Տարածված այն լուրերը, թե իբր Կապանի օդանավակայանի տարածքը, ըստ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրած համաձայնագրի՝ դեկտեմբերի 1-ից անցնելու է Ադրբեջանին, իրականությանը չեն համապատասխանում։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը պաշտոնապես հայտարարել է, որ «ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով, բայց օդանավակայանը մնում է հայկական տարածքում»։
Դեկտեմբերի 1-ին Կապանի օդանավակայանում էինք։ «Սյունիք» օդանավակայանի շենքում վերանորոգման աշխատանքներ էին կատարվում։ Տնօրենը գործուղման էր, նրան փոխարինող պատասխանատուները չթույլատրեցին նկարահանումներ անել՝ նշելով, որ պետք է նախապես տնօրինության հետ համաձայնեցնեինք։
Չխախտելով գործող կարգը՝ փորձեցինք նկարահանումներ անել օդանավակայանի տարածքից դուրս։ Ի դեպ, պատասխանատուները նշեցին, որ ոչ մի արտառոց բան չեն նկատել այս օրերին, իրավիճակը հանգիստ է։ Սոցցանցերում գրառումներ կային, որ իբրեւ օդանավակայանը վերահսկվում է կամավորների կողմից։ Տեղեկացանք՝ տարածքում կամավորներ չկան, օդանավակայանի անվտանգության աշխատակիցները իրենց գործառույթները շուրջօրյա կատարում են։
Ինձ օդանավակայան հասցրած տաքսու վարորդ՝ Արթուր Խաչատրյանը սահմանամերձ Ներքին Հանդ գյուղից է։ Նրա պատմելով, օդանավակայանի դիմացի հողատարածքներում «սովետի վախտով ադրբեջանցիներ էին ապրում»։
Կարդացեք նաև
1988թ-ի Արցախյան շարժումը սկսելուց հետո նրանք փախան։ 90-ականներին մասնակցել է հայ-ադրբեջանական հակամարտությանը, 54 տարեկան է հիմա, վիրահատվել է ու չի կարողանում ընդգրկվել գյուղի ինքնապաշտպանության համար կազմավորված ջոկատում։ «Բայց որ պետք լինի՝ կգնամ, իմ հող ու ջուրը չենք թողնելու թուրքին։ Գյուղի սահմանները տղերքը հսկում են։ Վտանգ առայժմ չկա»,-ասաց Արթուրը ավելացնելով, որ մի բան է մենակ վատ։ «Հիմա չեմ կարող իմ 12 տարեկան տղային մենակ թողնել իջնելու գյուղի գետում լողալու, վտանգավոր ա, վախը կա։ Զգույշ պետք է լինենք»,-ասաց նա։
«Ես գտնում եմ, որ էս ամեն ինչի մեղավորը Նիկոլն ա, Նիկոլը ծախալ ա Սյունիքը, Ղարաբաղը։ Մեզ էլ հետը»,–ասաց Արթուրը՝ ավելացնելով, որ ինքը Կապանում ապրել, ապրում եւ ապրելու է։ «Ստեղ էլ մեռնելու եմ։ Սյունիքը, Կապանը մերն ա, ոչ մեկին չենք տալու»,–ասաց նա։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ