Ինչպես տեղեկացրել ենք, այսօր իմքայլականները հանդիպում ունեցան էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն ասաց, որ նախարարը տնտեսության զարգացման համար նորմալ պատկերացում ուներ. «Մենք մինչեւ իր նշանակումը հանդիպել ենք, քննարկել ենք բազմաթիվ տնտեսական հարցեր ու ապագայում կտեսնեք նաեւ նախարարի աշխատանքը»:
Հարցին՝ այսինքն, դուք կարծում եք, հաջորդ տարի երկնիշ տնտեսական աճ ապահովելու իր խոստումն իրատեսակա՞ն է՝ Համբարձումյանը պատասխանեց, որ՝ այո. «Եթե ուրիշ ֆորսմաժորային բան չլինի, ինչպես կորոնավիրուսը՝ կլինի»:
Պատգամավորն ասաց, որ ադրբեջանական կամ թուրքական ապրանքների հետ կապված քննարկմանը չեն անդրադարձել, բայց, ընդհանուր առմամբ, դրական կարծիք են ձեւավորել հանդիպումից:
Կարդացեք նաև
Համբարձումյանը Սյունիքից ընտրված պատգամավոր է, նա ասաց, որ Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին Հունան Պողոսյանի հետ չի խոսել, բայց մարզում ամեն ինչ նորմալ է. «Երեկ Սիսիանում եմ եղել, մեր զորքերը եւ ադրբեջանական, խաղաղապահ զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է: Հասել էին Կապան համայնքի տակը, ոչ մի արտառոց դեպք կամ խուճապ չկա Սյունիքում»:
Հունան Պողոսյանը, ըստ պատգամավորի, Սյունիքում մթնոլորտ է փոխել ու նախկին կրիմինալ միջավայրը էլ չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ». Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում ավելի ուշ հրապարակվեց հետեւյալ հերքումը. «Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի կողմից լրատվականներին տված հարցազրույցում, թե իբր մեր և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս և հասել են Կապան համայնքի տակ՝ հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Կապան համայնքի տարածքում սահմանազատման աշխատանքներ չեն իրականացվում»: