Պայմանագրային եւ ՄՈԲ-ի համալրումով համալրված զինծառայողների ծնողները Էջմիածնի զորամասերից մեկի մոտ բողոքի ցույց են անում: Պատերազմի առաջին օրերին այս զորամասից 60 հոգի ռազմաճակատ է մեկնել, 34-ից առ այսօր տեղեկություն չկա:
«Էս զորամասից են երեխաներին տարել ու տարել են իբրեւ հատուկ ջոկատայիններ, բայց սա քիմիկոսների զորամաս է, ինքը Հայաստանում միակն է այդպիսին ու իրենք չէին կարող այստեղից հատուկ ջոկատային տանել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց անհայտ կորածներից մեկի մայրը`հավելելով, որ նրանք նույնիսկ զրահաբաճկոն ու սաղավարտ չեն ունեցել, որովհետեւ իրենց հաստիքով չի տրամադրվում: «Երեխեքին տարել են առանց զրահաբաճկոնի` հատուկ գործողություն կատարելու, էդ երեխեքը զոմբի՞ են, ի՞նչ են, թե՞ պիտի կրակեն՝ իրենց միջով փամփուշտը անցնի՝ ոչ մի բան չլինի՞»:
Անհայտ կորածներից մեկի հայրն էլ տեղեկացրեց, որ 16 հոգի վերադարձել է, նրանց մեջ նաեւ հրամանատարներն են. «Իրենք վախեցած են՝ ոչ մի բան չեն պատմում: Ասում են`մենք իրավասու չենք, որ կարողանանք դուրս հանենք, մենք չենք կարա ոչ մի բան անենք, պետությունը պիտի անի»:
Անհայտ կորածներից մեկի մայրն էլ`Անահիտը, լրագրողներին պատմեց հետեւյալը. «Ճանապարհին գալուց իրենք իրար մեջ որոշել են (խոսքը 16 փրկվածների մասին է-Ն. Գ.), որ իրենց միայն փրկել է Արսեն Աբգարյանը, որը չգիտես ինչի՞ միայն ինքն է դուրս եկել մարտի դաշտից: Երեխեքն առաջին օրը` ոչ ադեկվատ վիճակում փորձել են զանգեն տեղեկացնեն`էս ի՞նչ վիճակ ա, մենք չգիտենք ո՞ւր ենք ընկել, ի՞նչ ենք անում ու արդյունքում եկել հասել է քանի օր…Իրանք ոչինչ չեն ասում, բայց դա մարտավարություն չի, իրենք ավելի լավ էր ասեին, պատմեին ու մենք սկսեինք մեր գործողությունները: Անցել է 42 օր, ես երեկ հերթով զանգում եմ բոլոր էդ տղերքին, ովքեր դուրս են եկել`իրենք ոչ մի բան չգիտեն, ոչ մի բան չեն հիշում…»
Կարդացեք նաև
Այս ծնողները հոկտեմբերի 24-ից դռներ են թակում, իրենց ոչ մի պատասխան չեն տալիս: Նաեւ ՊՆ-ում են եղել, Կարմիր խաչում, նաեւ`վարչապետի հետ են հանդիպել`ասում են`ապարդյուն. «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ էդ հինգ շրջաններն անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն ա, ոչ մի ձեւ չի կարողանում Կարմիր Խաչը համագործակցի իրենց հետ. պիտի սպասենք: Մեր երեխեքը եղել են Կապանում ու չգիտես ո՞նց, այսինքն, գիտենք թե ովքե՞ր են ուղարկողները, իրենք հայտնվել են Զանգելանում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ անհետ կորածների հարազատների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից