Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանը` ԱԺ նախագահ, Վիտալի Բալասանյանը` ԱԱԽ քարտուղար. կձեւավորվի՞ Արցախում ազգային համաձայնության իշխանություն

Դեկտեմբեր 01,2020 18:30

«Ընդհանուր դրույթներ ենք քննարկել, մյուս ուժերի հետ էլ ենք հանդիպում-քննարկում, ընդհանուր հայտարար լինի`կխոսենք: Առանձին դիրքորոշում այս հարցի վերաբերյալ չունենք: Բայց պիտի ամեն ինչ անենք, որ Արցախում հնարավորինս շատ մարդ ապրի»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԱՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:

Հարցը վերաբերում էր պատերազմից հետո Արցախի մնացած հատվածում ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելուն, ինչի մասին խոսել էր Արայիկ Հարությունյանը:

«Ազգային վերածնունդի» ղեկավար կազմն այսօր հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս պատրաստակամություն է հայտնել «Ազգային վերածնունդի» հետ «կիսել քաղաքական կառավարման պատասխանատվությունը»:

Ըստ լուրերի, Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում փորձում է վերադարձնել գեներալ, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին: Իսկ ԱԺ նախագահի պաշտոնում`ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանին: Իշխանական շրջանակներում քննարկում են, թե ի՞նչ լուծումներ կարող են գտնել ԱԺ նախագահի պաշտոնը Դավիթ Իշխանյանին փոխանցելու համար, քանի որ վերջինս նույնիսկ պատգամավոր չէ, որ նախկինի փորձով, խորհրդարանական մեծամասնությունը այլ, ոչ իր կուսակցությունից թեկնածություն առաջադրի:

Տեղում լուրեր են շրջում, որ Արայիկ Հարությունյանը շատ դժգոհ եւ մտահոգ է ԱԺ գործող նախագահ, իր կուսակից Արթուր Թովմասյանի`պատերազմի օրերին դրսեւորած վարքագծի առնչությամբ: Այս լուրերը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել թե Վիտալի Բալասանյանի, թե Դավիթ Իշխանյանի եւ Արթուր Թովմասյանի հետ. վերջիններս մեր զանգերին կամ չարձագանքեցին, կամ անհասանելի էին: Նրանց կուսակից ընկերների հետ կապ հաստատել եւ ազգային համաձայնության իշխանության մասին քննարկումների հետ կապված դիրքորոշումներ ճշտել նույնպես չհաջողվեց:

Ինչ վերաբերվում է Հայկ Խանումյանին եւ նրա ղեկավարած կուսակցությանը, ապա պատերազմական օրերին ակնհայտ է դարձել այդ թիմի սկզբունքայնությունը եւ հերոսական կեցվածքը:

Բավական հետաքրքիր է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը լքած եւ Արայիկ Հարությունյանի կուսակցության հետ կառավարման պատասխանատվությունից հրաժարված, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ նրա կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը: Մեր տեղեկություններով`«Միասնական հայրենիքը» «մի կողմ է քաշվել» եւ միայն հանդիմանողի դերում է, իսկ Սամվել Բաբայանի հավակնությունները դեռ անհասկանալի են: Արցախում ազգային համաձայնության իշխանության մասին «Միասնական հայրենիքի» մոտեցման շուրջ խոսեցիք կուսակցության խոսնակ Անուշ Դոլուխանյանի հետ. «Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում, բայց մեզ ոչ մի առաջարկ չի եղել, կլինի՝ կտեսնենք»: Ճշտող հարցին առհասարակ ի՞նչ մոտեցում ունեն Արցախում ազգային համաձայնության իշխանություն ձևավորելու գաղափարի վերաբերյալ՝ Անուշ Դոլուխանյանը պատասխանեց. «Երկրի ղեկավարումը ձախողած մարդը չի կարող նման նախաձեռնություն հանդես բերել: Եթե կարծում է, որ ծայրահեղ վիճակ, ինքը պետք է հայտարարի, որ դուրս է գալիս: Իշխանության գլուխը պետք է փոխել»:

Ինչեւէ, որ Արցախում լուրջ փոփոխություններ են պետք, մեր տեղեկություններով, բոլոր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներն են համոզված, քանի որ պատերազմը շատերի «դեմքը ցույց տվեց»: Այդ փոփոխությունները, սակայն, առայժմ ոչ բոլորն են տեսնում արտահերթ ընտրությունների միջոցով, քանի որ հետպատերազմական Արցախում բազմաթիվ, առավելապես սոցիալական խնդիրներ կան կուտակված եւ անցումային որոշակի շրջան է պետք`իրավիճակն անկառավարելիությունից դուրս բերելու համար: Ըստ որոշ գնահատականների, արտահերթ ընտրություններ հնարավոր եւ կարելի կլինի անցկացնել մեկ տարի հետո:

Ի դեպ, Արցախում, մեր տեղեկություններով, բավական բացասական են վերաբերվում այն պետական պաշտոնյաներին, ովքեր պատերազմի ժամանակ լքել էին Արցախը: Որ նրանք պաշտոնները պետք է լքեն`այլ կարծիք չկա, բայց շատերի գնահատմամբ, նրանք նաեւ Արցախը պետք է լքեն, քանի որ «մեկ անգամ դավաճանածն էլի կդավաճանի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031