Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական առաջնագծում կանգնածը երբեք չի մտածում, որ մի թիզ հող ենք թողնելու թշնամուն: Կամաց-կամաց վերականգնվելու է». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 02,2020 08:20

ԵԿՄ Կենտրոնի եւ Շենգավիթի համատեղ վաշտը՝ պահեստի փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանի հրամանատարությամբ 4 օր առաջ է վերադարձել առաջնագծից: Արցախում պատերազմից ի վեր սա արդեն նրանց երրորդ հերթափոխն է:

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանն ասում է՝ մի քիչ ժամանակ է պետք՝ մեջքը ուղղելու համար. «Այս ժամանակը պետք է օգտագործենք մեր բանակին օգնելու համար, բանակի մեջքին լինենք, մինչեւ ոտքի կանգնեն, մեր զինվորները մի հատ հանգստանան, ուշքի գան էդ ծանր մարտերից հետո: Դրա համար ավագ սերունդը, մենք՝ երկրապահներս, օր ու գիշեր կմնանք սահմանին, մինչեւ էդ էրեխեքը վերականգնվեն, գան հասնեն իրենց ծառայությանը»,- ասաց փոխգնդապետը՝ հիշեցնելով, որ պատերազմի ընթացքում զոհվել ու վիրավորվել են նաեւ բազմաթիվ երկրապահներ:

Վիրավորների թվում է նաեւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: Հարցին, թե ինչպե՞ս է Միքայելյանը իրեն զգում՝ Ռոմիկ Մխիթարյանը պատասխանում է՝ լավ է, ամենակարեւորը՝ ինչպես նրա, այնպես էլ բոլոր երկրապահների դուխը տեղն է:

Թե ինչպե՞ս է դա նրանց հաջողվում՝ հուսահատության ու հուսալքության տարածման այսպիսի պայմաններում՝ փոխգնդապետը նկատում է.

«Չի կարելի, ո՞նց կարող է հայ զինվորը, հայ կամավորականը հուսալքվի: Էդ հուսալքության դեմ պիտի պայքարենք, հենց էդ դուխը պիտի վերականգնենք: Ընդամենը դուխն է պետք վերականգնել, վերականգնեցինք՝ միանշանակ հաղթող ենք»:

Ամեն մի քանի օրը մեկ նոր տարածքների հանձնման տեսարանների ֆոնին, համացանցում տարածվող նկարների ու գրառումների պայմաններում դա հնարավո՞ր է՝ կրկին հետաքրքրվում եմ.

«Վայ էդ համացանցը, ինչ անում է, այդ համացանցն է անում: Իրական առաջնագծում կանգնածը երբեք չի մտածում, որ մի թիզ հող ենք թողնելու թշնամուն: Կամաց-կամաց վերականգնվելու է»,- վստահեցնում է ԵԿՄ-ական վաշտի հրամանատարը:

Նա իր վաշտով եղել է ե՛ւ Ջաբրայիլում, ե՛ւ Ֆիզուլիում, ե՛ւ Հադրութում: Ավելին՝ երկու օր շրջափակման մեջ են մնացել, բայց կարողացել են դուրս պրծնել: Խոսելով պատերազմի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության մասին՝ ասում է՝ շատ ծանր են ընդունել այդ որոշումը՝ չնայած նրան, որ լավ էին հասկանում, որ պարտվել ենք:

Իսկ պարտվել ենք միայն ԱԹՍ-ներին՝ վստահ է փոխգնդապետը: «Ամենագլխավոր խնդիրը ԱԹՍ-ներն էին, ամենամեծ խնդիրը դրանք են առաջացրել, թե չէ մենք հակառակորդին լավ էլ ծեծել ենք ամբողջ պատերազմի ընթացքում: Խոսքը իրենց հետեւակի եւ ամբողջ տեխնիկայի մասին է: Ինչքան էլ որ իրենք շատ էին, ինչքան էլ որ թուրքեր էին, պակիստացիներ ու եսիմինչեր, ամեն դեպքում մենք ծեծում էինք իրենց, հաստատ»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031