Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Այվազյանն ընդգծել է Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինիս կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան

Դեկտեմբեր 01,2020 21:21

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը` տեսակապի ձևաչափով

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին ընդառաջ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով։ Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացման և կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացման, կազմակերպության պաշտպանական բաղադրիչի ամրապնդման հարցեր: Մտքեր փոխանակվեցին նաև միջազգային կազմակերպությունների հետ ՀԱՊԿ համագործակցության ամրապնդման և գործընկերային կապերի հաստատման շուրջ:

Իր խոսքում նախարար Այվազյանը շնորհավորեց Ռուսաստանի իր գործընկերոջը ՀԱՊԿ-ում արդյունավետ նախագահության համար և նշեց կազմակերպությունում Տաջիկստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների իրագործմանն աջակցելու Հայաստանի պատրաստակամության մասին:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը հանգամանալից անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, դրա հետևանքներին ու տարածաշրջանային զարգացումներին: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց ադրբեջանական կողմի գործողություններում Թուրքիայի անմիջական մասնակցությունը և վերջինիս կողմից Սիրիայի` թուրքական ուժերի վերահսկողության ներքո գտնվող շրջաններից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան՝ Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավելու համար:

ՀԱՊԿ օրակարգում կարևոր տեղ զբաղեցնող օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին առնչվող հարցի համատեքստում նախարար Այվազյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերի վրա, ինչը հղի է ահաբեկչության վտանգը մեր տարածաշրջանի այլ երկրներ ու հարևան տարածաշրջաններ տեղափոխելու հնարավորությամբ:

Նախարար Այվազյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատմանն ու Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ հավելելով, որ դաշնակիցների կողմից ակնկալվում է աջակցություն ՌԴ ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների հաղթահարման առումով որպես առաջնահերթ քայլ նախարար Այվազյանը նշեց հումանիտար խնդիրների հասցեագրումը, այդ թվում՝ ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև դիերի հրատապ կերպով փոխանակման, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման կարևորությունը։ «Չնայած հայտարարության մեջ համապատասխան դրույթի առկայությանը՝ մինչ օրս Ադրբեջանը չի շտապում ցուցադրել այն կյանքի կոչելու պատրաստակամություն»:

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի ընթացքում ընդունվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը։ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին հավանության արժանացան ՀԱԽ հռչակագրի և հայտարարության նախագծերը, որոնցում անդամ պետությունները հանդես են գալիս զինված հակամարտությունների՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։ Ջանքեր կգործադրվեն միջազգային ահաբեկչության վտանգների, այդ թվում՝ կապված օտարերկրյա զինյալ-ահաբեկիչների ֆինանսավորման, պատրաստման, զինման և որպես վարձկաններ զինված հակամարտություններում օգտագործման դեմ պայքարի ուղղությամբ։

Հավանության են արժանացել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործմանը միտված մի շարք փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) համատեղ նյութատեխնիկական և բժշկական ապահովման մասին համաձայնագրի նախագիծը, 2021-2025թթ․ ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության նախագիծը և այլ փաստաթղթերի նախագծեր։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031