Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական նևրոզների թիվն աճել է

Դեկտեմբեր 01,2020 22:07

«Միանշանակ մանկական նևրոզների թվի աճ կա: Նախկինում ես օրական ունենում էի 5-6 նևրոտիկ ռեակցիա 30 հիվանդից, հիմա՝ 10-15 հոգի: Հիսուն տոկոսը գալիս են կոնկրետ հենց այդ գանգատներով»,- Aravot.am-ի հարցին՝ COVID-19 համավարակի հետ կապված կարանտինի, պատերազմական շրջանում մանկական նևրոզների թիվն աճե՞լ է, իր աշխատանքային պրակտիկայից այսպիսի օրինակ բերեց  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Արտաշիսյան պոլիկլինիկայի մանկական նյարդաբան Նաիրա Հակոբյանը: Մասնագետը նաև նշեց՝ վախերն են շատացել, նաև տագնապային ֆոբիկ խանգարումները:

«Ֆեմինի» նախագծի շրջանակներում մեր զրուցակիցը ծնողներին հորդորեց՝ եթե երեխայի մոտ նկատում են նյարդային դրսևորումներ, նևրոտիկ խանգարումներ, դիմեն մասնագետի: Այս առիթով մանրամասնեց. «Ինչքան փոքր է երեխան, այնքան իր խնդիրները ծնողի հայելային պատկերն են: Այսինքն՝ մասնագետի մոտ պետք է գա ոչ միայն երեխան, այլև ծնողը, որպեսզի ստեղծվի ամբողջական պատկեր, թե որտեղից է գալիս խնդիրը»:

Ըստ մասնագետի՝ նևրոզները միայն սթրեսների, լարված վիճակի հետ կապված չեն, կարող են լինել նաև այլ պատճառներ: Նա մանրամասնեց. «Դրանք կարող են լինել հասարակ ճիճվակրության հետևանք, քրոնիկ տոնզիլիտ և որևէ քրոնիկ այլ օջախի կամ այլ որևէ սոմատիկ հիվանդության որպես ախտանշան հանդես գալ: Դրա համար ցանկալի է, որ երեխային տեսնի մասնագետը նախ պատճառը գտնելու համար, որպեսզի ճիշտ ուղղություն ցույց տա ծնողին, նաև բուժման կազմակերպման առումով»: Մանկական նյարդաբանի հավաստմամբ՝ կան դեպքեր, որոնց բուժման համար ընդամենը բավարար է լինում հոգեբանի հետ զրուցելը, բայց կան նաև այնպիսիք, երբ անմիջական պատճառն է հարկավոր վերացնել նյարդաբանի միջոցով: Նա զգուշացրեց՝ նևրոտիկ խանգարումներն ունեն կրկնվելու հավանականություն. «Նևրոզները մեծ միտում ունեն կրկնվելու: Թեկուզ նահանջել են, դրանք  կարող են կրկնվել: Դա նշանակում է, որ բուն պատճառը վերացված չէ»:

Մեզ դիմած ծնողներից շատերին հետաքրքրում է՝ ինչպե՞ս, ո՞ր ախտանշաններից կարող են հասկանալ, որ երեխայի մոտ նևրոզ է: Նաիրա Հակոբյանը պատասխանեց. «Ըստ երեխայի տարիքի՝ այդ ախտանշանները լրիվ տարբեր են, տարբեր են նաև մոտեցումները: Մինչև մեկ տարեկան երեխան կարող է ունենալ ուղղակի նյարդային լարվածություն, մինչև երեք տարեկան երեխան կարող է ունենալ  ընդհուպ մինչև աուտիկ ախտանշաններ կամ գերակտիվություն, մինչև նախադպրոցական տարիքն ուղղակի կամակորություն և ագրեսիվություն, 6-12 տարեկաններին շատ բնորոշ են նևրոտիկ պիկերը, բայց նաև չի բացառվում, որ նման դրսևորումներ լինեն նաև մինչև այդ տարիքը: 12 տարեկանից բարձր երեխաները նևրոզի դեպքում դառնում են ավելի շատ դեպրեսիվ, կամ, հակառակը, ագրեսիվ վարք են դրսևորում: Մի խոսքով, տարիքից կախված դրանք շատ տարբեր են»:

Մեր հարցին՝ արդյոք ծնողների՝ չափից ավելի երեխայի նկատմամբ ուշադրությունը կարո՞ղ է հանգեցնել երեխայի մոտ նևրոզի ձևավորման, մասնագետը պատասխանեց. «Կարող է նաև լինել, բայց ուշադիր ծնողների հետ ավելի հեշտ է աշխատելը, պարզել պատճառը: Հայելիով տեսնում եք ծնողի հոգեկան վիճակը երեխայի մոտ: Գալիս է երեք տարեկան երեխա, խոսում են սա է, նա է, բայց երկու բառ ծնողի հետ զրուցում ես, հասկանում ես, որ խնդիրը ծնողից է գալիս: Ծնողն ինքը պետք է բուժվի: Մյունհաուզենը ոնց էր ինքն իրեն փորձում ճահճից հանել, նույնն էլ ծնողը. չի կարող ինքնուրույն, առաջին հերթին ծնողին պիտի օգնություն ցույց տալ, որպեսզի ինքը ամուր լինի, առողջ լինի, երեխան արդեն տարիքի հետ կմոռանա էլ այդ սթրեսը: Ինքնաբուժում էլ կգնա: Այստեղ էականը երեխային այդ միջավայրից պոկելն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031