Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցանակային առաջին տեղը կիսեցին «Առավոտ»–ի լրագրողները

Դեկտեմբեր 01,2020 23:25

Դեկտեմբերի 1-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Կրթություն հանուն փոփոխությունների» լրագրողական մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

Այն իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի շրջանակում՝«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան»( DVV International Armania)-ի կողմից «Հանրային լրագրության ակումբ (ՀԼԱ)» ՀԿ-ի հետ համատեղ: Լրագրողներից բացի, մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեին նաեւ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք, ինչպես նաեւ նախկին դատապարտյալներ։

Այս անգամ մրցույթին քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 17 անձ էր մասնակցել։ ՀԼ ակումբի հաղորդակցության եւ մեդիայի մասնագետ, մրցատյանի անդամ Ալեքսանդր Մարտիրոսյանը նշեց, որ բոլոր մասնակից դատապարտյալները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ չորս հոգի արժանացան դրամական մրցանակների։ Դատապարտյալներ Հայկ Թորոսյանն ու Արտակ Ճաղարյանը կստանան 80 000–ական դրամի, իսկ Միքայել Մարտիրոսյանն ու Գեորգի Խանումյանը՝ 100.000–ական դրամի անվանական քարտեր։ Մրցանակակիր բոլոր դատապարտյալները «Արմավիր» ՔԿՀ–ից էին։ Արդեն եկող շաբաթվանից ՀԼ ակումբի աշխատակիցները ձեռնամուխ կլինեն դատապարտյալներին մրցանակներ հանձնելու գործընթացին։

Մրցատյանի անդամ Ampop.am-ի գլխավոր–խմբագիր Սուրեն Դեհերյանը մինչ անդրադառնալը լրագրողական աշխատանքներին, մասնավորապես նշեց, որ դատապարտյալների նյութերը կարդալուց «բացահայտումներ արեց եւ կարծես որոշակի դասեր ստացավ»։ Փակ տարածքում գտնվողները, ըստ Դեհերյանի, կարծես հորդորում են ազատության մեջ գտնվողներին ժամանակը իզուր չվատնել, ռեսուրսները ճիշտ գնահատել։ Անդրադառնալով լրագրողական աշխատանքներին՝ փորձագետը նշեց, որ լրագրողները, իհարկե սահմանափակ էին իրենց աշխատանքային գործունեությամբ, հաշվի առնելով այն, որ ՔԿՀ–ները փակ հաստատություններ են համարվում։

Երրորդ տեղի մրցանակի արժանացավ լրագրող Էլեն Առաքելյանը՝ «Ճաղերի ներսում կյանքին գույն հաղորդելուն օգնում է արվեստը» հոդվածի համար։ 2-րդ տեղի մրցանակակիրը Կարմեն Մարտիրոսյանն էր «Էս աշխարհը վատն է դարձնում վատ կրթությունը» հոդվածով։

Հետաքրքիր է, որ այս անգամ առաջին տեղը իրար միջեւ կիսեցին «Առավոտ»–ի լրագրողներ՝ Նելլի Բաբայանն ու Արմեն Դավթյանը։ Նելլին ներկայացրել էր «Հիշիր քո անունը» մուլտիմեդիա նյութը, որը ըստ ՝«Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ Հայաստան»–ի տնօրեն Էսթեր Հակոբյանը , ընտրված ձեւաչափով ՝ ամենահետաքրքիր, բազմակողմանի հաջողված նյութը, որը եւ տեքստային էր եւ տեսանյութերով։

Արմեն Դավթյանը ներկայացրել էր «Դատապարտյալները չեն ուզում մնալ «այ ըմ թեյբլ»-ի մակարդակին. խտրականությո՞ւն, թե՞ ուսուցում բոլորի համար» հոդվածը։

Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանն ամփոփելով մրցանակաբաշխությունը՝ շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին։ Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ այս անգամ մրցույթին ավելի շատ դատապարտյալներ էին հայտ ներկայացրել, քան լրագրողները, որն աննախադեպ էր, ինչը, թերևս, կապված է տարվա մարտահրավերների հետ։ Ընդհանուր առմամբ, 17 դատապարտյալի եւ 9 լրագրողի կողմից մրցատյանին ներկայացվել էր 37 հոդված։

Տիկին Մուրադյանը կարեւորեց կրթությունը՝ նշելով, ՀԼ ակումբը հանրային քննարկումների, բազմաթիվ այլ միջոցառումների ընթացքում անդրադառնում է կրթության հիմնախնդիրներին ու այսուհետ եւս կլինի այդպես։

Լուսանկարները ՀԼ ակումբի ֆեյսբուքյան էջից:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031