջ ցասումը փուլ եկավ լրագրողների գլխին՝ թե դուք դավաճան եք, նախկիններին եք ծառայում, կաշառված եք, որ խուճապ առաջացնեք, մինչև Արծրունը չասի, չենք հավատա և այլն: Եվ դա շարունակվեց, նույնիսկ, այն բանից հետո, երբ լրատվամիջոցները զանգեցին խոսնակին և տարածեցին նրա հաստատումն առ այն, թե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և իր էջը ոչ ոք չի կոտրել: Այսինքն` պաշտոնական տեղեկատվության հիպնոսի ֆոնին՝ լրատվամիջոցների խոսքի նկատմամբ ձևավորվել էր զրո վստահություն: Ինչո՞ւ: Քանի որ պաշտոնական լրահոսը, ըստ իմ դիտարկման, հայկական լրատվամիջոցների հետ ոչ թե համագործակցում էր, այլ նրան հատկացրել էր միայն իր կողմից տարածվող տեղեկատվությունը արտատպողի դեր: Մինչդեռ, կարող էր լինել արմատապես այլ պատկեր՝ լրատվամիջոցների հետ արհեստավարժ համագործակցության արդյունքում նախ լսարանը չէր հայտնվի տեղեկատվական կոլապսի մեջ և, երկրորդ՝ ամենակարևորը, հնարավոր կլիներ հավասարակշռել տեղեկատվական հոսքերը՝ վերածելով դրանք ոչ թե բացարձակ քարոզչության, այլ ճշմարտության չափաբաժին ունեցող իրական ինֆորմացիայի, որը պատերազմական վիճակին համահունչ գործելաոճ է:
Կարդացեք նաև
Երբ մոնիթորինգի ենք ենթարկում հայկական թերթերը, լրատվական կայքերը, հեռուստատեսային թողարկումները, ապա պարզ է դառնում, որ այդ շրջանում ԶԼՄ-ները համարյա չեն թողարկել այլընտրանքային և սեփական արտադրության տեղեկատվություն՝ ճակատում տիրող իրավիճակի մասին: Պատճառը ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներն են եղել և խիստ պատժամիջոցները: Նոյեմբերի 6-ի դրությամբ, օրինակ, ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 390 դեպք, որից 171-ը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից: 13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, լրատվական կայքերից մեկը հրապարակումը չի վերացրել, ուստի լրատվամիջոցը, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամի չափով։ Այս համատեքստում «Հրապարակ» օրաթերթի հոկտեմբերի 15-ի խմբագրականում կա իրավիճակը բնութագրող դիպուկ մի միտք. «Ի վերջո, ծանր տնտեսական կացության մեջ մի մեծ հերոսություն էլ չէ մեկ միլիոն դրամի տուգանք «շալակելը», երբ քո ճշմարտությամբ սարեր չես շրջելու եւ երկիր չես փրկելու, այլ ընդամենը սիրտդ ես հովացնելու»։
Պաշտոնական տեղեկատվություն ապահովող թիմի հաջորդ ճակատագրական սխալներից մեկն էլ լսարանի հուզականության գեներացմանն ուղղված անհարկի պաթետիզմի չարաշահումն էր, որը հանգեցրեց հասարակության զգոնության բթացմանը և, իհարկե, մամուլի խոսնակներին վերապահված լայն ու տարաբնույթ իրավասությունները: Օրինակ, ես չգտա ոչ մի պետությանն առնչվող ոչ մի այնպիսի օրինակ, երբ մամուլի խոսնակին վերապահված է իրավունք՝ պատերազմի շրջանում հրապարակավ և բաց տեքստով երկրի դեսպանին անվանել «ոչ գրագետ և ոչ սթափ», իսկ ահա Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, փաստորեն, լիազորված էր կամ ինքն իրեն էր լիազորել նման գործելաոճ, երբ սեպտեմբերի 29-ին իր ֆեյսբուքի էջում արեց հետևյալ խիստ անհարկի գրառումը. «Անհիմն հայտարարությունների փոխարեն լավ կլիներ օգտակար գործով զբաղվել, հատկապես, երբ այս օրերին դրանց ծավալը շատ շատ է: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել: Մոսկվայից Արցախ շատ բան տեսանելի չէ, բայց գոնե ընկալման հարցում պետք չէ կորցնել սթափությունը»: Անհասկանալի է, թե ինչո՞ւ և շատ վատ է, որ հակամարտության հարցում կարևորագույն դերակատարում ունեցող երկրում՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանի շուրջ նման տեղեկատվական ֆոն է ստեղծվում նախագահի մամուլի խոսնակի կողմից, այն էլ այն պարագայում, երբ հիմնավոր պատճառ չկա, իսկ լինելու դեպքում էլ ճիշտ կլիներ օգտվել դիվանագիտական խողովակներից, այլ ոչ թե խոսնակի ֆեյսբուքյան էջից:
Ընդհանրապես, իմ կարծիքով, մամուլի խոսնակները պետք է ունենան ընդամենը մեկ առաքելություն՝ սերտորեն համագործակցել լրագրողների հետ և լրատվամիջոցներին փոխանցել ճշգրտված ու հստակ տեղեկատվություն և միանշանակ, պետք է չունենան սեփական կարծիքի իրավասություն, քանի դեռ իրենց ձեռքում են պահում մամուլի խոսնակի խոսափողը:
Հայտնի արտահայտություն է, որ պատերազմը խաբելու արվեստ է, սակայն չպետք է մոռանալ, որ այն ոչ թե սեփական հանրությանը, այլ հակառակորդին խաբելու արվեստ է և նաև այն, որ զորքի ու թիկունքի մարտունակությունը բարձրացնելու հարցում հստակ պետք է տարանջատել քարոզչությունը ապատեղեկատվությունից կամ կիսատ մատուցված տեղեկատվությունից:
44 օր տևած պատերազմի ընթացքում բազմաթիվ ազդակներ եղան, երբ պաշտոնական լրահոսը պարտավոր էր վերանայել իր որդեգրած քաղաքականությունը, քանզի ակնհայտ էր, որ այն անվտանգության իրական սպառնալիքի կարող էր վերածվել: Օրինակ, երբ Քաջարանի և Մեղրիի համայնքապետերը ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կոչով հանդես եկան, դա ոչ միայն չընկալվեց ադրբեջանցիներին ամեն օր ֆեյսբուքում «զգետնող» հայկական լսարանի կողմից, այլ նաև եղան պահանջներ՝ քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ համայնքների ղեկավարներին՝ անտեղի խուճապ առաջացնող հայտարարություններ տարածելու համար:
Այսքանից հետո անգամ, պաշտոնական տեղեկատվությունը չփոխեց իր ռազմավարությունը՝ կրկին հանգստացնելով հասարակությանը, թե ամեն ինչ կարգին է, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Եվ, հարգելի գործընկերներ, նման պայմաններում, դուք ինչպե՞ս էիք պատկերացնում, որ իր մտքի և հոգու խորքում պատերազմն արդեն հաղթած հասարակությունը, կարող է մոբիլիզացվել և շտապել ռազմաճակատ ՝ վրա հասած օրհասական պահը բեկանելու համար:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ