Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցը մենք կարող ենք լուծել բանակցություններով, որը չի ստացվում կամ պատերազմի միջոցով». Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը` Զանգելանում որոնողական աշխատանքների մասին

Դեկտեմբեր 01,2020 14:38

«Երեկ Նաիրին (Նիկոլ Փաշինյանի օգնական-Ն. Գ.) կոնկրետ մեզ ասաց, որ այս հարցը մենք կարող ենք լուծել բանակցություններով, որը չի ստացվում, կամ պատերազմի միջոցով: Հիմա մեր ծնողներն այնտեղ են, որ գնան ու կրակոցներով մտնեն Զանգելան, թուրքը գա հասնի Երեւան, Էջմիածին, ո՞վ է պատասխան տալու»,- այսօր Էջմիածնի զորամասերից մեկի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի մասնակից անհայտ կորած զինծառայողներից մեկի կինը: Տիկնոջ հավաստմամբ, երբ իրենք վարչապետին հորդորել են`ամեն ինչ անել, որ որոնողական աշխատանքներ իրականացվեն, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Եթե այդքան ռեսուրս լիներ, պատերազմը կշարունակեինք»:

«Ես իմ տունը կվաճառեմ, զենք կառնեմ`կանեմ, թող ասեն՝ Հայաստանը հարձակվեց, թող գան հասնեն Էջմիածին, եթե այլ տարբերակ չկա»,- բարկացավ անհայտ կորածներից մեկի եղբայրը: Հարցին`կարծում եք, որ կառավարությունը համակերպվե՞լ է այդ իրավիճակին, մեկ այլ ցուցարար պատասխանեց. «Ոչինչ էլ չենք կարծում, իրենց պատասխաններն ենք փոխանցում, հետեւությունները դուք արեք»: Նա նաեւ հավելեց. «Վարչապետն ասաց`երկու օր հետո կզանգեն`չզանգեցին»:

Զորամասից ցուցարարներին պատասխանել էին, որ Զանգելանի հատվածում այսօր-վաղը որոնողական աշխատանքներ են իրականացվելու: Ի դեպ, ավելի ուշ, զորամասի հրամանատարը հստակեցրեց`այսօր-վաղը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար թույլտվություն կլինի, բայց անհայտ կորածների հարազատները չեն հավատում: «Երեկ Նաիրի Սարգսյանը մեր ներկայությամբ տարբեր տեղեր է զանգահարել եւ ասել, որ հստակ ոչինչ ասել չի կարող»,- ասաց անհայտ կորածներից մեկի եղբայրը:

Արդեն հստակ է`6-7 զինծառայող գերեվարված է: Կարմիր Խաչի ներկայացուցչությունում նրանց փոխանցել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Իսկ որոնողական աշխատանքներ սկսելու մասին եթե պաշտոնապես հայտարարվի`ցուցարարները մի քանի օր էլ կսպասեն, այլապես կդիմեն ՌԴ դեսպանատուն`օգնության խնդրանքով, քանի որ արդեն վստահ են`«մեր պետությունն անզոր է»:

Անհայտ կորածներից մեկի հայրը տեղեկացրեց, որ 45 օր անց որդուց լուր է ստացվել. «Երեկ զանգել է քրոջս տղուն, Viber, WhatsApp-ով կապի է եղել, ուղղակի մեր հեռախոսն է անհասանելի եղել… Էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում… երեխեն փաստացի կապի է եղել, որ մենք այսինչ տեղն ենք, ուղղակի մենք չենք կարողացել կապվենք: Քրոջս տղուն է զանգել, կապ չի եղել, մինչեւ միացրեցինք`ինքը դուրս եկավ: Էս ինչ երկրում ենք ապրում, ոչ ոք չի կարողանում ընդառաջի մեզ: Ռուսաստանից հատուկ պատերազմի համար եկավ, ամսի 27-ին եկավ: Երկու ամիս է՝ մեզ ստեղից-ընդեղ են տանում-բերում, ոչ ոք չի կարողանում բացատրի`էս ուղղությամբ գնացեք: Ի՞նչ է լինելու երկրի վիճակը, մեկը կա՞, որ մեզ բացատրի… մեր ղեկավարությունը շատ թույլ է աշխատում, շատ թույլ`վերեւից մինչեւ ներքեւ: Ստից աշխատավարձ են ստանում: Գնանք Ալիեւի՞ն դիմենք, ընդառաջի`մեր երեխեքին տա.. է՞դ է մնում… 45 օր փաստացի ասում ենք՝ էսինչ տեղն է իմ երեխան`մի օր ասում են`Ղարաբաղի կապը չկա, մի օր`էս է-էն է: 27 տարի պահել-մեծացրել ենք, Մոսկվայից գա`Ղարաբաղի համար գնա կռվի, էսօր ինձ էսպես պատասխանե՞ն: Սաղ էլ պորտաբույծ են, ձրի փող ուտողներ են»:

Անհայտ կորածներից մեկի եղբայրն էլ մանրամասնեց`խնդիրը ոչ թե ինչ-որ մի հրամանատարի կամ զորամասի հետ է կապված, այլ ողջ Հայաստանի. «Ի սկզբանե կազմակերպվածության, զենքի, հանդերձանքի, հետախուզության տվյալների հետ կապված եւ այլն, ամեն ինչով էլ թերություններ եղել են ու մինչեւ այսօր բոլոր կառույցներում թերությունները շարունակվում են`սարսափելի ձեւով: Ամենաբարձր մակարդակով հարց ես տալիս`ասում են`մենք անկարող ենք: Եղբայր, երեխա տալուց մենք կարող ենք, վերադարձնելուց`դուք անկարո՞ղ: Հստակ տվյալներ կան`զանգեր, Viber-ով sms-ներ, մեկը գրել է ծղոտներում ենք, մեկը գրել է`էստեղ ենք, տվյալները կան, մենք ամբողջը տվել ենք: Մինչեւ իրար հետ հավաքվելը յուրաքանչյուր ծնող էլ կաշվից դուրս է եկել, որ անհատական կարողանա իր երեխուն օգնի: Եկավ հասավ էն պահը, որ ձյուն է եկել… ինչքա՞ն սպասենք. էնքան, որ ամեն ինչ վերջանա՞, 15 հոգու նկարները, տեսանյութերը կան, որ իրենք արդեն գերության մեջ են… մեզնից շուտ հասան (ադրբեջանցիները-Ն. Գ.), մենք անկարող ենք, մենք չենք կարող, սպասում ենք ՌԴ-ին… ասում են`հասկացեք`մեր դիմացը թշնամի է. ո՞նց կարա մի ծնող հասկանա, որ մեր դիմացը թշնամի է ու իր երեխան անտառներում սոված-ծարավ, դանդաղ մահանում է` վիրավոր, արյունաքամ լինելով: Բա գնալուց էդ տղան, որ իր երեխաներին թողեց`հասկանալով, որ սեղանին իր կյանքն է, չէր հասկանո՞ւմ, որ դիմացը թշնամի է: Հարց ես տալիս`պատասխանը չկա: Համար մեկ դեմքը դեմքիդ է նայում ու չի կարողանում պատասխան տա»:

Նրանք տարակուսած են եւ վրդովված ու պատրաստ են ցանկացած քայլի դիմել: Ասում են. «Մենք չենք ուզում մեր երկրի անունը գցենք, ասում ենք`թող ամուր լինի, բայց էսօր արդեն ծնողները լրատվամիջոցներով Ալիեւի անունն են տալիս, ի՞նչ անեն: Ամեն օր կարող ես նույն մարդուն, նույն կառույցին զանգահարել`ջանասիրաբար տվյալները կվերցնեն, քեզ կթվա, թե վերջ`կզբաղվեն: Հաջորդ օրը նորից կզանգես`նույն ջանասիրությամբ կվերցնեն նույն տվյալները… ամենասարսափելին այն է, որ մի կառույցը չի, դա՝ բոլորն են»:

Անհայտ կորածների հարազատները հայտարարեցին, որ անկախ ամեն ինչից`հետամուտ են լինելու, որ բոլոր պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն:

Նրանք ցույցը կշարունակեն ՌԴ դեսպանատան մոտ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031