Երեկվանից կառավարության շենքի առջեւ անժամկետ հացադուլ հայտարարած «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ հիմնադիր Արշակ Զաքարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մարդիկ այսօր վերհիշում են Քարվաճառի ռեստորանում ՀԴՄ-ի հետ կապված վարչապետի եւ ձեր միջեւ միջադեպը: Հիմա Քարվաճառը հանձնվել է Ադրբեջանին: Ռեստորանը մնացե՞լ է, թե՞…
«Ռեստորան, տուն, մեքենա… նյութական արժեքները իմ համար երբեք առաջնային նշանակություն չեն ունեցել: ՀԴՄ-ի այդ պատմությանը այնքան ճղճիմ սուտ էր, որ դրան անդրադառնալ անգամ չեմ ուզում, որպեսզի չէժանանա հայրենիքի, հողի համար մեր այսօրվա պայքարը: Հիմա ժողովուրդը թող իրենից պահանջի Շուշիի ՀԴՄ-ն, Քարվաճառի ՀԴՄ-ն, Հադրութի ու հանձնված բոլոր շրջանների ՀԴՄ-ները:
Ես պատրաստ եմ տասնյակ ռեստորաններ, տունս, ամբողջ ունեցվածքս կորցնել, պատրաստ եմ այս ցրտին ոտաբոբիկ վերադառնալ Քարվաճառ: Ռեստորանն այնտեղ կառուցվել էր որպեսզի Քարվաճառը զարգանա, որպեսզի այդ դրախտը, որի դռները մեր համար բաց էին 30 տարի, մարդկ գնային ու տեսնեին, մի անգամ ոտք դնեին այն հողի վրա, որը Մոնթեն էր ազատագրել, դիպչեին այն հողին, որն ազատագրվել էր մեր ազգի սերուցքի արյունով, որպեսզի ոչ թե հեռվից սիրեին, այլ գային՝ շենացնեին: Ես իմ բաժին ներդրումը արել եմ ու մեկ վայրկյան անգամ չեմ զղջացել: Եթե անգամ երկու հայ այնտեղ ոտք են դրել, նրանց սիրտը կցավի: Իսկ ովքեր ֆեյսբուքյան քարտեզով են Արցախը ճանաչել, նրանց համար Արցախի կորուստը շատ հեշտ է:
Ես ռեստորանը թողել՝ եկել եմ: Բայց տղաները ինչ հնարավոր էր՝ հանել են, մնացածը կոտրել ու վերջում այրել են: Ես դրան էլ եմ դեմ, որովհետեւ այդպես մենք մի տեսակ այնտեղ վերադառնալու մեր հույսն էլ կարծես այրեցինք: Ես թքած ունեմ նյութականի վրա: Դա միշտ կարելի է ստեղծել: Կարեւորը հողն է, ինչի վրա դու ստեղծում, կառուցում ես: Կարեւոր է, թե ինչ ես թողնում քո երեխային: Իմ համար դժվարը իմ որդու աչքերին նայելն է, որ իրեն անկախ իմ կամքից ավելի վատ, ավելի փոքր, ավելի խեղճացած Հայաստան եմ թողնում, քան ես եմ ժառանգել: Մենք 30 տարի գլուխներս բարձր քայլել ենք: Իսկ հիմա իմ ութամյա որդին, որին տարել եմ Օմարի դիրքեր, բացատրել, թե որն է սահմանը եւ ինչի համար պետք է այն պահել, եթե հարցեր տա, պիտի գլուխս կախեմ ու փորձեմ կմկմալով ինչ- որ բացատրություններ գտնել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ