«Գրեթե չեմ ճանաչում մարդկանց, ովքեր համամիտ չեն, որ այս իշխանությունն օր առաջ պետք է հեռանա: Իմ կարծիքով՝ հասարակական ուժերն ու քաղաքական շարժումներն ավելի արդյունավետ կգործեն, եթե հավաքներում հարցը կենտրոնացվի մեկ ուղղությամբ՝ հրաժարականի»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «ԱրմՔոմեդի» քաղաքական-երգիծական հաղորդաշարի հեղինակ եւ վարող Նարեկ Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմում գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի պահանջով հայ մտավորականությունն այսօր հերթական նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատանը:
«Մեր մեթոդը երկու բաղադրիչ ունի: Մշակույթի գործիչները հանձնում են նամակները եւ կոչով դիմում հանրությանը՝ խնդրանքով, որ էլեկտրոնային նամակներ ուղարկեն միջազգային գերատեսչություններին: Հինգ րոպեում կարելի է մի քանի տասնյակ կառույցի նամակ ուղարկել, որը կազմել ենք ՄԻՊ գրասենյակի հետ»,-նշեց Նարեկ Մարգարյանը:
Նարեկ Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակում է անգլիալեզու նամակները եւ անհրաժեշտ էլեկտրոնային հասցեներն ու մարդկանց կոչ անում դրանք ուղարկել միջազգային կառույցներին:
Կարդացեք նաև
«Ամեն օր հայ գերիների խոշտանգումների նոր տեսանյութեր են հայտնվում: Անգամ գերիների հստակ թիվ չունենք, եւ դա էլ է մտահոգիչ: Երեկվա երթի ժամանակ հուզիչ դեպք եղավ: Մի աղջիկ էր եկել՝ ձեռքին սովետական համազգեստով զինվորի լուսանկարով: Ասաց, որ եղբայրն է՝ 27 տարի առաջ է գերի ընկել եւ չի վերադարձել: Աղջիկը եկել էր՝ որպես համերաշխության արտահայտություն: Մարդը 27 տարի՝ չի վերադարձել»,-պատմեց Նարեկ Մարգարյանը:
Նա նաեւ ասաց՝ իր համար էլ է անհասկանալի, թե ինչու են եռակողմ հայտարարությունում ամրագրված տարածքների հանձնման հստակ ժամկետները, մինչդեռ գերիների վերադարձի վերաբերյալ գրվածը լղոզված է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ