Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր ստանալիքի համար գրաֆիկ է սահմանում, հայկական կողմը մեզ համար մեր թանկի՝ մեր տղերքին վերադարձնելու համար որևէ գրաֆիկ չի սահմանում. Արթուր Համբարձումյան. «Փաստ»

Դեկտեմբեր 01,2020 11:53

Միգուցե մեկ կամ մեկուկես տարի առաջ կարողանայինք ասել, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, բայց այս պարագայում մենք գործ ունենք ուղղակի կառավարման չգոյության հետ: Իսկ կառավարման ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ, օրինակ՝ խորհրդարանը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնել, չի կարողանում կայացնել որոշումներ՝ ինչ-ինչ քաղաքական կամ քաղաքագիտական պատճառներից ելնելով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «ՀՀ-ում չկա քաղաքական կառավարում, ինչի մասին նաև ավելի վաղ եմ փաստել: Իսկ թե ինչու երկիրը վերջնականապես քաոսի չի վերածվում, որովհետև մինիմալ լիազորություններով բյուրոկրատական միջին օղակը փորձում է կայացնել ընթացիկ կառավարչական որոշումներ՝ այսպիսով զերծ պահելով վերջնական քաոսից: Այնուամենայնիվ, այսօր չկա պառլամենտ, կառավարություն գոյություն չունի:

Այսօր շատ ավելի մոտ ենք քաոսին, այսպես շարունակվելու դեպքում ավելի ենք մոտենալու: Երկիրն ամբողջապես քաոսի վերածելու հավանականությունը մեծանալու է, որովհետև չկա քաղաքական կառավարում, չկան մարմիններ, որոնք պատասխանատու են իրենց լիազորությունների ու գործողությունների համար: Այս պարագայում վաղ թե ուշ ամբողջական քաոսի ենք հանգելու: Ընդհանուր առմամբ, ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը»:

Ն. Փաշինյանը շարունակում է «գաղութի առնետների» մտածելակերպով ավիրել ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը, ինչը իրեն, մեծ հաշվով, հաջողվել է: Կեղծիք, սուտ, խառնակչություն, մարդկանց խղճի վրա խաղալ. Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը սա է: Պարզապես նման մարդու խոսքին լուրջ վերաբերվել պետք չէ: Ես վերջերս մի հոգեբանի հետ էի խոսում: Հարցրի՝ Փաշինյանի գործողությունների մեջ անմեղսունակության հատկանիշներ տեսնո՞ւմ եք: Նա դրական պատասխան տվեց: Սա հոգեբանի կարծիք է, և խնդիրն ամենևին վիրավորելը չէ:

Սա այն մարդկանց բնորոշումն է, ովքեր չեն կարողանում գիտակցել իրենց գործողություններից հետո բխող և իրենց բաժին ընկնող պատասխանատվությունը: Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 10-ին: Այդ օրը մի իրավիճակում էինք, երբ հայկական վերահսկողության տակ էին տարածքներ, որոնք պահանջում էր Ադրբեջանը, և ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ էին հարյուրավոր հայ գերիներ: Այս փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանը մեզանից ստանալիք ուներ, մենք՝ Ադրբեջանից: Ադրբեջանը իր ստանալիքի համար հստակ գրաֆիկ է սահմանում, որն ամրագրվում է այդ փաստաթղթի մեջ, հայկական կողմը մեզ համար մեր թանկի՝ մեր տղերքին վերադարձնելու համար որևէ գրաֆիկ չի սահմանում»,-ասաց Ա. Համբարձումյանը՝ ընդգծելով, որ երբեմն կան իրավիճակներ, երբ դրանք գնահատելու համար դժվար է գտնել բառեր, որոնք նորմատիվային, քաղաքագիտական լեքսիկոնից դուրս չեն գա: «Բառ չունեմ ասելու, սա ի՞նչ հանցագործություն է:

Չեմ պատկերացնում, բայց հուսով եմ, որ այս հողի վրա վերջապես քաղաքական առումով կծնվի մեկը, որը կկարողանա այդ բեռն ու պատասխանատվությունը վերցնել: Մեզ «смиритель» է պետք, շատ կարճ ժամանակ անց պետք է նաև խորհրդարան, որը կազմված կլինի բացառիկ քաղաքական միտք ունեցող ու բացառիկ արդար մարդկանցից: Այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ուղղակի վերահսկողություն սահմանել այն մարդու նկատմամբ, որը պետք է իրականացնի գործադիրի կառավարումը: Եթե այս երկու հանգամանքները չեղան, մենք տանուլ ենք տալու նաև Հայաստանն այնպես, ինչպես Արցախը: Եթե չկարողացանք ինքնակազմակերպվել այս ամենի շուրջ՝ մեր բանը բուրդ է»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031