Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող միջանցքի ստեղծմանը: Փոխարենը, Պեսկովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ առաջնորդները քննարկել են տրանսպորտային հաղորդակցության թեման:
«Կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության,- ասել է Պեսկովը:- Միայն հիշեցնեմ, որ մեկ կամ երկու շաբաթ առաջ Ալիևի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններից մեկում մենք ասել ենք, որ պետությունների ղեկավարները այլ խնդիրների հետ քննարկել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապաշրջափակման հարցը»:
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ «տրանսպորտային հաղորդակցությունների թեման գտնվում է օրակարգում և քննարկվում է առաջնորդների կողմից»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ