ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի անդրանիկ հեռուստատեսային հարցազրույցում, ի թիվս այլ խնդրահարույց դատողությունների, ազդարարվեց նաև «նոր ագրարային քաղաքականության» մասին, որի բանաձևն է լինելու «գյուղերում ոչ գյուղական աշխատատեղերի ստեղծումը, գյուղացիների մեծ մասին գյուղատնտեսական աշխատանքներից ազատելը, գյուղացիների հողակտորները մեծ հողատերերին վաճառելը․․․»։
Իմաստունները դասեր են քաղում այլոց սխալներից, բայց անգամ իմաստակները պարտավոր են դասեր քաղել սեփական սխալներից։ Այն թե ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ կադրային ձախողակ քաղաքականությունը, տեսանելի է բոլորին։ Շահութամոլական միկրոմենեջմենթի դիտակետից պետական մտածելակերպ պահանջող մակրոմենեջմենթ իրականացնելու բոլոր ճիգերն ի վերուստ դատապարտված են։
Հայաստանի գյուղատնտեսությունը, իսկապես, զարգացման և մոդելի փոփոխության կարիք ունի։ Գործող մոդելը ձևավորվեց դեռևս 1990 թ., երբ նախկին 860 խոշոր տնտեսությունների փոխարեն ձևավորվեցին 340 հազար գյուղացիական տնտեսություններ՝ 1.38 հա միջին չափով, տեղակայված 3-4 առանձին հողակտորներում: Հայաստանի նման սակավահող երկրի գյուղատնտեսության օգտագործելի հողային ֆոնդը շուրջ 1.2 միլիոն հողակտորների բաժանելը սպասելիորեն հանգեցրեց կիսաբնամթերային տնտեսությունների առաջացման, երբ անհնար էր ապահովել մասշտաբի էֆեկտ, արտադրողական աշխատանք, ինտենսիվ արտադրություն, աշխատանքի բաժանում և մասնագիտացում, գյուղտեխնիկայի արդյունավետ կիրառություն, արտադրանքի իրացում և այլն։ Այնուհանդերձ, չնայած այս մոդելն ի զորու չէ ապահովելու գյուղի զարգացում, այն չի էլ հանգեցրել գյուղի կործանման, լուծում է առնվազն գոյապահպանման հարց, թույլ տվեց 90-ականների սկզբի դժվարին կացության պայմաններում ապահովել որոշակի աշխուժություն և պարենային խնդրի լուծում, ինչպես նաև ձևավորվեց դասագրքային կատարյալ մրցակցային շուկային ամենամոտ շուկան ՀՀ տնտեսությունում։
Զերծ մնալով ակադեմիական փաստարկներից, արձանագրենք, որ ՀՀ գյուղատնտեսության զարգացման միակ ճանապարհն, իսկապես, խոշորացումն է։ Սակայն դա կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով՝ օպտիմալ և կործանարար։ Այդ երկուսի տարբերակման չափանիշը գյուղի և գյուղատնտեսության տարբերության և առաջինի՝ երկրորդի հանդեպ գերակայության գիտակցումն է։ Կործանարար ճանապարհը նախարարի առաջարկությունն է՝ ստեղծել խոշոր ֆերմերային տնտեսություններ, երբ գյուղացիների հողային սեփականությունը պետք է կլանեն կալվածատերը, իսկ գյուղացիները դառնան սեփականազուրկ և հողազուրկ վարձու բանվորներ։ Այդ դեպքում միանգամայն իրատեսական է գյուղատնտեսության թռիչքաձև աճի ապահովումը, սակայն նույնքան իրատեսական է գյուղի թռիչքաձև կործանումը։ Սեփականազուրկ վարձու բանվորի վերածված հայ գյուղացին, որի միակ ռեսուրսն այլևս իր աշխատանքն է, կորցնելով բնակավայրի հետ իրեն կապող հիմնական օղակը՝ իր հող-սեփականությունը, երկարաժամկետ առումով որևէ անելիք չի ունենա այլևս այդ բնակավայրում՝ իր միակ ռեսուրսը՝ աշխատանքն իրացնելով քաղաքներում և ինչն առավել հավանական է, ոչ Հայաստանի Հանրապետության։ Գյուղը կվերանա՝ վերածվելով սոսկ տարածքի, որտեղ խոշոր կալվածատերը տնտեսական գործունեություն են ծավալում, ուր աշխատում են վարձու բանվորներ։ Մի խոսքով՝ թումանյական «Տերն ու ծառան»։
Կարդացեք նաև
Առաջարկվող ֆաբրիկաները պետք է բացել ոչ թե գյուղում, այլ Երևանից բացի այլ քաղաքներում, որտեղ տիրող սոցիալական և աղքատության պատկերն առավել ծանր է, քան գյուղում։ Շատ երկարաժամկետ հեռանկարում գյուղական շրջաններում կարող են բացվել հարակից քաղաքներում գործող արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր։ Այդպիսի պրակտիկա գործել է Հայաստանում տասնամյակներ առաջ։ Սակայն դա ոչ մոտակա ապագայի խնդիր է։
Իսկ զարգացման միակ օպտիմալ ուղին գյուղատնտեսական կոոպերացիաների մոդելի համատարած արմատավորումն է։ Միայն այդ դեպքում է հնարավոր ապահովել և՛ գյուղի, և՛ գյուղատնտեսության համընթաց զարգացում, երբ կապահովվի և՛ խոշորացում, և՛ կապիտալի սեփականատեր կմնա գյուղացին՝ մնալով տեր և ոչ թե ծառա, ստանալով շահույթը և ոչ թե աշխատավարձի տեսքով աղքատավարձը։ Այս ուղին ինքնըստինքյան իրականություն չի դառնա։ Վկան՝ անցնող երեք տասնամյակը։ Արագ լուծում ևս առկա չէ։ Միակ լուծումը պետության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր նպատակային ծրագրերի և աջակցության միջոցառումների սահուն կերպով փոխադրումն է անհատական գյուղացիական տնտեսություններից դեպի գյուղատնտեսական կոոպերատիվներ, երբ 5-7 ամյա ժամանակային հորիզոնում միայն ու միայն կոոպերատիվները կլինեն պետական ծրագրերի շահառուներ և ուրիշ ոչ մի այլ սուբյեկտ։
Վստահ լինելով առաջարկված կործանարար սցենարի կենսագործման անհնարինության մեջ, խոսքն ավարտենք Հայաստանի օգնության կոմիտեի կոչում մեծն Թումանյանի կողմից մեկ դար առաջ արտահայտած և այսօր էլ արդիական հնչող խոսքով. «Խաղաղություն գտնելով գործի է անցել և ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին: Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությունն ու շինարար ոգին: Նա բազմաթիվ զոհեր է տվել, բայց չի լքում պապենական օջախը… կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան…»։
Ժիրայր Մխիթարյան, տնտեսագիտության թեկնածու