Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում կառավարությունում նոր կադրային փոփոխություններին՝ ուշագրավ պատասխան տվեց: Նա մեկ առ մեկ բնութագրեց բոլոր նորանշանակ նախարարներին. «Նիկոլը կառավարության անդամներ է նշանակում եւ ինչ-որ մեկն էլ ստորագրում է, այն մեկը որը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը, աբսուրդ: Եթե հիշում եք, պատերազմից հետո իր հերթական ելույթներում Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կառավարությունն ամեն ինչ արել է, հրաշալի է աշխատել, ինչո՞ւ էր փոխում, ումո՞վ է փոխում:
Հերթով անցնենք. ԿԳՍՄ, Վահրամ Դումանյան, երկար տարիներ սրա կուռքը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, նաեւ հիմա կուռքը Նիկոլն է: Ես կռապաշտ կրթության, մշակույթի նախարար չեմ պատկերացնում, դուք պատկերացնո՞ւմ եք: Այդ մարդը նախարար նշանակվելուց երեք օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը:
Պաշտպանության նախարարություն. Նիկոլը վերջերս խոսում էր բանակի արդիականացման անհրաժեշտության մասին, ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանը, ով քիմիկ պադվոդնիկ է, առաջնագծում երբեք չի եղել, ով ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, ով ըստ բանակի գլխավոր շտաբի նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈՒ-ին, խառնվել է կադրային հարցերին ռազմական տեխնիկայի մատակարարումներին…
Էկոնոմիկա. Menu.am, նախկին, ներկա բիզնեսները սնանկացրած Վահան Քերոբյան: Իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական, թուրքական շուկա:
Կարդացեք նաև
Մի բան հուշեմ, մեկ ուրիշ կայք կա՝ shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին, նշանակեն հեռահաղորդակցության նախարար, կապ՝ այն աշխարհի հետ:
ԱԳՆ, Արա Այվազյան. Պատերազմի օրերին՝ հոկտեմբերին հետ է կանչվել Մեքսիկայից, նշանակվել փոխարտգործնախարար, արցախյան բանակցություններից մղոններով հեռու, տեղեկացանք ԶԼՄ-ներից, որ հիմա էլ զբաղվում է Նիկոլի կնոջ հեռախոսազանգերով:
Արդյոք այս շղթան չի վկայում, որ հիմա էլ սա կարող է լինել շարունակվող ինչ-որ մի սցենարի մի պտուտակ: ԱԻՆ. չեմ ճանաչում, ամոթալի պարտության հերոս գեներալ, ամեն ինչ ասված է»:
Աղվան Վարդանյանն անդրադարձավ եւս մի նշանակման. «Կոտայքի մարզպետ նշանակվեց արտաքին տպավորությամբ «Իմ քայլը» խմբակցության տղամարդ Սասուն Միքայելյանի աներձագը: Հրազդանի քաղաքապետն էլ նրա տղան է: Դուք ասեք՝ որտե՞ղ է այսօր Սասունը»:
Աղվան Վարդանյանը տարակուսած էր՝ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ նախագահ է եղել, նրա մահվան կապակցությամբ Սասուն Միքայելյանը մի բառ ասե՞լ է, կամ նոյեմբերի 9-ից հետո առհասարակ ասե՞լ է:
Ըստ Աղվան Վարդանյանի, այս բոլոր նշանակվածները ԱԹՍ-ներ են. «Մեջը մարդ չկա, բայց ավերներ կարող են գործել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ