Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հարցին՝ ինչո՞ւ կառավարության հրաժարականի պահանջը հասարակության կողմից լայն արձագանք չի ստանում՝ ՀՅԴ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ մարդիկ սգում են. «Ժամանակը մոտ է, ես տեսնում եմ քաղաքական գործընթացներ, որոնք հանգեցնելու են կարճ ժամկետներում այս իշխանության հեռացումը: Վստահեցնում եմ, մարդիկ ուշքի են գալու, հասկանալու են այս ողբերգության հետեւանքները»:
Նա ասաց, որ պրոֆեսիոնալ, ազգային, վերկուսակցական աշխատանքով փոփոխություններ կլինեն:
Աղվան Վարդանյանը 13 հարց եւ բացահայտումներ էր արել: Մասնավորապես, նա նշել էր՝ «2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպե՞լ են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցե՞լ է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ փաստեր ունե՞ք, ո՞ր պաշտոնյաների մասին է խոսքը, որքա՞ն գումար են փոխանցել: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ այն, ինչ կատարվել է Հայաստանի, Արցախի հետ, մեր վաղվա պետական մարմինները, համապատասխան կառույցները, եթե այսօր կան, նաեւ այսօր պիտի իրականացնեն համապատասխան հետաքննություն, ստեղծեն քննիչ հանձնաժողովներ: Իմ ասածների մեծ մասը տիրապետում են շատ մարդիկ»: Նա ասաց, որ այսօր անուններ չի տա, բայց այս տվյալներին հավանաբար տիրապետում են նաեւ տարբեր երկրների համապատասխան մարմինները:
Աղվան Վարդանյանը հույս ունի, որ իմքայլական պատգամավորների մեծ մասը կգիտակցեն այս ողբերգության խորությունը, կգիտակցեն, որ կռապաշտությամբ հնարավոր չէ երկիր պահել ու իրենց որոշումը կկայացնեն. «Նրանք, ովքեր կգիտակցեն սա, ընտանիքներ, երեխաներ, ծնողներ ունեն, այս երկրում պիտի ապրեն, մասնակցեն այս պետության վերականգնմանը եւ այդ մարդկանց պետք է շանս տալ այսօր»:
Կարդացեք նաև
Աղվան Վարդանյանը 2018-ի մայիսի 1-ին, երբ ԱԺ-ն վարչապետ էր ընտրում, մարգարեական կանխատեսում էր արել: Այսօր, երբ լրագրողները հիշեցրին այդ մասին, Աղվան Վարդանյանն ասաց. «Ես առանց հիմքի ոչ մի բան չեմ ասի: Ես 2018-ի հուլիսին մի բան էլ եմ գրել: Մի քառատող կասեմ.
Արյուն եմ տեսնում,
նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սեւ պատարագ,
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան…
Ցավոք, ամեն ինչ այդպես էլ եղավ»,- եզրափակեց Վարդանյանը՝ ասելով, որ իհարկե, ամեն ինչ կտար, միայն թե կանխատեսումներն այսքան դաժանորեն չիրականանային:
Հիմա էլ Աղվան Վարդանյանը վստահ է՝ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց քաղաքական ուժերը կհամախմբվեն ու նրան կհեռացնեն, որովհետեւ նա «զրո շանս» ունի իշխանության մնալու: Իսկ թե ով կգա իշխանության՝ Աղվան Վարդանյանն ասաց հստակ մեկ բան՝ «Նիկոլից վատ չի լինի»: Նա հորդորեց եւս 3-4 օր սպասել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ