Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներքին կարգով հրահանգել են դադարեցնե՞լ արցախցի զինվորների պետպատվերը. բուժհիմնարկները պնդում են՝ նման հրահանգ չեն ստացել

Դեկտեմբեր 01,2020 20:00

Aravot.am-ը տեղեկություն է ստացել, որ բժշկական կենտրոնները, որտեղ այս օրերին բուժում են ստանում պատերազմում տարբեր աստիճանի վիրավորում ստացած նաեւ արցախցի զինվորներն ու զինծառայողները, ներքին կարգով հրահանգ են ստացել նրանց համար պետպատվերը  դադարեցնել: Խոսքն արցախցի այն զինվորների մասին է, որոնք, ճիշտ է լիարժեք չեն բուժվել, բայց քիչ թե շատ ոտքի վրա են: Ըստ մեր ստացած տեղեկության, նրանց հորդորել են՝ գնալ, Արցախում բուժումը շարունակել: Պետպատվերի դադարեցումն էլ հենց այդ նպատակով է, որպեսզի ստիպված լինեն գնալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախ՝ առողջապահության նախարարությունից, որը տրամադրում է պետպատվերը: Նախարարությունից հայտնեցին, որ զինծառայողների վերաբերյալ ցանկացած հարց պաշտպանության նախարարությունն է համակարգում եւ պատասխանատուն ՊՆ-ն է իսկ առողջապահության նախարարությունն այս դեպքում կատարողն է:

ՊՆ-ից հարցը ճշտել չհաջողվեց: Թե՛ օրեր առաջ, երբ ստացել էինք տեղեկատվությունը, թե՛ երեկ պաշտպանության նախարարությունից մեր զանգերին չպատասխանեցին:
«Մենք որեւէ նման հրահանգ չենք ստացել, մեզ մոտ զինվորները բուժվում են, ինչպես որ բուժվում էին եւ դուրս են գրվում միայն ապաքինման կամ՝ տեղափոխման կարիքով, ասենք՝ այս բաժնում ստացել է համապատասխան բուժումը եւ պետք է տեղափոխվի ուրիշ բաժին: Որեւէ նման հրահանգ վճարման վերաբերյալ չունենք»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:

Մեր ճշտող հարցին՝ արցախցի զինվորների բուժո՞ւմն էլ շարունակվում է, Լուսինե Պետրոսյանն ասաց՝ զինվորը զինվոր է. «Բոլոր զինվորներն անխտիր առաջին օրվանից անցել են պոլի օրգան ԿՏ հետազոտություն, որպեսզի ոչ մի բացթողում չլինի: Այս պահին էլ բուժվում են եւ մինչեւ չապաքինվեն՝ դուրս չեն գրվի»:
Տեղեկությունը ճշտեցինք նաեւ այլ բուժհիմնարկներից:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ասաց՝ նման բան չի կարող լինել. «Համալսարանական հիվանդանոցներում թե՛ գրավոր թե՛ բանավոր նման հրահանգ չկա, արցախցի զինվորները, եւ նաեւ Հայաստանի զինվորները, որոնք ունեն բուժօգնության կարիք, համապատասխան բուժումը ստանում են»:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանն ասաց, որ  նման հրահանգ իրենց բուժկենտրոնը չի ստացել:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես պատերազմի առաջին օրն, այնպես էլ մինչեւ հիմա «Էրեբունին» 100 տոկոսով սպասարկում է բոլոր զինծառայողներին, զինվորներին՝ ինչի կարիքը որ կա: Հանուն արդարության պետք է ասեմ, որ առաջին օրվանից բոլոր այդ զինվորներն ինչի կարիք ունեցել են՝ ստացել են: Ստացել են ամենաթանկարժեք դեղորայքը, ամենալավ ապարատուրան է միացված եղել, որեւէ ծնողից դեղ չեն ուզել, որեւէ դեղամիջոց զինվորից չեն ուզել: Հիմա էլ ամեն ինչ արվում է պետության հաշվին եւ «Էրեբունի» բուժկենտրոնի տնօրինությունն էլ միացել է՝ ծնողներին մինչեւ վերջ աջակցելու՝ ինչի կարիքը որ կա: Ինչով կարողանում ենք, ինչով հնարավոր է աջակցում է բուժանձնակազմը, կանգնած է վիրավոր զինծառայողների կողքին, հատկապես՝ արցախցիների կողքին»:

Տեղեկություն էինք ստացել նաեւ, որ որոշ հիվանդանոցներ, սկզբնական շրջանում այնքան էլ բարեխիղճ ու պատշաճ չեն կատարել պետպատվերով նախատեսված իրենց պարտավորությունը վիրավոր զինվորներին չեն տրամադրել ներքնահագուստ, հիգիենայի պարագաներ, անկողնային սպիտակեղեն, որոշ դեղորայք էլ զինվորների հարազատներից են պահանջել: Այս առնչությամբ պարզաբանումներ ստանալուց հետո, կհրապարակենք նաև, թե որ բուժհիմնարկների մասին է խոսքը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031