Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստորագրված համաձայնությունը բեկանման կամ բարեփոխման ենթակա չի և գործընթացը առաջ է շարժվում սրընթաց, անկախ մեր ցանկությունից կամ ոմանց կողմից հանրությանը մատուցվող սին խոստումներից. ՍԴՀԿ

Դեկտեմբեր 01,2020 12:38
SDHK

ՍԴ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը իր խոր մտահոգությունն է արձանագրում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ:

Եռակողմ համաձայնության ստորագրումից ավելի քան երեք շաբաթ անց, չեն դադարում երկիրը ապակայունացնող և հասարակության մոտ ատելություն, խուճապ ու հուսահատություն սերմանող կոչերն ու հայտարարությունները: Ավելին, ընդդիմադիր ուժերը, լուծումներ առաջարկելու փոխարեն՝ դիտավորյալ ու շեշտված կերպով օգտագործում են նախկին իշխանության ծառայող մամուլն ու խորհրդարանի ամբիոնը՝ երկրում անիշխանության ու քաոսի թյուր երեւույթ ստեղծելու նպատակով:

Ճակատագրական այս պահին, երբ բառացիորեն գծվում են Հայաստանի և Արցախի սահմանները, երբ ունենք ռազմագերիների և անհետ կորածների անհետաձգելի հարց, գաղթականների հարց և երբ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը՝ խլելով օրական տասնյակ կյանքեր, թվում էր, թե Հայաստանի պետական շահը վեր դասելով հատվածական շահերից, համախմբում պիտի տեղի ունենար պետականության շուրջ այդ հրատապ խնդիրները լուծելու հրամայականով, այլ ոչ թե հերթական պատեհ առիթ՝ օրինական իշխանության հեռացման պահանջի:

Հասկանալի է, որ պարտությունը առաջացրել է շատ ծանր բարոյահոգեբանական վիճակ համայն հայության մոտ և ինչպես բոլորը, Հնչակյան կուսակցությունը եւս բազմաթիվ հարցադրումներ ունի ներկա իշխանության՝ պատերազմի ամբողջ ընթացքի մասին, սակայն հաստատապես համոզված ենք, որ հիմա չի այդ պահը: Ավելին, այս կրիտիկական ժամանակահատվածում, երբ բոլորիս ջանքերն ու ուշադրությունը պիտի բացառապես ուղղված լինեն առկա անհետաձգելի հարցերի լուծման, անտեղի և անիմաստ ենք համարում ստեղծված իրավիճակի համար մեղավորներ, անմեղներ ու դավաճաններ փնտրելու հանրային բանավեճը, որ, անշուշտ, պետք է կայանա, սակայն միայն այն ժամանակ, երբ անկախ ու անաչառ հետաքննության արդյունքում հանրությունը իրազեկ կդառնա փաստերին ու ամբողջական պատկերին:

Մյուս կողմից, անառարկելի փաստ է, որ ստորագրված համաձայնությունը բեկանման կամ բարեփոխման ենթակա չի և գործընթացը առաջ է շարժվում սրընթաց, անկախ մեր ցանկությունից կամ ոմանց կողմից հանրության մատուցվող սին խոստումներից: Հետեւաբար, մեզ ուրիշ ելք չի մնում, քան գտնել մեր մեջ ուժ և խոհեմություն, այս ծանր ձախողությունից նոր հնարավորություն կերտելու, որ անհնար է առանց միաբանության: Ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, անկախ ներկա իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքից կամ տարակարծություններից՝ համագործակցության ձեռք մեկնել նրան, իսկ իշխանությանը հորդորում ենք՝ համախոհության մթնոլորտ ստեղծելուն միտված գործնական քայլեր ձեռնարկել, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարենք այս դժվարագույն հանգրվանը:

Ս.Դ.Հ.Կ Կենտրոնական Վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031