Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՆ դեսպանն ասել է, որ գերիների խնդիրը, որպես համանախագահող, փորձելու են բարձրաձայնել». իրավապաշտպան

Դեկտեմբեր 01,2020 16:56

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան էջում հաղորդագրություն է հրապարակվել այն մասին, որ դեսպան Լին Թրեյսին ԼՂ հակամարտության ազդեցության ու հրադադարի պայմանավորվածության վերաբերյալ քննարկում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հումանիտար օգնության ցուցաբերման մեջ ներգրավված հայաստանյան շրջանակների հետ. «Դեսպանն ընդգծել է, որ հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո»:

Aravot.am-ի հետ զրույցում հանդիպման մասնակից, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հ/կ-ի ղեկավար Նինա Կարապետյանցը մանրամասներ պատմեց. «Հանդիպումը կազմակերպվել էր Հադրութի կանանց եւ երեխաների խնդրանքով: Ինչպես հայտնի է, նրանք բողոքի ցույցեր էին անում դեսպանատների եւ միջազգային կառույցների դիմաց: ԱՄՆ դեսպանի կողմից առաջարկ եղավ ընդունելու նրանց, սակայն քանի որ կանանցից մեկը կորոնավիրուսով էր հիվանդացել, հանդիպումը հետաձգվել էր: Հադրութի կանայք իրենց խնդիրները բարձրաձայնեցին, իրավիճակը, որի միջով անցել են վերջին երեսուն տարում, այս պահի խնդիրները: Որպես առաջնային հարց՝ Հադրութի կանայք բարձրաձայնել են հայ գերիների խնդիրը: Հիմնականում խոսել են իրենք՝ որպես խնդրի առաջնային կրող:

Ես էլ, որպես իրավապաշտպան կառույցի ներկայացուցիչ, ներկայացրել եմ Արցախում եւ ՀՀ-ում մեր փաստահավաք աշխատանքի մի մասը: Նկատի ունենանք, որ դիվանագիտության մեջ կան որոշակի սահմանափակումներ, եւ դեսպանատանը չէին կարող ասել այն ամենը, ինչ մտածում էին: Բայց բավականին բաց զրույց էր: Ներկաները ճիշտ հասկացան իրար, փոխանցվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Արձագանքեցին, որ իրենք էլ են անհանգստացած վիճակով եւ գտնում են, որ հումանիտար մեծ խնդիր կա, պատրաստ են աջակցել: Չեն հստակեցրել, թե ինչ ծավալով, բայց փորձելու են իրականացնել հումանիտար աջակցություն: Գերիների խնդիրը, որպես համանախագահող երկիր, փորձելու են բարձրաձայնել:

Թե ինչ լուծումներ կլինեն, բնականաբար, որեւէ մեկը երաշխիքներ չի կարող տալ, որովհետեւ կողմերը շատ են, շահերը՝ ոչ համընկնող: Զրույցը սրա շուրջ էր, որպեսզի փոխանցենք իրավիճակը դեսպանին: Ինչպես ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, ԱՄՆ դեսպանը եւս ասաց, որ հանդիպումների, գործակցության համար իրենց դռները բաց են հանդիպման մասնակիցների առաջ: Ենթադրում եմ, որ մենք էլի կհանդիպենք դեսպանի հետ՝ արդեն քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տեղեկացրի, որ շատ ակտիվ եւ ոչ տեսանելի աշխատանք ենք իրականացնում հատկապես գերիների հարցով: Գուցե առանձին հանդիպենք եւս մեկ անգամ՝ հասկանալու համար, թե այս խնդրի առնչությամբ ինչ հնարավոր տարբերակներ կարող են գործի դրվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031