Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգու հիգիենա

Դեկտեմբեր 02,2020 08:00

«TV ալիք». Ինչպես ծաղկավաճառն է աճեցնում գեղեցիկ, հրաշալի ծաղկատեսակներ, այնպես էլ դուք փորձեք ձեր ներաշխարհը լցնել գեղեցիկ, դրական մտքերով։ Ցանկացած հասուն մարդ գիտի, թե ինչ է հիգիենան։ Նույնիսկ երեխաները փոքր հասակից սովորում են խնամել մարմինը, մաքուր պահել այն։ Իսկ ահա ի՞նչ է հոգու հիգիենան կամ ինչպես ասում են՝ փսիխոհիգիենան։ Այս մասին թերեւս ոչ բոլորը գիտեն։ Մինչդեռ այսօր փսիխոհիգիենան դառնում է շատ կարեւոր, ինչպես մարմնի հիգիենան։

Ի՞նչ է հոգու հիգիենան։ Որպես գիտություն այն ուսումնասիրում է մարդու հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման ձեւերն ու միջոցները։ Քանի որ մարմինն ու հոգին մեկ ամբողջություն են, ապա հոգու հիգիենան վերաբերում է օրգանիզմին ընդհանրապես։ Չէ՞ որ մեր առողջությունն ուղղակիորեն կախված է մեր մտքերից եւ հույզերից։ Օրգանիզմի վիճակը մեր ներաշխարհում կատարվող մտքերի եւ հույզերի պատասխան ռեակցիան է։ Հետաքրքիր փաստ է՝ հետեւելով մեր ներքին հույզերին եւ մտքերին, մենք կարող ենք կանխել շատ հիվանդությունների զարգացումը։

Ինչո՞ւ հոգու հիգիենայի մասին սկսեցին խոսել բոլորովին վերջերս։ Պատասխանը շատ պարզ է։ Նախկինում մարդուն առաջնայինը մտահոգում էր ֆիզիկական անվտանգության պահպանման խնդիրը։ Մարդիկ մտահոգված էին սնունդ հայթայթելով եւ իրենց ֆիզիկական անձը անվտանգ պահելու հարցով։ Ժամանակակից աշխարհում զարգացման այսպիսի խելահեղ ընթացքի պայմաններում, անկանխատեսելիության բարձր ռիսկերով կյանքում մարդու անվտանգության, ինքնապահպանման հարցում կարեւոր է դառնում հոգեկան վիճակի բաղադրիչը։ Եթե նախկինում մարդը ձգտում էր իր գոյությունը պահպանել ֆիզիկապես, ապա այժմ ձգտում է այն պահպանել նաեւ հոգեբանորեն։

Հոգու հիգիենան ներառում է մի քանի բաղադրիչներ։ Ներկայացնենք դրանք։

Մտքի հիգիենա

Յուրաքանչյուր մարդ պարբերաբար բախվում է ոչ այնքան հաճելի իրադարձությունների՝ հարազատի հիվանդություն, մահվան լուր, անհաջողություն աշխատավայրում, ֆինանսական դժվարություններ։ Այս ամենն առաջացնում է տագնապի զգացում, բացասական մտքեր, որոնք հաճախ ուղղակի ազդում են մարդու ֆիզիկական վիճակի վրա, առաջանում գլխացավ, սրտի զարկերի հաճախացում, արյան ճնշման բարձրացում, դող։ Ի՞նչ անել այդ պահին։ Ամենակարեւորը՝ թույլ չտալ, որ բացասական հույզերը ներթափանցեն սեփական ներաշխարհ։ Սակայն եթե դուք զգում եք, որ դա անհնար է, ապա սովորեք կամաց-կամաց ազատվել նեգատիվ մտքերից։ Օրինակ՝ «Այո, աշխատավայրում ստեղծված կոնֆլիկտն ինձ անհանգստացնում է, սակայն ես պետք է ամեն ինչ անեմ վիճակը կարգավորելու եւ այն բարեհաջող ավարտելու համար»։

Գլխավոր խորհուրդն այն է, որ պետք է զարգացնել միայն դրական մտքերը։ Դրա համար անհրաժեշտ է ինքնահարգանք, սեփական արժանիքների գիտակցում, որոնք անկասկած ունի մեզանից յուրաքանչյուրը։ Ինչպես ծաղկավաճառն է աճեցնում գեղեցիկ, հրաշալի ծաղկատեսակներ, այնպես էլ դուք փորձեք ձեր ներաշխարհը լցնել գեղեցիկ, դրական մտքերով։ Մտքերը հարկավոր է ընտրել այնպես, ինչպես ընտրում ենք հագուստը եւ կոշիկը։

Հույզերի հիգիենա

Ինչպես որ նեգատիվ եւ պոզիտիվ մտքերն են ազդում մարդու առողջության վրա, այնպես էլ ճիշտ նույն կերպ ազդում են դրական եւ բացասական հույզերը։ Պետք չէ իմաստուն լինել հասկանալու համար, որ բացասական մտքերն առաջացնում են բացասական հույզեր (զայրույթ, չարություն, վիրավորանք, վախ եւ այլն)։ Իսկապես, միշտ լինելով անտրամադիր վիճակում եւ նեգատիվ հույզերի մեջ՝ երբեք մի կարծեք, որ կունենաք լավ առողջություն։ Գլխավոր խորհուրդը՝ սովորել կառավարել սեփական հույզերը։ Դա նշանակում է, որ մարդն ինքը պետք է կարողանա ազատվել տագնապի եւ վախի զգացումներից։ Դրա համար հարկավոր է չխորանալ այդ հույզերի մեջ, օրինակ՝ մտածել այսպես. «Այո, այսօր ես տրամադրություն չունեմ, բայց փորձում եմ ժպտալ», թեկուզ դա կարող է շատ դժվար լինել։ Այդ ժամանակ օրգանիզմը կսկսի արտադրել սերոտոնին կոչվող հորմոնը, այսպես կոչված՝ «երջանկության հորմոնը», եւ դուք ձեզ ավելի լավ կզգաք։ Իսկ հոգեթերապեւտները այդ բոլորը բացատրում են նրանով, որ դեմքի միմիկայի մկանները, երբ ժպտում ես, ուղեղ են ուղարկում որոշակի իմպուլսներ. «լայնացրեք արյունատար անոթները», ինչն էլ լավացնում է ուղեղի մատակարարումը թթվածնով։ Կենտրոնական նյարդային համակարգը սկսում է արտադրել էնդորֆին կոչվող հորմոնը, եւ դուք դառնում ենք ավելի ուրախ, լավատես, բարեհոգի։ Իսկ ծիծաղկոտ մարդու հետ միշտ էլ հաճելի է շփվելը, քան, օրինակ, մռայլ կամ ինչպես ասում են` «նոթոտ» մարդու հետ։ Ի դեպ, կան երկրներ, որտեղ ժպիտը իրենց ամենօրյա կյանքի կարեւոր բաղադրիչն է։

Անցյա՞լ, Ապագա՞. ոչ, ներկա

Անցյալի եւ ապագայի հետ մենք կապված ենք մշտապես։ Եթե մարդու միտքն անընդհատ ուղղված է դեպի անցյալը, հիշողությունները քաշում են ետ՝ թույլ չտալով առաջ գնալ։ Սովորաբար այդպիսի մարդկանց ուղեղում պտտվում է 2 սցենար.

1-ին.- Մարդը հիշում է այն ամեն լավը, ինչը եղել է իր անցած երիտասարդ տարիներին։ «Ահա,- մտածում է ուղեղը,- ինչ փառահեղ էր անցյալը՝ երիտասարդ ուժերով, երազանքներով, նպատակներով։ Իսկ այժմ ոչ ուժ կա, ոչ առողջություն, մոտենում է ծերությունը…»։ Հաստատ նման մտքերը խանգարելու են առողջ լինելուն։

2-րդ.– Նույնպես կապված է անցյալի հետ, սակայն այդ դեպքում մարդը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ անցյալի ցավագին դրվագները։ Ուղեղում անընդհատ վերարտադրվում են մեկ վիրավորանք, մեկ կոնֆլիկտներ, մեկ վրեժի ցանկություն, ուղեղը վերադարձնում է այն իրավիճակները, երբ եղել է բամբասանք, վիրավորանք, վեճեր, խարդավանքներ։ «Հիշում է` որքան լավ բան եմ արել այս կամ այն մարդու համար, իսկ ի՞նչ եմ փոխարենը ստացել։ Անշնորհակալ վերաբերմունք, երախտամոռություն, մոտավորապես այս ասացվածքի պես. «Լավություն անողի գլուխը ծակ է»։ Ահա այս սցենարի դեպքում մարդը նույնպես իրեն կապում է նեգատիվ հույզերի հետ` չմտածելով, որ դա այլեւս կարեւոր չէ, որ դա անցյալում է։ Իսկ այդպես մենք այդ հույզերը տեղափոխում ենք մեր հետագա կյանք։

Եթե նախորդ սցենարների դեպքում մարդը կենտրոնացել էր անցյալի վրա, ապա կան նաեւ լրիվ հակառակ մտածելակերպ ունեցող մարդիկ: Նրանց մտքերը հրաշալի կյանքի մասին են, բայց ապագայում։ Այսպես մտածելով՝ մարդիկ պարզապես ներկայով չեն ապրում, այլ մտադրվում են ապրել ապագայում։ Հարկավոր է քննադատաբար վերլուծել սեփական ձգտումները. «Ի՞նչ է, ես անընդհատ մտածում եմ միայն ապագայի մասին։ Ոչ մի տեղ չեմ գնում, ամեն ինչում ինձ սահմանափակում եմ, ի՞նչ է՝ կյանքը տեղում կանգնա՞ծ է։ Կյանքը գնում է, իսկ ես ինչ-որ սպասում եմ…»։ Ի՞նչ անել։ Չէ՞ որ իրոք մարդը վատ է զգում, անհարմար, տխուր է այսօրով, իր տեղը չի գտնում, իրեն երջանիկ չի զգում։ Այստեղ կարող է լինել մեկ պատասխան՝ ապրել ներկայով։ Ուրեմն մարդն իր համար պետք է կայուն որոշում կայացնի մոտավորապես այսպես. «Այո, ես ափսոսում եմ իմ երիտասարդության եւ անցած-գնացած ժամանակի համար։ Փոխարենը ես կայացած մարդ եմ կյանքի հարուստ կենսափորձով, որը կարող է խուսափել սխալներ գործելուց եւ երջանիկ ու հանգիստ ապրել»։ Հակադրելով ներկան անցյալին ու ապագային՝ մարդը ընտրում է այսօրը եւ ոչ թե անցյալը կամ ապագան։ Անցյալն անցած է, այն արդեն չկա, ապագան առջեւում է։ Ամենակարեւոր պահը ներկան է, այսօրը, հատկապես այս պահը, որը դու ապրում ես։

Սովորեք նպատակ դնել

Մարդու բնույթն այնպիսին է, որ միայն նպատակներ ունենալն է իմաստավորում նրա կյանքը, դառնում շարժիչ ուժ։ Նպատակասլաց մարդը հեշտությամբ է հաղթահարում խոչընդոտները, պատրաստ է աշխատել իր վրա հանուն վերջնական նպատակի։ Դա օգնում է նաեւ անընդհատ նորովի նայել կյանքին։ Պարտադիր չէ շատ բարձր նպատակների ձգտել, թեեւ որքան բարձր է նպատակը, այնքան շատ էներգիա է ստանում մարդ։ Հիշենք մայր Թերեզային, ով բավականին մեծ տարիքում փորձում էր օգտակար լինել մարդկանց՝ շրջելով ամբողջ աշխարհում։ Իհարկե, անպայման չէ, որ բոլորս դառնանք մայր Թերեզա, բայց կարելի է ձգտել օգտակար լինել մարդկանց, մտածել` ինչպես կարելի է մանկատան երեխաներին կամ կարիքավորներին օգնել եւ այլն…

Աշխատանքի եւ հանգստի հիգիենա

Մեր կյանքը կազմված է աշխատանքի եւ հանգստի ժամերից։ Այս հարաբերակցությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է։ Ոմանք սիրում են ավելի շատ աշխատել, քան հանգստանալ եւ հակառակը։ Կյանքի որակը որոշվում է այն բանով, թե որքան եւ ինչպես ենք հանգստանում եւ աշխատում։ Եթե աշխատանքը ձեր սրտով չէ, տհաճությամբ եք այն կատարում, ապա ոչ միայն արագ կհոգնեք, այլեւ կունենաք նյարդային լարումներ։ Նման դեպքում խորհուրդը հետեւյալն է՝ եւ աշխատանքը, եւ հանգիստը պետք է լինի սիրով։ Իսկ թե ինչպես բաժանել ժամանակը, կախված է յուրաքանչյուր մարդու նախասիրությունից։ Մարդիկ կան, որ կարող են երկար ժամանակ անընդհատ աշխատել, մարդիկ էլ կան, որ աշխատանքը բաժանում են մասերի եւ հանգստանալով աշխատում են։ Ճիշտ նույն կերպ էլ հանգիստն է. մեկը սիրում է զբոսնել, մյուսը՝ կարդալ, մյուսն էլ՝ պարել կամ երաժշտություն լսել։ Պետք է ընտրել այն, ինչը հաճելի է ձեր օրգանիզմին եւ հարազատ է ձեր հոգեբանությանը։

Շրջապատի հիգիենա

Մարդու վրա ամեն ինչն ազդեցություն ունի՝ եղանակը, լուսավորվածությունը, պատերի գույնը, աղմուկը եւ այլն։ Եթե ապրում եք ձեզ համար ոչ հաճելի պայմաններում, ապա վաղ թե ուշ անկախ ձեր կամքից կունենաք սթրեսներ։ Իսկ ամենաուժեղ ազդեցությունը մարդու վրա թողնում են իրեն շրջապատող մարդիկ։ Օրինակ՝ եթե ձեր կողքին ապրում է նեգատիվ տրամադրված մարդ, ապա նրա անդուր տրամադրությունն ազդելու է ձեզ վրա։ Եվ միշտ չէ, որ մարդն ունակ է հակադրվել կամ հաղթահարել նեգատիվը։ Աշխատեք հեռու մնալ նման մարդկանցից կամ փորձել հասկանալ նրանց։ Դա հնարավորություն կտա չչարանալ եւ հանդարտություն պահպանել։ Իսկ, իհարկե, ամենալավն այն է, որ շփվեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ համար հաճելի են եւ համախոհ են, ովքեր կոնֆլիկտներ չեն ստեղծում եւ դատարկ պատճառներով չեն վիճաբանում։ Իսկ ովքեր նեգատիվն են սփռում շրջապատում, պարզապես իրենց հետ չարժե շփվել։ Հիշեք, որ ձեր տրամադրությունը եւ ձեր առողջությունն ուղղակի ձեր ձեռքում են։

Պատրաստեց Շուշանիկ ՔՈՍՅԱՆԸ

Հոդվածը հրապարակվել է «TV ալիք» շաբաթաթերթի նոյեմբերի 26-ի թիվ 48 համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031