Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասել էր՝ մինչեւ հրամանատար լինելս` լավ տանկիստ եմ եղել, երեխեքին մենակ թողնե՞նք». զոհված մայորի կինը` ամուսնու մասին

Դեկտեմբեր 01,2020 18:07

Վարսուհի Շամխալյանը գիտակցում է, որ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր ամուսինը` 29-ամյա մայոր Մեսրոպ Վարդանյանը հերոս է, բայց ոչ մի կերպ չի կարողանում համակերպվել, որ հերոսն արդեն երկնային կյանքով է ապրում։ Ամուսնու մասին ներկա ժամանակով է խոսում:

Aravot.am-ի հետ զրույցում Վարսուհին պատմում է, որ ապագա ամուսնու հետ ծանոթացել էր 6 տարի առաջ, երբ նա լեյտենանտ էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը եւ ծառայության անցել.

«Ինքը սկզբում տանկիստ է եղել, խելացի ու համեստ մարդ էր, ամեն տարի թե պաշտոնով, թե կոչումով բարձրանում էր, 6 տարում մայոր դարձավ… Շուտով պետք է փոխգնդապետի կոչում ստանար: Նաեւ բարոյահոգեբանական գծով հրամանատարի տեղակալն էր: Մեսրոպը առաջին իսկ օրվանից մասնակցում էր պատերազմին»:

Վարսուհին պատմում է, որ նոյեմբերի 6-7-ին մայոր Վարդանյանն ընկերների հետ Շուշի է գնացել. «Իրեն չէին տանում, բայց ասել է` չէ, պիտի գնամ, որովհետեւ զինվորները մենակ հայտնվել էին շրջափակման մեջ: Նա անտեսել է ընկերների հորդորներն ու զգուշացումները, թե Շուշին արդեն թշնամու վերահսկողության տակ է, ասել էր` վիրավոր երեխեքն ինձ են սպասում, պիտի փրկեմ նրանց»:

Հերոսդի կինը նշում է. «Ընկերներն ասել են` դու հրամանատար ես, ու հրաման պետք է տաս, ինքը պատասխանել է, որ մինչեւ հրամանատար լինելս՝ ես լավ տանկիստ, լավ կրակող եմ եղել, երեխեքին մենակ թողնե՞նք: Երկու անգամ մտել-դուրս էր եկել ձորից, երրորդ անգամ հայտնվել էր թշնամու թիրախում, ինքը ձեռքով զինվորին հասկացրել էր` կիսավառ տանկը քշի, զինվորը փրկվել էր, ինքը մնացել` ձորում մի երեխայի հետ: Կապ էր տվել իր հրամանատարին, ասել էր, որ կարող է նորից դուրս գալ, բայց զինվորին մենակ չի թողնի: Մի քանի ժամ կապի մեջ են եղել…Ցավոք, երկու անգամ օգնություն են ուղարկել, երկու անգամ էլ թշնամին խփել է… Մեսրոպը զոհվել է…»:

Մայորի կինն ասում է, որ հետո մեծ դժվարությամբ Կարմիր Խաչի միջոցով դուրս են բերել ամուսնու մարմինը…

Այժմ պատերազմից հետո երիտասարդ կնոջ կյանքն այլ գույներ ունի, մինչդեռ պատերազմից առաջ ի ՜նչ երազանքներ ունեին…

Վարսուհին ու Մեսրոպը 2 որդի ունեն, Ստեփանակերտում վարձով էին ապրում, երազում էին սեփական տուն ունենալ, աղջիկ երեխա. «Երազում էինք, որ հենց Մեսրոպը թոշակի անցնի, տարեկան գոնե մեկ երկիր կայցելենք, կբացահայտենք: Ծառայության բերումով եղել էինք միայն Հայաստանում եւ Ռուսաստանում»:

Հերոսի կինը հավելում է. «Նոյեմբերի 5-ին հայրս մահացավ, Մեսրոպը զանգեց ինձ հետ խոսեց, ասաց, որ չի կարող մասնակցել հուղարկավորությանը, ասաց` Վարս, կներես, երեխեքիս մենակ չեմ կարող թողնել, բացի այդ՝ ընկեր եմ կորցրել: Ինքը զինվորներին երեխեք էր ասում…Մի անգամ էլ ամսի 7-ին ժամը 3-ի կողմերն ենք խոսել, ասաց` ամեն ինչ նորմալ կլինի…»:

Վարսուհին նշում է, որ ամուսինը պարբերաբար կապի մեջ էր ընկերների ու իրենց բժշկի հետ, շատ բաներ է ասել նրանց, բայց իր հարազատներին խնայել է.

«Ինձ միշտ «համով» բառով էր դիմում, ինքը հանգիստ, լավատես մարդ էր, բայց վերջին օրերին շատ նյարդային էր, ասում էր` օր առաջ պետք է կանգնեցնել պատերազմը…Ամեն անգամ զանգում էր, ու ասում երեխեքս զոհվել են…Ցավում էր զոհվածների համար…Երբ իր իրերը բերեցին, թղթերի մեջ զոհված երեխաների տվյալներն էին լրացված…Հիշում եմ մի անգամ էլ նյարդայնացել էր, երբ գումար փոխանցել էին, վարկերը պահել էին… Իմ բարի, հրաշք մարդը, որ միշտ լավատես էր, ժպիտը դեմքին, վերջին 40 օրը նյարդային էր…»:

Վարսուհին պատմում է, որ շատ էր խնդրում ամուսինը նկարվի առաջնագծում ու լուսանկարն իրեն ուղարկի, բայց մերժում էր ստանում. «Ասում էի` մի հատ նկարվի, քեզ տեսնեմ, ասում էր` կռվի դաշտում նկարվողները գործ չեն անում, նկարվելուն չպիտի ժամանակ տրամադրես»: Այժմ երիտասարդ կինը երկու երեխաների հետ չի ցանկանում վերադառնալ Ստեփանակերտի իրենց վարձով տունը. «Եթե ինքը չկա, երեխաներիս ո՞նց վերցնեմ, գնամ ու մենակ ապրեմ այդ տանը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է հերոսի կինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031