Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորած զինծառայողների հարազատներին խոստացել են՝ երկու օրից խնդիրը լուծված կլինի, ՌԴ-ից ժամանած խումբն աշխատում է այդ ուղղությամբ

Դեկտեմբեր 01,2020 16:26

Անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների հարազատներն, որոնք այսօր բողոքի ցույց էին անում Էջմիածնի զորամասի մոտ, այն շարունակեցին պաշտպանության նախարարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

«42 օր գետնին մնացած դին դուք հասկանում եք՝ ինչ վիճակում է, բա չբերե՞ն իրենց էրեխեքին տան էս ժողովրդին։ Մենք միայն դա ենք ուզում, բերեն մեր էրեխեքին տան մեզ։ Իմ ամուսինը Կապանում է կռիվ տալիս, ես՝ ստեղ։ Ամսի 20-ին տղաս կնոջ հետ է խոսել, ասել՝ էլ չեմ կարող խոսել ու վերջ։ Ամսի 21-ին լուր եկավ, որ էդտեղ կռիվ է եղել ու էրեխեքը չկան։ Ամսի 27-ին իմ էրեխու հեռախոսից բոլորիս զանգ եկավ, չխոսացին, նամակ բան չկար, միայն մի ժամ միացավ ու անհասանելի դարձավ մինչ օրս։ Չգիտեմ՝ իմ էրեխեն անտառում է, չգիտեմ ՝ գերի, մահացած, տկլոր, սոված, անտառում, ցրտերն ընկել են, էդ էրեխեքը կարո՞ղ են էդպես ապրեն։ Քսանութ տարեկան է տղաս։ Հասկացանք, գնացել են հայրենիք պաշտպանեն, բա իշխանությունն էլ պարտավոր է զբաղվել, բա իրենք չե՞ն մտածում, որ իրենք էլ պիտի տեր լինեն զինվորներին»,-ասաց ցույցի մասնակից ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ հրամանատարների հետ ենք խոսել, ասել է՝ գեներալն է հրաման տվել․«Ո՞ւր է էդ գեներալը, թող գա պատասխան տա , ինչո՞ւ է էրեխեքին տարել անիմաստ ու բաց թողել։ Պահանջում ենք գեներալին ու նախարարին, թող գան հանդիպեն, պատասխան տան»։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ասացին, որ մի քանի օր առաջ պաշտպանության նախարարին են հանդիպել կառավարության շենքի մոտ, սակայն նա էլ որեւէ պատասխան չի տվել․«Թող էսօր գա ու պատասխան տա։ Մի ժամ է՝ կանգնած ենք, ոչ ոք դուրս չի գալիս, էլ համբերություն չունենք, էս ստերին էլ չենք դիմանում, մեզ մի հատ ճիշտ պատասխան թող տան, թող աշխատանքներ կազմակերպեն, մեր էրեխեքին հանեն էնտեղից, չգիտենք՝ դիերն են, ողջ են, թող բերեն մեր էրեխեքին։ Իսկ եթե նախարարն ի վիճակի չէ, թող հրաժարական տա»։

Ցույցի մասնակիցներն ասում էին՝ իրենց երեխաները պայմանագրային զինծառայողներ են եղել, սակայն մինչ օրս նրանց աշխատավարձը չի փոխանցվել։

«Հոկտեմբերի քսանմեկին դեպքը երբ տեղի է ունեցել, նրանց Կապանի զորամասից էին տարել, Աննա Հակոբյանն այնտեղ էր, ծնողների հետ հանդիպել էր, ասել՝ մի երկու օր էլ սպասեք, մի բան կանեն։ Արդեն քառասուն օր է՝ ոչ մի բան չեն արել»,-ասացին հարազատները։

Ցույցի մասնակից մի քանիսին ներս թողեցին նախարարություն, որտեղից խոստացել էին ընդունել չորս հոգուց կազմված խմբի։ Որոշ ժամանակ անց հանդիպման մասնակիցները դուրս եկան, նրանցից մեկը հայտնեց, որ հանդիպել են ինչ-որ գեներալի հետ․«Պարկեշտ մարդ էր, ասաց՝ գործողությունները գնում են, բայց այս խմորը շատ ջուր է ուզում։ Իրենք տեղեկացված են, գործողությունները մեծ փուլում են, եւ մենք սպասում ենք շատ շուտ այս հարցի պատասխանին։ Ասացին՝ որ թողնենք աշխատենք, ավելի շուտ կհասնեն հարցի պատասխանին։ Ասացին՝ ցույցեր չանենք, անընդհատ անհանգստացնում ենք։ Այս անգամ հստակ օր չասացին, երբ կլուծվի խնդիրը, հասկացանք, որ Ռուսաստանից էլ մեծ խումբ է եկել ու գործողություններ են անում։ Ասացին՝ այս երկու օրվա մեջ պատասխան կլինի։ Հիմա կթողնենք աշխատեն։ Իրենք ամեն ինչից տեղյակ են՝ էրեխեքը որտեղ են։ Սպասելու ենք այս երկու օրը, ինձ թվում է մենք հաստատ կստանանք այն պատասխանը, որը ուզում ենք, որ բողոքելու տեղ չենք ունենա»։

Ցույցի ժամանակ մի քաղաքացի, որը ինչ-որ ՀԿ-ի նախագահ էր, հայտարարեց, որ մեր գերիներին պահում են հատուկ, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անցնցում հեռանա։ Այս հայտարարությունը վրդովվեցրեց ծնողներին, որոնք այս քաղաքացուց պահանջեցին հեռանալ, նշելով՝ քաղաքականության մեջ մի խառնեք մեզ, հեռացեք։

Այս պահին անհետ կորածների հարազատները դադարեցրին բողոքի ցույցը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031