«Իրական կյանքում մարդիկ սրտացավ են, բայց երբ մտնեք սոցցանցեր, կհասկանաք, որ անպայման չարություն կա, ինչ-որ կեղտ են ուզում անպայման որոնել, ինչ-որ կերպ աղտոտել այս մարդասիրական քայլը»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մտավորականության բողոքի երթերի վերաբերյալ հանրային բացասական տրամադրվածությանը՝ ասաց դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր հերթական նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատանը:
«Երեւի այդ մարդիկ կորցրել են հավատը, քաղաքականացվել են: Չեն պատկերացնում իրենց կյանքն առանց հետին մտքերի: Իրենց շրջապատել են կեղծ իրականությամբ: Ավելի հեշտ է տանը նստել եւ քննադատել, մի ստատուս գրել եւ խղճի առաջ «մաքրվել»: Բայց մոռացել ենք իրական կյանքում պատասխանատու լինելու մասին: Բայց դա անճարությունից է գալիս: Գրեք նամակներ միջազգային կառույցներին, աղմուկ պետք է բարձրանա: Միջազգային կառույցները պետք է հասկանան, որ մտահոգություն կա, որ հայ ազգը չի լռում: Առաջնայինը գերիների հարցն է: Այլ գործերով պետք չէ շեղել մարդասիրությունից»,-նշեց Լուիզա Ներսիսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ