Այսօր ԱԺ-ում իմքայլական պատգամավորները փակ հանդիպման էին էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ: Հիշեցնենք, որ Քերոբյանը menu.am-ի սեփականատերն է:
Նիստից հետո լրագրողների բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ հարցերին չի պատասխանում, մեկնաբանություն չունի, Վահան Քերոբյանը կպատասխանի: Քերոբյանը նույնպես հարցերի չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քերոբյանը խոսել էր նոյեմբերի 9-ին Արցախի հողերի հանձնման փաստաթղթի եւ տնտեսության մեջ դրա ընձեռած հնարավորությունների մասին ու ասել. «Օրինակ, մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը Ռուսաստան և այլ երկրներ հասցնել ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Կբացվեն թուրքական նավահանգիստները, կհայտնվեն շատ ավելի լայն հնարավորություններ։ Հնարավոր է ՝ բացվի ադրբեջանական շուկան մեր ապրանքների համար և մեր շուկան Ադրբեջանի համար»:
Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանը, հարցին՝ ձեզ հետ հանդիպմանը նա նույն տեսակետը հաստատե՞ց ու ձեզ համար ընդունելի՞ է իր ասածը՝ պատասխանեց. «Խնդրում եմ, էլի ամեն մի բառի, տառի վրա աղմուկներ ստեղծելը ոչ մի տեղ չտանող է: Եթե մենք մեր ապրանքները կարողանանք վաճառել Ադրբեջանում, դրա մեջ որեւէ վատ բան տեսնո՞ւմ եք դուք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ