Հայրենիքի զինվորը զոհվեց` իր հետեւից թողնելով հավիտենական հպարտություն
«Շատ էր սիրում իր հայրենիքը, գյուղը, տունը ու երբեք չէր մտածում հայրենիքը լքելու մասին։ Բանակ զորակոչվելուն էլ շատ էր սպասում։ Հպարտ էր, որ զինվոր է ՝ իր հայրենիքի զինվորը»,- այս խոսքերով է եղբորը նկարագրում Արցախյան պատերազմի ընթացքում զոհված Դավիթ Դանիելյանի քույրը՝ Քնարիկ Դանիելյանը։
Հայրենիքի զինվոր Դավիթ Դանիելյանը Արարատի մարզի Հովտաշատ գյուղից էր։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 24-ին։ Սովորել էր Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջում եւ ուզում էր դառնալ ծրագրավորող։
Պատերազմը սկսվեց Դավիթի ծննդյան օրը ՝ սեպտեմբերի 27-ին։ Քաջ, ընկերասեր 19-ամյա Դավիթը մեկն էր այն հերոսներից, որն ընկավ ռազմի դաշտում։ Չխնայելով իր կյանքը՝ Դավիթը պատերազմի ողջ ընթացքում պայքարել է հանուն հայրենիքի եւ այդ պայքարի ընթացքում անգամ չի մոռացել ընկերների մասին։
Կարդացեք նաև
«Երբ իմացանք, որ ձեռքում գտել են զոհված ընկերոջ խաչը ու մաշված զինվորական գրքույկը, հասկացանք՝ նույնիսկ մահն էր հանուն ընկերոջ» – պատմում է Դավիթի քույրը՝ Քնարիկ Դանիելյանը։
Դավիթը պատերազմի ընթացքում շատ փորձությունների միջով անցավ, շատ ընկերներ կորցրեց եւ շատ վայրերում պայքարեց, բայց չհանձնվեց։ Դավիթն ուզում էր, որ իրենով հպարտանային, բայց չէր պատմում իր հերոսությունների մասին։ Ասում էր՝ «կգամ կպատմեմ»։ Շատ էր ուրախանում խրախուսանքի կամ մեդալի արժանանալիս։ «Մինչեւ հիմա հիշում եմ իր ձայնը, որ զանգել էր տուն եւ ասում էր, որ «Քաջարի մարտիկ» մեդալն է ստացել։ Այնքան էր ուրախացել ու այնքան էր ուզում, որ իրենով հպարտանանք։ Ու հիմա ինքը մեզ թողեց հավիտենական հպարտություն»,-ասում է հերոսի քույրը։
Դավիթը չէր սիրում անարդարությունը։ Միշտ օգնում էր նրանց, ովքեր ունեին դրա կարիքը։ Ուրախ էր, երբ իր ընտանիքի անդամները նույնպես ուրախ էին։
«Շատ էր մտածում մեր մասին։ Նույնիսկ պատերազմի այդ դժվարին պահին, երբ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, տորթ էր ուղարկել մայրիկի ծննդյան առթիվ,- պատմում է քույրը։ Հավելում է, որ որպես իր ծննդյան օրվա նվեր Դավիթը խնդրել էր «Կնքահայրը» գիրքը։ 50 էջը կարդալուց հետո չէր կարողացել շարունակել, քանի որ սկսվել էր պատերազմը, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցել էր ինքը դառնալ կնքահայր, երբ մարտից առաջ զինվորները Սուրբ մկրտություն էին ստանում։
Իր տեսակով նպատակասլաց, պայքարող Դավիթին բոլորն են հիշում, բոլորն են սիրում։ Հարազատներն ու ընկերները իր հետ անցկացրած ցանկացած պահ ու ժամ այլեւս չեն կարող մոռանալ։
«Երբ դեռ բանակ չէր գնացել, միասին նստած զրուցում էինք, ասացի՝ Դավ, այնքան կուզեմ ամբողջ կյանքում միասին լինենք։ Եկավ նստեց կողքիս ասաց՝ խոսք եմ տալիս, գնամ բանակ գամ, մինչեւ կյանքի վերջ լավ քուր ու ախպեր ենք լինելու», – պատմում է Դավիթի հորեղբոր աղջիկը՝ Շուշան Դանիելյանը։
Դավիթի մասին խոսելիս իր մտերիմ ընկերներից Նարեկ Հովհաննիսյանն էլ հիշում է՝ Դավիթի դեմքից ժպիտը միշտ անպակաս էր։ Իրենց շրջապատում ամենաուրախն էր, իսկ Նարեկի համար անփոխարինելին. «Ինքն ամենալավն էր, ինչքան լավը ասեմ` քիչ է իր համար։ Միշտ կողքիս էր, ճիշտ խորհուրդներ էր տալիս, օգնում էր ամեն հարցում։ Ես միշտ զգալում եմ իր կարիքը»
։
Դավիթը Նարեկի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 5-ին։ Վստահեցրել է՝ «Ամեն ինչ լավ է լինելու, Աստված իր հետ է»։ Սակայն, պատերազմը սկսվեց Դավիթի ծննդով, Դավիթի մահով էլ ավարտվեց՝ նոյեմբերի 9-ին Դավիթն անմահացավ:
Ընկերների, հարազատների համար Դավիթը հաղթել է պատերազմում, որովհետեւ հաղթել է վախին, դժվարություններին։ Դավիթին տված իրենց խոստումը պահելու են եւ հաստատակամ են իրենց որոշման մեջ՝ Դավիթի նպատակներն ու իղձերն անկատար չեն թողնելու:
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Դանիելյանի քույրը