Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Աբրահամյան․ Ադրբեջանցիների ազատ ելումուտը պետք է բացառել

Դեկտեմբեր 01,2020 17:39

Համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության՝ դեկտեմբերի 1-ին վերադարձվում է Լաչինի շրջանը։

Այս մասին Aravot.am-ը զրուցեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Տիգրան Աբրահամյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Այն հայտարարությունը, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին, իր բոլոր դրույթներով իր մեջ ականներ է պարունակում։ Այսինքն՝ ամբողջովին ականապատ դաշտ է ստեղծվել։ Այսինքն՝ ցանկացած վտանգավոր դրույթի տակ կան բավականին մեծ ռիսկեր, ինչը ոչ միայն կոնկրետ այս փուլում, այլ հետագա տարիներին բավականին մեծ խնդիրներ է առաջացնելու։ Գլխավոր խնդիրը անվտանգության հարցն է, որը վերաբերում է և՛ Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությանը, և ընդհանրապես՝ Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգին։ Սահմանային փոփոխություններով պայմանավորված, նոր իրադրությունով պայմանավորված և առհասարակ այս իրավիճակում մեր երկրին՝ Հայաստանին էլ, Արցախին էլ, նորանոր մարտահրավերներ են արդեն առաջ եկել։ Հիմա այստեղ գլխավոր խնդիրն ի՞նչն է. մենք ունենք փաստաթուղթ, որը ստորագրվել է, հայտնի հայտարարությունը հրապարակվել է, բայց դրա ներքո գործող մեխանիզմները, այսինքն՝ դրա իրականացման մեխանիզմները դեռևս պարզ չեն։ Միգուցե կա փաստաթուղթ, որը չի հրապարակայնացվել, միգուցե քննարկվել է եռակողմ, բայց չի հանրայնացվել, բայց ամեն դեպքում մեխանիզմները նկատելի չեն գոնե լայն հասարակության շերտերի համար։ Եվ այս պարագայում բացի նրանից, որ դա նաև հնարավորություն է, ինչո՞ւ չէ, նաև ճկունություն ցուցաբերելու և գոնե ստեղծված այս վատագույն իրավիճակից ինչ-որ բաներ քաղելու, ինչ-որ բաներ պոկելու առումով, բայց մյուս կողմից շատ ավելի մեծ վտանգներ է ներկայացնում, որովհետև չգիտենք՝ ի՞նչ է դրա տակ բանակցվել»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ պատերազմի մեկնարկից և հատկապես նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական մակարդակով այնքան իրարամերժ մեկնաբանություններ և հայտարարություններ են հնչել, որ դրանք հանրությանը վստահություն չեն ներշնչում․ «Ունենք իրավիճակ, ունենք միջանցք՝ Գորիս-Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ, որը այդ հայտարարությամբ սահմանված 5 կիլոմետրանոց միջանցքն է համարվում, բայց միաժամանակ Ադրբեջանի նախագահը այսօր հիշեցրել է, որ պայմանավորվածություն կա այդ միջանցքը այլ տեղով տանել, ինչի տակ առաջին հերթին պետք է հասկանալ Շուշի քաղաքի շրջանցում, որտեղով որ ճանապարհն անցնում է, և երկրորդը Բերձոր քաղաքի շրջանցում, ինչը հնարավորություն կտա, որ այդ փաստաթղթի շրջանակներում Բերձորը առնել ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս պահին, եթե Բերձոր քաղաքի կառավարումը, վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորքերին է պատկանում, ապա դրա ճակատագիրը դեռևս պարզ չէ։ Եվ անորոշ է հատկապես այն պարագայում, որ բավականին մեծ թվով բնակչություն է այդ շրջանից դուրս եկել։ Իսկ որտեղ բնակչությունը հասնում է նվազագույնի կամ այնտեղ առհասարակ հայկական բնակչություն չի ապրում, հասկանալի է արդեն, որ որոշ ժամանակ հետո ավտոմատ կարող է անցնել Ադրբեջանին։

Եվ երրորդ հանգամանքը, որը անպայման պետք է նշել՝ այսօր մենք խոսում ենք Քաշաթաղի շրջանի մասին, Բերձոր շրջկենտրոնով՝ որպես շրջան, որը գրեթե ամբողջությամբ մտնում է Ադրբեջանի վերահսկողության տակ արդեն երեկվանից, բայց միաժամանակ պետք է հիշել, որ դա համայնքային կապով, Արցախ-Հայաստան կապով այս պահին արդեն միակ ճանապարհն է։ Եվ այս պարագայում անվտանգության հետ կապված հարցերը պետք է լիարժեք ապահովվեն։ Առ այս պահը դրանք լիարժեք չեն ապահովվում։ Այս ընթացքում եղել են բազմաթիվ մանր-մունր միջադեպեր, որոնք ավելի շատ հոգեբանական ճնշում են հիշեցնում։ Սակայն, որևէ մեկը չունի երաշխիք, որ դրանք փոքր միջադեպերից կամ փոքր սադրանքներից կվերածվեն ավելի մեծերի»։

Տիգրան Աբրահամյանը ընդգծում է, որ բացի Բերձորից կան նաև անվտանգության խնդիրներ Արցախի վերահսկողության տակ գտնվող այլ հատվածներում․ «Սահմանի անվտանգության ապահովման խնդիրը դեռ ինձ համար անհասկանալի չէ, որովհետև այն հատվածներում, որտեղ ռուսական խաղաղապահ զորքերն են, գոնե այս պահին անվտանգությունը իրականացվում է հատուկ կարևորագույն հատվածներում կամ խաչմերուկներում տեղակայված դիրքերի միջոցով։ Սակայն, արդեն իսկ լսելի են Արցախի տարբեր շրջաններից խոսակցություններ, դրանք խոսակցություններ չեն, հաստատված դեպքեր են, որոնց մասին բնակիչները խոսում և ներկայացնում են, որ ադրբեջանցիները ելումուտ են ունենում հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածներում։ Ճիշտ է, այս փուլում չի խոսվում մարդկանց առևանգության, բռնության կամ սպանությունների մասին, բայց փաստ է, որ այսօրվա անվտանգային համակարգը բավարար չէ։ Այսինքն՝ պետք է ապահովվի այնպիսի համակարգով, որի պարագայում ադրբեջանցիները նվազագույնը չեն կարող ելումուտ կատարել։ Կամ եթե նույնիսկ ելումուտի խնդիր է առաջանում, դա պետք է լինի հատուկ անցակետերի միջոցով։ Ես տեղյակ չեմ և փաստաթղթում որևէ կերպ չի երևում, միգուցե դա կա մեխանիզմների փաստաթղթում, որը կա՛մ կա, կա՛մ չկա, չգիտենք դեռևս, պետք է տեխնիկական միջոցների ներգրավմամբ ամբողջությամբ ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր հատվածների անվտանգությունը։ Ադրբեջանցիները՝ կլինեն քաղաքացիական անձինք, թե զինվորներ, նրանց ազատ ելումուտը պետք է բացառել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031