«Դեռեւս 2018 թվականից սկսած՝ մենք հայտարարում էինք, որ սա իր բնույթով ոչ թե քրեական գործ է, այլ սա քրեական գործի քողի տակ քաղաքական հետապնդում է»,-այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը չի միջամտում դատավարական գործերին, երբ նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերցնելու համար խնդրել է մեղադրող կողմին չառարկել:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին ֆեյսբուքյան գրառմամբ որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ եթե միջնորդություն ներկայացնեն, ինքը կխնդրի, որ մեղադրանքի կողմը չառարկի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վերադարձնեն:
Ըստ Հայկ Ալումյանի՝ այս ընթացքում իրենք բազմիցս ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. «Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունը մեզ համար նորություն չէր, դա պարզապես եւս մեկ ապացույց էր, որ այստեղ առկա է քաղաքական հետապնդում: Սա եւս մի ապացույց է, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանի խամաճիկն է, եւ այս գործով, ուղղակի, հնազանդ կերպով կատարում են Փաշինյանի քմահաճույքները»:
Փաստաբանն ասաց, որ այս պահին դատախազներին բացարկ հայտարարելու հարց դեռ չի քննարկվել` չնայած, որ նրանք ենթակա են բացարկի. «Ամեն ինչ տեղի է ունենում գլխավոր դատախազի գիտությամբ եւ նրա ցուցումներով եւ դժվար է պատկերացրել, որ եթե այս երկու դատախազներին հեռացնեն եւ մեկ ուրիշը գա, ի՞նչ կարող է դրանից փոխվել: Այդ ամեն ինչը կատարվում է գլխավոր դատախազի ուղղակի միջամտությամբ եւ այս դեպքում դատախազներին բացարկ հայտնելն ուղղակի անիմաստ է»:
Կարդացեք նաև
Հայկ Ալումյանը լրագրողների հարցերին պատասխանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ այսօր պետք է տեղի ունենար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը, սակայն հետաձգվեց:
Հայկ Ալումյանը կարծիք հայտնեց նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հետ հանդիպման մասին:
«Ոչ թե Նիկոլ Փաշինյանը հանդիպեց դատավորների հետ, այլ նա կանչեց դատավորներին եւ դատավորների այն հատվածը, որին դուք տեսաք, շտապեցին ներկայանալ, կարելի է ասել, վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա կողքը: Դա շատ ցավալի է: Եթե մենք հավակնում ենք քաղաքակիրթ աշխարհի մաս կազմել, ապա, գործադիր ճյուղը չպետք է կարողանա դատավորներին սուլոցով կանչել իր նստավայր կամ՝ հրահանգել, որպեսզի գան նստավայր: Իսկ դատավորներ էլ պետք է ունենան բավարար չափով մասնագիտական արժանապատվություն, որպեսզի եթե վարչապետը հանդգնի իրենց կանչել՝ չգնան»,-ասաց Հայկ Ալումյանը: Ըստ նրա, սա եւս մեկ ինդիկատոր է, որ մեր դատական համակարգը բավականին լուրջ դիրք զբաղեցնող անձիք պատրաստ են վարչապետի կամակատարը հանդիսանալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ