Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պայքարը շարունակելու ենք այնքան, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա». ՀՅԴ երիտասարդները բողոքի ցույցը շարունակում են կառավարության շենքի մոտ

Դեկտեմբեր 01,2020 20:20

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույց իրականացնողներից այսօր ոստիկանության բաժանմունք բերման է ենթարկվել 35 անձ։ Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար»։

ՀՅԴ երիտասարդական միության անդամներից մեկին՝ Տարոն Մանուկյանին այսօր հաջողվել է բերման ենթարկվելու ընթացքում ազատվել ոստիկաններից եւ փախչել։ Այս մասին Տարոն Մանուկյանը կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ պատմեց լրագրողներին։ Նա ասաց․ «Փախա, ոստիկանության բաժանմունք չեմ հասել, մեքենայից հաջողվեց դուրս գալ, հնարամտություն ձեռնարկեցի»։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամները փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը, սակայն ոստիկանական ուժերը շատերին բերման ենթարկեցին, այդպիսով բացեցին ճանապարհը։

Ցույցի մասնակիցները երթով շարժվել էին դեպի կառավարության շենքի մոտ։

Այստեղ ցույցի նախաձեռնող անդամներից մեկը ՀՅԴ երիտասարդական միության անունից հայտարարեց՝ երկրորդ օրն է, ինչ ակտիվ գործողություններ են անում, եւ այս պայքարը հանուն հայրենիքի է․ «Այս եւ այլ մեթոդներով պայքարելու ենք, որ այլեւս որեւէ դավադիր ուժ չլինի այս աթոռին, չսնվի մեր հարկերով, եւ չիրականացնի դավադիր ծրագիրը։ Մենք պայքարը շարունակելու ենք այնքան, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Նրա րոպե ավել պաշտոնավարումը հակասում է Հայաստանի հանրապետության շահերին եւ մեր բոլոր գործողությունները բխում են դրանից։ Կան բերման ենթարկվածներ, բայց դուք չեք կարող լռեցնել մեր արդար զայրույթի ձայնը, չեք կարողանալու շեղել օրակարգը։ Ես կոչ եմ անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, պետականամետ մտածող քաղաքացիներին միանալ պայքարին, ում համար Արցախն ու Հայաստանը սրբազան հայրենիք է, միացե՛ք, վաղն արդեն ուշ է լինելու, Փաշինյանի մեկ րոպե ավել պաշտոնավարումը սպառնում է այս տարածաշրջանում ապրելու մեր հնարավորությանը»։

Ցույցի մասնակիցներն ասացին, որ շարունակելու են պայքարը, գործադրելու են իրենց զինանոցի բոլոր հնարավոր միջոցները, սակայն որեւէ կերպ վտանգ չեն ներկայացնելու այլ քաղաքացիներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031