Ինչպես և նախորդ օրը հայտնել եմ, լրջագույն վտանգ է կախված մեր պետության հարավային դարպասի՝ Սյունիք աշխարհի վրա, որը պայմանավորված է մի կողմից Զանգելանում և Կուբաթլիում ադրբեջանական զինուժի ահռելի ծավալներով կուտակմամբ, մյուս կողմից՝ Նախիջևանում թուրքական և ադրբեջանական զինված ուժերի տեղակայմամբ, որոնք նաև հետևելու են այս օրերին սպասվող այսպես կոչված GPS-ային սահմանազատման գործընթացին:
Միայն Գորիսի տարածաշրջանում այնպիսի գյուղեր, ինչպիսիք են Կոռնիձորը, Խնածախը, Տեղը, Խնձորեսկը և այլ բնակավայրեր, ըստ էության անմիջականորեն գտնվելով դեմարկացիայի եզրին, կարճ ժամանակում կարող են իսպառ դատարկվել, իսկ փաստացի այդ սահմանազատումից հետո՝ կորցնել հազարավոր հեկտարներով իրենց համայնքներին պատկանող հողատարածքներ: Նմանատիպ լրջագույն խնդիր է նաև Կապանի օդանավակայանի հետ կապված հարցը, որի թռիչքուղու տարածքն անմիջականորեն հարում է GPS-ային սահմանին, իսկ դա նշանակում է, որ այդ օդանավակայանը երբևիցե չի կարող շահագործվել:
Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին Կապանի օդանավակայանի հողատարածքի վրա էր գտնվում ադրբեջանաբնակ Աղաքենդ կոչվող բնակավայրը: Սյունիքի մարզում կան նաև այլ նմանատիպ լրջագույն խնդիրներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս իշխանությունն ունակ չէ այս հարցերի շուրջ վարել մեր պետության շահերից բխող բանակցություններ: Ուստի նա անմիջապես պետք է հեռանա:
Կարդացեք նաև
Սյունիքը պետք է փրկվի:
Հ.Գ. Երբ տեղադրում էի իմ այս գրառումը, տեսա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարությունը՝ «Չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»: Ըստ էության սրանով ամեն ինչ ասված է:
Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ