Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանի դահլիճում Նարեկ Սարգսյանը պատասխանել է՝ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ». պաշտպան

Դեկտեմբեր 01,2020 20:33

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Վահե Միսակյան) Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ընդունեց զենք-զինամթերք անօրինի պահելու և թմրամիջոցներ ապօրինի շրջանառելու մեղադրանքը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Սարգսյանին:

Aravot.am-ի հարցին՝ դատարանի դահլիճում մեղադրանքն ընդունելու մասին ինչո՞ւ Նարեկ Սարգսյանն անձամբ չի հայտարարել, Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը պատասխանեց. «Փաստաբանը դատարանին հարց ուղղեց`կարո՞ղ է ինքը միջնորդել դատական նիստերն անցկացնել արագացված կարգով, այնուհետև դատարանն արագացված կարգի հետ կապված հարցեր ուղղեց Նարեկ Սարգսյանին՝ վերջինս ինքնակա՞մ է այդ որոշումը կայացրել,  խորհրդակցե՞լ է փաստաբանների հետ, արդյոք գիտակցո՞ւմ է արագ դատաքննության կարգ կիրառելու հետևանքները: Դատարանի բոլոր  հարցերին Նարեկ Սարգսյանն անձամբ ինքը պատասխանել է»:

Մեր հստակեցմանը՝ կոնկրետ մեղադրանքն ընդունել-չընդունելու մասին հարց տրվե՞լ է դատարանի դահլիճում, պաշտպանը պատասխանեց. «Դատարանի դահլիճում այդ  հարցը տրվել է Նարեկ Սարգսյանին, ինչի վերաբերյալ վերջինս պատասխանել է՝ համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ»:

Պաշտպանի տեղեկացմամբ՝ արագացված կարգի կիրառման դեպքում ապացույցներ չեն հետազոտվում, բողոքարկման իրավունք ըստ էության մեղադրյալը միայն ունենում է պատժի հետ կապված հարցերի վերաբերյալ: Փաստաբանը մանրամասնեց. «Քանի որ ապացույցներ չեն հետազոտվելու, հետևաբար այս հանգամանքի հետ կապված էլ մեղադրանքը չի կարող վերաքննության կարգով ներկայացնել: Մի քանի այլ հանգամանքներ էլ կան, որ պատիժն օրենքով սահմանված կարգից ավել չի կարող նշանակվել»:

Նարեկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին:

Նարեկ Սարգսյանի շահերը դատարանում պաշտպանում են փաստաբաններ Արթուր Պիվազյանը և Կարեն Մեժլումյանը, մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Արամ Արամյանը։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031