Լրահոս
Օրվա լրահոսը

Կհաղթենք, երբ բավարար չափով կսիրենք հայրենիքը և կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել. Հայկ Խանումյան

Դեկտեմբեր 01,2020 16:52

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոկտեմբերի 14-ից գտնվում եմ Հադրութի շրջանի Խծաբերդի ենթաշրջանում՝ նպատակ ունենալով օգնել աշխարհազորի կազմակերպմանը:

Տարբեր կապերի միջոցով շատ արագ հաջողվեց զինել Հադրութի տարբեր գյուղերի տասնյակ բնակիչների և կազմավորել ռազմական ստորաբաժանում, որը նոր որակի բերվեց մի քանի օր անց, երբ Ստեփանակերտից տեղ հասան զինվորական փորձառություն ունեցող ընկերները: Առաջին շաբաթվա ընթացքում մենք տեսնում էինք անկանոն փախչող պահեստազորայիններ և կանոնավոր փախչող ստորաբաժանումներ, իրավիճակին չտիրապետող ուղղության հրամանատարություն:

Հոկտեմբերի 15-ից ես խնդրում էի ԱՀ և ՀՀ իշխանություններին Կոռնիձոր-Խծաբերդ-Հադրութ ճանապարհի մոտով նոր ուղղություն ձևավորել: Հոկտեմբերի 21-ին ձևավորեց Բերձորի պաշտպանության համար ուղղությունը՝ գնդապետ Հրայր Թևոսյանի հրամանատարությամբ:

Ուղղությունն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները: Խծաբերդ-Խանձաձոր ուղղությամբ տեղակայվեց ՊԲ ստորաբաժանում՝ մայոր Գարրի Աբրահամյանի հրամանատարությամբ:

Ուղղության ձևավորումը կարևոր նշանակություն ունեցավ Հադրութի այս փոքրիկ կտորը պահպանելու համար: Մեր ջոկատը Գ.Աբրահամյանի ստորաբաժանումների, հետախուզական գումարտակի տղաների հետ մասնակցություն ունեցավ թշնամուն զսպելու և որոշ կարևոր բարձունքներ ազատագրելու գործում: Ես շնորհակալ եմ Թաղասեռ, Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի բնակիչներին՝ ինձ վստահելու և կարևոր գործ կատարելու համար:

Առաջիկա օրերին ես կներկայացնեմ մեր ջոկատի տղաներից ոմանց՝ իրենց պատմություններով: Այս տղաները մասնակցեցին մարտերի, իրենց դիրքերում անսասան մնացին ականանետի, տանկի, ՏՌ-107-ի, սմերչի հարվածների ներքո, բարելավեցին մեր դիրքերը Խծաբերդի ուղղությամբ և պատվով հանձնեցին հերթափոխը նոյեմբերի 30-ին: 45 օրվա մեջ այս հատվածում ես հանդիպեցի տարբեր լավ մարդկանց՝ եկած ՀՀ տարբեր մարզերից, Քաշաթաղի տարբեր համայնքների կազմակերպված խմբերի՝ շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանի մասնակցությամբ: Մեր ջոկատին օժանդակում և օգնում էին բազմաթիվ մարդիկ տարբեր վայրերից, որոնց նույնպես ընթացքում կանդրադառնամ:

Պատերազմներում պարտվում են կամ հաղթում: Ինչո՞ւ պարտվեցինք: Որովհետև բավարար չափով չէինք սիրում մեր Հայրենիքը և չգիտեինք ազգային նպատակներ դնել ու հասնել դրանց իրագործմանը:

Կհաղթենք, երբ բավարար չափով կսիրենք Հայրենիքը և կսովորենք ազգային նպատակներ դնել ու իրականացնել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031