Քսանից ավելի հայցերի կողքին ԱԻՆ-ի դեմ կա մեկ հայցադիմում, այն էլ հասարակական կազմակերպությունից
2021թ. մարտի 9-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության` ԱԻՆ-ի բողոքի քննությունը: Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Գրիգորյանի հայցը վարչական դատարանը բավարարել էր եւ անվավավեր է ճանաչվել ԱԻՆ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթ իրականացնող եւ պատասխանատվության միջոցներ կիրառող հանձնաժողովի 2018 թ. հոկտեմբերի 9-ի «Տուգանք նշանակելու մասին» թիվ 030 եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բողոքարկման հանձնաժողովի 28.11.2018 թվականի թիվ 028 որոշումները։ Անհատ ձեռնարկատեր Գուրգեն Գրիգորյանը 20.12.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱԻՆ-ի` թիվ 030 որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջի մասին։
2019 թ. մարտի 27-ի դատարանում ստացվել է նախարարության առարկությունը հայցադիմումի վերաբերյալ։ Դատարանի 17.04.2019 թվականի որոշմամբ վարչական գործը նշանակվել է դատաքննության։ Հայցվորը 2009 թվականից Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մշտապես պարտադիր կատարել է իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննություն եւ երբեք այն չի ուշացրել։ Փորձաքննությունը մշտապես իրականացվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ֊ում՝ փորձագետ Կարեն Մկրտչյանի կողմից։
Փորձաքննություն իրականացնելու համար զանգով եւ բանավոր դիմել է ՊՈԱԿ-ին, մասնավորապես՝ փորձագետ Կարեն Մկրտչյանին, սակայն վերջինս հայտնել է, որ «առայժմ փորձաքննություն իրականացնելու հրաման չունեն», ապա ասել են` «առանց որեւէ գրավոր դիմումի կգան եւ կկատարեն փորձաքննությունը»։
Կարդացեք նաև
Սակայն փորձաքննություն առայժմ չի իրականացվել: Հայցվորը հայտնել էր, որ 2018 թվականի հոկտեմբերին առանց որեւէ գրավոր ծանուցման իրենց տեղային տեսուչ Կ. Միրզոյանը իրեն հայտնել է, որ պետք է ներկայանա նախարարություն՝ ժողովի, սակայն չի հայտնել, թե ինչ հարցով է հրավիրված ժողովը։ Ներկայացել է նախարարություն, որտեղ պարզվում է, որ քննարկվում է իր կողմից արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության օբյեկտի հերթական փորձաքննություն չիրականացնելու մասին հարցը։
Նախարարության տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթ իրականացնող եւ պատասխանատվության միջոցներ կիրառող հանձնաժողովը թիվ 030 որոշմամբ հայցվորին ենթարկել է պատասխանատվության՝ տուգանելով 1.000.000 ՀՀ դրամի չափով։ Նշված որոշումը բողոքարկվել է վարչական կարգով 15.11.2018 թվականին։ Նախարարության բողոքարկման հանձնաժողովը նրա բողոքը մերժել է։
Ըստ հայցվորի, փորձաքննությունը չի իրականացվել իրենից անկախ պատճառներով, իսկ հանձնաժողովը չի ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները։ Այսինքն՝ տվյալ դեպքում վարչական ակտը իրավական տեսանկյունից հիմնավորված չէ։
Ըստ պատասխանող ԱԻՆ-ի, հայցվորն իր կողմից շահագործվող ԱՎՕ-ների փորձաքննություններն իրականացրել է երկու տարբեր ՍՊԸ-ների միջոցով։
Հետեւաբար, փորձաքննություն չանցկացնելը հիմնավոր պատճառ չէ վերջինիս կողմից իր պարտականությունների չկատարումը հարգելի կամ իրավաչափ համարելու համար։ Պարզվել էր, որ մեկ վտանգավոր օբյեկտ էլ ամենամյա տեխնիկական անվտանգության փորձաքննություն չէր անցել:
ԱԻՆ-ի դեմ դատական գործընթացների աճ կա վարչական դատարանում: Մասնավորապես, ներաշխատանքային վեճերը շատացել են:
Հայկ Արամյանը (ներկայացուցիչ՝ Ռուբեն Ժամագործյան) 2020թ. ապրիլի 1-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱԻՆ-ի՝ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վ. Օհանյանի թիվ 89-Ա հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետեւանք՝ Հայկ Արամյանին նախկին աշխատանքում (պաշտոնում) վերականգնելու, պատասխանողից հօգուտ հայցվորի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձելուն պարտավորեցնելու» պահանջի մասին: Բագրատ Զաքարյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2020 թ. փետրվարի 17-ի թիվ 229 հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դատարանը պահանջել է վարչական դատարանին ներկայացնել ԱԻՆ-ի 2020 թվականի թիվ 229 հրամանն արձակելու համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճենները։
Կարեն Գեւորգյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի թիվ 987-Ա հրամանն անվավեր ճանաչելու եւ որպես անվավերության հետեւանք՝ հայցվորին իր զբաղեցրած պաշտոնում վերականգնելուն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հայցվորի ունեցած ծառայության կոչման աստիճանին եւ ստաժին համապատասխան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, վերականգնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործը դատական գործընթացում է:
Սերգեյ Ծատուրովը դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 11-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեմ` 2019 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 17/1300-Ա հրամանը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջի մասին: 2020թ. մարտի 2-ից հայտնի չէ, թե դատարանը հետագայում ինչ գործընթաց է սկսել: Հեռավար դատական գործընթացը թույլ չի տալիս հաճախ իմանալ, դատարանը ինչ քայլեր է կատարել, արդյոք գործը նախապատրաստական փուլում է, թե դատաքննություն է սկսվել:
Քսանից ավելի հայցերի կողքին ԱԻՆ-ի դեմ կա մեկ հայցադիմում, այն էլ հասարակական կազմակերպությունից: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատարանին հայտնել է, որ 23.01.2017թ.-ին կազմակերպության աշխատակիցները կազմակերպության գրասենյակի դուռը գտել են կոտրված եւ բաց վիճակում: Տեղում գտնվող «Կենտրոն» համատիրության աշխատակիցները տեղեկացրել են, որ 22.01.2017թ.-ի լույս գիշերը, ժամը 00:36-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կազմակերպության կողմից վարձակալվող 4-րդ հարկի թիվ 24 բնակարանից ջուր է լցվում նույն շքամուտքի 3-րդ հարկի թիվ 22 բնակարան եւ դրանով պայմանավորված՝ ԱԻՆ աշխատակիցները կոտրել են գրասենյակի դուռը եւ մուտք գործել գրասենյակ:
Նշվել է, որ «Կենտրոն» համատիրության աշխատակիցների եւ նախարարության կողմից բացատրություն չի տրվել այն հարցի վերաբերյալ, թե ինչո՞ւ այլ միջոցներով, օրինակ, ընդհանուր շենքի ջրամատակարարումը դադարեցնելու միջոցով չի կանխվել ջրի արտահոսքը: Կազմակերպությունը դիմել է ՀՀ ոստիկանություն, նաեւ դիմել է նախարարություն՝ խնդրելով տրամադրել նախարարության աշխատակիցների կողմից կազմակերպության դուռը կոտրելու եւ գրասենյակ մուտք գործելու գործընթացի տեսաձայնագրությունը եւ կամ ահազանգի ստացման եւ գործողությունների իրականացման ճշգրիտ ժամանակահատվածը:
ԱԻՆ աշխատակիցների կողմից գործողությունների իրականացման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է, սակայն կազմակերպությունը կրկին է դիմել ԱԻՆ՝ խնդրելով տրամադրել կազմակերպության դուռը կոտրելու եւ տարածք մուտք գործելու տեսաձայնագրությունը: Սակայն պաշտոնական գրությամբ ԱԻՆ-ը պատասխանել է, որ տեսաձայնագրությունը չի կարող տրամադրվել՝ հիմք ընդունելով ‹‹Անձնական տվյալների պաշտպանության մասին›› ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 26-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, ինչպես նաեւ ‹‹Տեղեկատվության ազատության մասին›› ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը: Նշվել է, որ պահանջվող տեղեկատվությունը կտրամադրվի իրավապահ մարմինների կամ դատարանի հայցման դեպքում:
Նշվել է, որ դեպքի կապակցությամբ կազմակերպությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, ինչպես նաեւ տեղեկացել է, որ ջրի արտահոսքի հիմքով այլ անձին սեփականության իրավունքով պատկանող տարածք մուտք գործելու առնչությամբ ԱԻՆ-ը հաստատված պրակտիկա չունի:
Գործընթացն անցել է վերաքննիչ վարչական դատարան, եւ Վճռաբեկ դատարան, որը վերջերս որոշում է կայացրել բողոքն առանց քննության թողնելու մասին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ