Դավիթ Կատանյանը կամավոր է, Մասիսից: Նրա երեք ընկերները եւ եղբայրը անհայտ կորած են: 42-րդ օրն է՝ նրանցից լուր չկա: Դավիթն այսօր, այլ անհայտ կորածների հարազատների հետ Էջմիածնի զորամասերից մեկի մոտ ցույց էր անում:
Այդ օրը նույն զորամասից մեկնածների հետ ինքն էլ է եղել: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց. «Մեզ տարել են`A կետից B կետը պիտի գայինք, բայց չգիտեինք՝ B կետը որտեղ է: Գնացել ենք ու ընկել ենք իրանց (ադրբեջանցիների-Ն. Գ.) մեջ, շրջափակման մեջ»:
Հարցին`ինչպե՞ս է իրեն հաջողվել դուրս գալ շրջափակումից, նա պատասխանեց`«մի կերպ» ու հավաստիացրեց, որ չեն փախել, ոչ ոք չի փախել, շրջափակումից դուրս եկածները, պարզապես հրաշքով են փրկվել, այդ թվում նաեւ հրամանատարը: Շրջափակումից դուրս գալիս նա եղբորն ու ընկերներին չի տեսել, հեռու են եղել: Ծնողներից մեկն ասաց`նահանջի հրաման է եղել: Դավիթը պատասխանեց. «Հրաման չի եղել, մեզ հրամանատար չի եղել: Կոնկրետ մեր 12 հոգին չենք ունեցել: Իսկ սարի հետեւում ունեցել ենք գեներալ`իր անձնակազմով, որի մեջ զորքը չի մտցվել: Օգնություն էլ ենք ուզել`չի եկել: Մենք դուրս ենք եկել հինգ հոգով, հետո, երեք հոգի քիմիկներից են դուրս եկել, իսկ հաջորդ օրը նոր քիմիկների հրամանատարը դուրս է եկել: Մարտի մեջ էր մնացել, մարդը մեղք չունի: Հրամանատարը մեղք չունի, իրեն հրաման են տվել, ինքը կատարել է, բայց ինքը չի իմացել: Մենք 12 հոգին պիտի առաջ գնայինք, 50 հոգի քիմիկները հետեւը մնային: Բայց մենք գնացել ենք`մտել ենք միանգամից իրենց (ադրբեջանցիների-Ն.Գ.) մեջ… Կոնկրետ էս գործողությանը ուղարկել է գեներալ Մակարյան Անդրանիկը (լուսանկարում): Թող դուրս գա`պատասխան տա»: Գեներալ Անդրանիկ Մակարյանը, ըստ ծնողների, «Կապանի թեւն է պահել»:
Դավիթը վարկած չունի` շրջափակման եւ մարտի մեջ մնացած տղաները գերի՞ են, թե՞ զոհվել են: Միայն մի հարց ունի. «Եթե մեզ ուղարկում են գործողության, չենք գնում`մեզ պատասխանատվություն է հասնում, բայց հիմա ո՞վ պիտի պատասխան տա…»:
Կարդացեք նաև
Անգամ այս իրավիճակում, պատրաստ է օգնել`տղաներին գտնեն. «Եթե խոսք տան, որ իմ դիակը հետո կհանեն ու կբերեն տուն`ես հիմա պատրաստ եմ մտնել`տղերքի համար»:
42 օր անհայտ կորածներից մեկի հայրն էլ պատմեց, որ մեկնածները չպետք է հասնեին մարտական գործողությունների այդ կետ, այլ մոտ հինգ կիլոմետր հեռու`ավազահանքի տարածքում, պետք է դիրքավորվեին, ինչի՞ է ուղեկցողը նրանց հասցրել այդտեղ`հայտնի չէ. «Գյուղապետը, որ պիտի իրենց սպասեր ավազահանքի տարածքում էնտեղ չի եղել: Հասել են էնտեղ, էդ ամեն ինչից հետո (շրջափակման մեջ հայտնվելուց-Ն. Գ.), երբ որ ուղեկցողը փախել է, իր մեքենայով հետ է եկել, գյուղապետն ասել է`բա ո՞ւր են ժողովուրդը, ասել է`ընդեղ կռիվ է գնում… Էս ամեն ինչը սարքա՞ծ է, ի՞նչ է… էդ երեխեքին տարել են, որպես գլխաքանա՞կ, մարդահաշի՞վ: Դավաճանական ինչ-որ բաներ կա ստեղ»:
Անհայտ կորածներից մեկի քույրն էլ որեւէ կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ են նրանց մարտական գործողության տարել`առանց համապատասխան հանդերձանքի: Եղբայրը սպա է, զանգահարել է իրեն ու ասել, թե չգիտեն`որտե՞ղ են ու ինչո՞ւ են առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի. «Երեխեքի մի մասն էլ քնած է եղել ավտոբուսների մեջ, արթնացել են կրակոցներից…Եթե պետությունն այդքան անկարող է`մենք զենք էլ կբերենք, ամեն ինչ էլ կանենք, միայն գնանք գոնե մեր երեխաների դիակները հանենք բերենք»
Անհայտ կորածներից մեկի եղբայրն էլ պատմեց, որ նոյեմբերի 9-ի հրադադարից մինչ օրս այդ հատվածում ոչ մի որոնողական աշխատանք չի կատարվել: Ցուցարարների պահանջը նաեւ այն է, որ այդ հատվածում էլ որոնողական աշխատանքներ կատարվեն: Պատրաստ են իրենք էլ մասնակցել որոնողական աշխատանքներին:
Ցուցարարները տեղեկացրեցին, որ ծնողների մի մասն էլ այս պահին զուգահեռ ցույց են անում Կապանի զորամասի մոտ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ