Ֆրանսիայի սենատն օրերս քննարկեց եւ ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը: Բանաձեւից ակնկալվող հնարավոր արդյունքների մասին «Առավոտ»-ը զրուցել է սահմանադրական եւ միջազգային իրավունքի փորձագետ Արտաշես Խալաթյանի հետ:
– Պարոն Խալաթյան, իրավաքաղաքական տեսանկյունից ի՞նչ նշանակություն կունենա այս փաստը, եւ որքանո՞վ են հիմնավոր ակնկալիքները, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը թափ է ստանալու:
– Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւն ինքնին կարեւոր նշանակություն ունի Արցախի միջազգային ճանաչման հարցում, քանի որ, ըստ էության, առաջին անգամ է, երբ որեւէ պետության, այն էլ՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող երկրի խորհրդարանը նման բանաձեւ է ընդունում: Դրանով փաստացի ճանաչվում է Արցախի Հանրապետությունը, առնվազն արձանագրվում է Արցախի Հանրապետության անկախության փաստը, եւ կոչ է արվում կառավարությանը որոշակի կոնկրետ քաղաքական գործողություններ իրականացնել՝ գործնական կետի վրա ամրագրելու Արցախի Հանրապետության ճանաչման փաստը: Նախկինում եղել են ԱՄՆ եւ այլ երկրների ՏԻՄ մակարդակով Արցախի ճանաչման փաստեր, որոնք ուժեղացնում են Արցախի թիկունքը, սակայն Ֆրանսիայի խորհրդարանի դեպքում իրողությունն աննախադեպ է եւ դրական գործընթացի սկիզբ կարող է դառնալ:
– Ոգեւորվածության ֆոնին հայ հասարակության երեւի զգալի մասի ուշադրությունից վրիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի՝ բանաձեւի վերաբերյալ դիրքորոշումը: Նա ասաց, որ Արցախի անկախությունը ճանաչելը կլինի միակողմանի քայլ, որն օգուտ չի տա կողմերից որեւէ մեկին, ավելին՝ շեշտեց, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի հռչակած անկախությունը:
Կարդացեք նաև
– Շատերը Ֆրանսիայի ԱԳՆ-ի արձագանքը դիտարկեցին որպես խորհրդարանի եւ կառավարության միջեւ հակասություն, ոմանք էլ թերագնահատեցին խորհրդարանի ընդունած բանաձեւի կարեւորությունը, սակայն ամրագրենք, որ Ֆրանսիայի օրենսդիրի իրավաքաղաքական ակտը կարող է փոփոխվել կամ վերացվել միայն խորհրդարանի կողմից համանման իրավաբանական ուժ ունեցող ակտի ընդունմամբ: Այսինքն, այլեւս փաստ է, որ Ֆրանսիայի պետական քաղաքականության հիմքում ընկած է այն փաստը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դա հստակ ֆիքսված է նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձեւում, որում «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիմքերն են շարադրված, ամրագրված է, որ Արցախն ու Հայաստանն Ադրբեջանի կողմից եւ Թուրքիայի գործուն աջակցությամբ ենթարկվել են արտաքին ագրեսիայի, որ վտանգված է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, որ արցախահայերը չեն կարող ապրել Ադրբեջանի կազմում: Այլեւս իրողություն է, որ Ֆրանսիայի պետական քաղաքականությունը չի կարող շեղվել այս ուղեգծից, եւ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող ճանաչվել: Այսպիսով, Ֆրանսիան դարձավ առաջին պետությունը, որը, փաստորեն, ամրագրեց այս իրողությունը:
Դառնալով Ֆրանսիայի ԱԳՆ արձագանքին. այն վերաբերում է այն փաստին, որ այս պահին գործադիր իշխանությունը նպատակահարմար չի գտնում այս բանաձեւը կիրարկելու, այսինքն՝ գործնական քայլեր ձեռնարկելու դիվանագիտական ներկայացուցչությամբ (օրինակ՝ Արցախում դեսպանատուն կամ հյուպատոսարան հիմնել) կամ այլ գործուն քայլեր ձեռնարկելու՝ Արցախի անկախության ամրագրման ուղղությամբ: Սակայն դրանով ԱԳՆ-ն չի հերքում, որ փաստը գոյություն ունի, այսինքն, չի հերքում, որ Արցախն ինքնորոշված պետություն է: ԱԳՆ-ն չի հերքում խորհրդարանի արձանագրած փաստը, պարզապես այսօր ձեռնպահ է մնում կոնկրետ դիվանագիտական քայլերից՝ գործնականում կիրարկելու այդ բանաձեւը: Ցավոք, մեզանում իրավաքաղաքական իրողությունների ընկալումները ոչ միշտ են ճիշտ: Իսկ փաստն այն է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին պետությունն է, որը ձեռնամուխ է եղել Արցախի կարգավիճակի ճանաչման եւ ամրապնդման գործընթացին, որը կարող է երկար տեւել: Սա Ֆրանսիայի պետական քաղաքականությունում սկիզբ դրված արմատական վերափոխում է՝ հօգուտ Արցախի եւ ՀՀ-ի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.12.2020